Տկարամտությո՞ւն, պատվե՞ր, թե՞ հանցավոր պայմանավորվածություն

Տկարամտությո՞ւն, պատվե՞ր, թե՞ հանցավոր պայմանավորվածություն
Բաց նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանին



Հայոց լեզվի դպրոցական դասագրքերի վերջին մրցույթի մասին շատերը լսել են, սակայն խիստ կարեւոր տեղեկատվության պակաս դեռեւս կա: Այսօր մեր ձեռքին են հայոց լեզվի մեր հեղինակած դասագրքերը գնահատողների կարծիքները։



Հայոց լեզվի բազմահազար ուսուցիչներին հետաքրքրում է, թե ովքե՛ր են այդ երեք ուսուցիչները։ Ձեզ անշուշտ զեկուցել են, թե գտել են փորձառու ուսուցիչների։ Գրեթե վստահ ենք, որ փոխնախարար Մ. Մկրտչյանն առանց լուրջ մտածելու դա որպես փաստ կներկայացնի իր առաջիկա հարցազրույցներում։ Թե ովքե՛ր են հայոց լեզվի դպրոցական դասագրքերի ճակատագիրը վճռել, ներկայացնում ենք Ձեր եւ հանրության ուշադրությանը.



Սերիկ Պարսամյան. Երեւանի թիվ 68 դպրոցի ուսուցչուհի։ Հաղթող հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի երեխաների ուսուցչուհին, ընդունելության քննության` Մեյթիխանյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ, ընտանիքի բարեկամ։



Աշխեն Հովհաննիսյան. Երեւանի Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի ուսուցչուհի (երկարօրյայում)։



Անահիտ Ավանեսյան. ըստ Ձեր հրամանի` Երեւանի թ. 119 դպրոցի ուսուցչուհի, որի հիմնական աշխատավայրը թիվ 45 դպրոցն է (որքան մեզ հայտնի է, Ձեր մայրն այս դպրոցում է աշխատում)։



Ավելորդ ենք համարում կրկնել, որ նրանք վաստակավոր ուսուցիչ չեն, գիրք ու հոդված չեն գրել, հայտնի չեն իրենց մանկավարժական ձեռքբերումներով, մեդալի չեն արժանացել իրենց անբասիր աշխատանքի համար եւ այլն, եւ այլն։ Հարմար են եղել, բայց ի՞նչ անելու համար։ Դասագիրք գնահատելո՞ւ։ Ահա, խնդրեմ, ներկայացնում ենք երեք ուսուցիչների ստորագրած եզրակացությունն ամբողջությամբ (այն ձեռագիր է)։ Ոչ մի շտկում չենք անում, այդ թվում` պարբերությունները չենք ճշտում, բառ չենք ավելացնում ու պակասեցնում։ Միաժամանակ չենք գնահատում գրվածքի գրագիտությունը` ուղղագրական, կետադրական, մտքի սխալները, ոճը։ Դա թող անեն հանրապետության ուսուցիչները, հայկական դպրոցում սովորող աշակերտների ծնողները։



Ահա այս եզրակացությունն է եղել մեր հեղինակած դասագրքերի դատավճիռը.



«7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների դասագրքերում (01-1) նկատել ենք որոշ թեմաների բացակայություն, որոնք նախատեսված են պետական ծրագրով: Բոլոր դասարանների դասագրքերում բացակայում է նախորդ դասարանում անցած նյութերի կրկնությունը, որ նախատեսված է պետական ծրագրով: 8-րդ դասարանում պետք է անցնեն «Շաղկապ» թեման, սակայն այն զետեղված է 9-րդ դասարանի դասագրքում բարդ նախադասությունն ուսումնասիրելիս իբրեւ կապակցման միջոց։ «Շարահյուսություն» բաժնում բացակայում է «Ընդհանուր գիտելիք»-ը, որը կա ծրագրում։ Չեն ընդգրկվել «Բառակապակցություն», «Նախադասություն, նրա բնորոշ հատկանիշները», «Անվանական եւ բայական միակազմ նախադասություններ» թեմաները։ Նկատվում է միջառարկայական կապի միօրինակություն։ Կարծում ենք, հեղինակային խումբը դասագիրքը կազմելիս շեշտն այնքան էլ չի դրել տարիքային առանձնահատկությունների վրա։



Տեսական նյութն աշակերտն առանց միջամտության կդժվարանա ինքնուրույն յուրացնել։ Դասագրքերում ընդգրկված չեն թեստային առաջադրանքներ (հիմնականում 7-8-րդ-ում)։



Դասագրքերը դժվարամարս են, ձգձգված։ Հեղինակային խումբը փորձել է նյութը մատուցել յուրովի, սակայն, կարծում ենք, ստացվել է ավելի խրթին։ 15.04.2011թ»։



