Ի՞նչ են պահանջում թերթերից

Ի՞նչ են պահանջում թերթերից
Երեկ, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, որոշեցինք քաղաքացիների շրջանում  հարցում անցկացնել եւ պարզել, թե մասնավորապես հայկական թերթերն այսօր բավարարո՞ւմ են մեր հասարակությանը՝ որպես ինֆորմացիա ստանալու աղբյուր, եւ առհասարակ՝ ինչպիսի նյութերի պակաս է զգացվում հայկական թերթերում:



Ի դեպ, զրուցակիցներս գրեթե միակարծիք անվստահություն հայտնեցին հեռուստատեսությունների նկատմամբ՝ իբրեւ օբյեկտիվ ինֆորմացիայի հաղորդման միջոցի: Տեսակետները ներկայացնում ենք առանց լրագրողական միջամտության:



Կորյուն Հակոբյան - Ես ընդհանրապես արծվի բարձրությունից եմ նայում կյանքին եւ տեսնում եմ, որ երկիրն էրոզիայի են ենթարկում: Իսկ մանրամասներն ինձ չեն հետաքրքրում. թե անտառում որ ծառը փչացավ, որը կտրեցին՝ զգում եմ, որ անտառը չորանում-վառվում է: Թե քանի ծառ կա, ով կտրեց՝ կարեւոր չէ: Իսկ եթե կոնկրետ, ապա ոչ մի լրատվամիջոցի չեմ վստահում, շաբաթը մեկ թերթ եմ կարդում, այն էլ որպեսզի իմանամ ում սպանեցին: Սա խուժան, պոռնիկ երկիր է: Իսկ երկիր ասելով՝ պետք է հասկանալ ղեկավարությանը: Կոնկրետ ես մամուլի կարիքը չունեմ, մեծ հաշվով երկրի վիճակը ես տեսնում եմ:



Աշոտ Աբրահամյան - Այսօր ընթերցողն ընդհանրապես կարիք ունի հավաստի, ճշգրիտ ինֆորմացիա ստանալու: Նաեւ մեր թերթերում գրեթե բացակայում են վերլուծությունները: Այսինքն ինձ, որպես քաղաքացու, այսօր հետաքրքրում է Հայաստանի անցյալի եւ ներկայի գլոբալ վերլուծությունը. ոչ անցյալ ենք ունեցել, ոչ ապագա ենք ունենալու շուտով, որովհետեւ քաղաքական այս թոհուբոհի մեջ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում:



Ավելին՝ լավատեսական խոսք եմ ուզում թերթերում տեսնել, որ իմ երեխեքի համար վաղն էս երկրում ապագա տեսնեմ: Ցավոք, լավատեսական ոչինչ չեմ տեսնում...Կյանքն է այդպիսին, այո, պատճառը ղեկավարներն են, բայց նաեւ մամուլի հաղորդած հակասական ինֆորմացիան՝ մի օր այսպես, մի օր այնպես,  ինձ ոչ մի հույս չի ներշնչում: Լավ, եթե ոչ մամուլից, ապա որտեղի՞ց ինֆորմացիա ստանանք: Չնայած ազատ մամուլը լռեցնելու համար հիմա մի այնպիսի հաղթարշավ է սկսվել, որ դժվար է շատ բան սպասել մամուլից:



Դատարաններ, մեծ գումարներ՝ դրա դեմը պետք է առնել: Որտեղ չկա դեմոկրատիա, ազատ մամուլ, ուրեմն դա ստրկական համակարգ է: Հետեւաբար այսօր գրեթե բոլոր թերթերը, բացառությամբ մեկ-երկուսի, կարծես միայն բամբասանք են գրում: Խորանալով հոդվածի էության մեջ՝ պարզում ես, որ ըստ էության ոչինչ չեն հաղորդում: Սենսացիոն վերնագրերի տակ գրեթե ոչինչ չի ներկայացվում:



Սոնա Զաքեւոսյան - Եթե մեր երկրում մեկ-երկու քիչ թե շատ անկախ թերթերն էլ չլինեին, մեզ կթվար Շվեյցարիայում ենք ապրում: Մնում է մեր իշխանությունները կարեւորեն անկախ մամուլի դերը եւ թերթերին չդարձնեն իրենց քմահաճույքների թիրախը: Այսօր պետք է հասկանալ, որ մանավանդ օրաթերթի ռեժիմի պարագայում այնքան էլ հեշտ չէ ինֆորմացիան եւ ստանալը, եւ այն ստուգելը, եւ ներողամիտ լինել, իհարկե, անկախ թերթերի նկատմամբ:



Ընդհանրապես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է թեկուզ փոքրիկ ինֆորմացիայով կամ դիտարկմամբ նպաստի համեմատաբար անկախ թերթերի աշխատանքներին:



Սուսաննա Գասպարյան - Այսօր շատ չեմ հավատում նաեւ մեր մամուլի անաչառությանը: Ընդհանուր առմամբ, ճշգրիտ ինֆորմացիայի պակաս է զգացվում:



Նառա - Թերթերին վստահում եմ ավելի շատ, քան մնացած լրատվամիջոցներին, պարզապես ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն կա ամեն օր 100 դրամ հատկացնել թերթին: Այդուհանդերձ կարծում եմ՝ վերլուծական նյութերի պակաս է մեծապես զգացվում եւ լրագրողական տեսակետի բացակայություն: