Չարաշահումներն Աշտարակի հիվանդանոցում

Չարաշահումներն Աշտարակի հիվանդանոցում
Աշտարակի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սենսացիոն դեպքերի եւ բացահայտումների պակաս վերջին տարիներին չի զգացվում: Ամիսներ առաջ հիվանդանոցում ՀՀ վերահսկիչ պալատի հերթական ուսումնասիրության արդյունքում պարզվել է. «Ձեւակերպված կանչի թերթիկներում բացակայում են հիվանդի կամ հիվանդատիրոջ ստորագրությունը, հեռախոսահամարը»:



Սա խոսում է կանչերի կեղծ լինելու մասին, սակայն դրանք գրանցվել ու վերածվել են փողի` պետական գանձարանից դեպի սեփական գրպան: Մեկ այլ դեպքում, դարձյալ ՎՊ-ի բացահայտումներից՝ «2008-2010թթ. ֆինանսավորվել, սակայն փաստացի չեն կատարվել հղիների նախածննդյան եւ հետծննդյան հսկողության ընթացքում իրականացված թվով 976 լաբորատոր-գործիքային հետազոտություններ»:



Մենք անդրադարձել էինք անցած տարի բժիշկների հանցավոր անփութության պատճառով օշականցի 27-ամյա Մարինե Ներսիսյանի մահվան հանգամանքներին: Անդրադարձել ենք նաեւ հիվանդանոցի մանկական եւ վիրաբուժական բաժանմունքների «քթի տակ» հայտնված սգո սերվիս ծառայությանը:



Այդ հրապարակումից անմիջապես հետո հիվանդանոցի ղեկավարությունը հանեց ծառայության հսկայածավալ ցուցանակը, սակայն՝ ընդամենը մի քանի օրով: Հետո բերվեց երկրորդ դիակառքը: Ասում են՝ այդ ծառայությունն արժե 130-150 հազար դրամ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Աշտարակի բնակիչներն ահազանգել են առողջապահության նախարարին, վարչապետի վերահսկողական ծառայությանը, սակայն դրանից հետո էլ բան չի փոխվել:



Բժիշկ Աշոտ Հովհաննիսյանը, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գտնվելով արձակուրդում, իր ստորագրությամբ այդ ամիսներին տեղեկանքներ է տրամադրել վարորդական իրավունքի վկայականի համար դիմած քաղաքացիներին: Իսկ այդ պարտականությունը կատարող Գագիկ Պողոսյանի վրա «գործ են սարքել»՝ մոզայիկ տեսողությամբ հիվանդ, Կարբիի բնակիչ Կարապետ Հունանյանին տեղեկանք տրամադրելու համար:



Բժիշկը զրկվել է ազատությունից, իսկ երկու-երեք ամիս անց նույն Կարապետ Հունանյանին Աշտարակի հիվանդանոցից տեղեկանք են տվել լիարժեք առողջության համար, որով վերջինս ձեռք է բերել վարորդական իրավունք: Ի դեպ ասենք, որ պետպատվերի շրջանակներում դիմող հիվանդներն անվճար կարող են օգտվել միայն մահճակալներից:



Նորայր Գրիգորյան