Խոսուն գրություն, անգրագիտության եւ անտեղյակության հրավառություն։ Հայոց լեզվի դասագիրք գնահատող երեք ուսուցիչ, եւ այսպիսի վայրիվերո շարադրանք, ոչ մասնագիտական խոսք։ Հստակ երեւում է, որ դասագրքերը չեն կարդացել. միայն վերնագրերին են թեթեւակի ծանոթացել։ Մեր գիտական, մանկավարժական աշխատանքի գնահատականն ա՞յս եզրակացությամբ պիտի տային։ Կարծեք առաջին անգամ էինք դասագիրք գրում, պետական ծրագիրն էլ չէինք կարողանում կարդալ։ Ողբա՜մ զձեզ...



Այս գրությունը կարդացած մրցութային հանձնաժողովը չի՞ կարկամել, չի՞ ապշել գնահատողների անտեղյակությունից, չի՞ տեսել, որ դրածոներն իրենց իսկ ձեռքով մատնում են իրենց։ Հնարավոր է` անտեղյակ մարդը մի պահ զարմանա. այս ինչքա՜ն պակաս բան կա, ա՛յ մարդ, կիսատ-պռատ գրքեր են երեւի։ Տեղյակ մարդը, սակայն,  կապշի` կարդալով վերոհիշյալ կիսագրագետ շարադրանքը։ Ի՞նչ անուն տալ սրան`  տկարամտությո՞ւն, խոր տգիտությո՞ւն, անտեղյակությո՞ւն, պատվե՞ր, թե՞ հանցավոր պայմանավորվածություն։



Դասագրքերի մրցույթին ըստ կարգի պիտի ներկայացվեին 7-րդ եւ 8-րդ դասարանների դասագրքերի 60%-ը, 9-րդի` 40%-ը։  Մենք, իհարկե, ավելին ենք ներկայացրել: Եթե գնահատող ուսուցիչներն իրենց մի քիչ էլ նեղություն տային ու համեմատեին պետական ծրագրի հետ, ապա ուրիշ «պակասող» թեմաներ էլ կգտնեին: Բայց ժամանակ չեն ունեցել, եւ թերեւս կարիքն էլ չկար. կարեւորը ցածր նիշերով մեզ եւ հեղինակային մյուս խմբին դուրս մղելն էր` մեկի ճանապարհը հարթելու նպատակով։ Իսկ ձեռագիր մեկ էջ սեւացնելն ու այն ստորագրելը երկրորդական բան են համարել` մտածելով, թե արխիվի փոշու մեջ անվերադարձ կկորչի։ Իրենց հովանավորող ուժը կհոգա դրա մասին։



Վստահաբար կարող ենք ասել, որ ուսուցիչների այս եզրակացությունը հանցավոր համաձայնության արդյունք է, այդ ժամանակահատվածում գնահատող ուսուցիչների ստանձնած պաշտոնական դիրքի չարաշահում:



Խախտված է մրցույթի ամենակարեւոր պայմանը. մեզանից փաստորեն պահանջվել է դասագրքերի 100%-ը։



Մենք մրցույթի բովանդակային շեմը չենք հաղթահարել հենց այս կողմնակալ մոտեցման հետեւանքով։ Երեք ուսուցիչների եզրակացությունը պարզորոշ ցույց է տալիս, որ գործ ունենք կոռուպցիայի երեւույթի հետ։



Մենք խորապես վրդովված ենք, որովհետեւ մրցույթի կազմակերպիչները եւ կատարողները վիրավորել են մեր մասնագիտական արժանապատվությունը, մեծապես վնասել մեր անունը։



Ձեզանից, պարո՛ն նախարար, ակնկալում ենք հետեւյալ հարցերի պատասխանները.



Հարց 1. Մի՞թե մեր հեղինակային խումբը պարտավոր էր ներկայացնել ամբողջական դասագրքեր։



Հարց 2. Մրցույթի հաղթող հեղինակային խումբը դասագրքերի քանի՞ տոկոսն է ներկայացրել, եւ արդյո՞ք նման հանցավոր վերաբերմունք է դրսեւորվել այդ դեպքում:



Հարց 3. Ի՞նչ կարգով են ընտրվել հիշյալ ուսուցիչներին։



Հարց 4. Ձեզ գոհացնո՞ւմ է ուսուցիչների այս եզրակացությունը։



Հարց 5. Ո՞վ է պատասխանատու պետական նշանակություն ունեցող այս գործի ձախողման համար։



Հարց 6. Ինչպե՞ս եք փորձում շտկել այս վիճակը։



Հարց 7. Ո՞վ պետք է վերականգնի մեզ հասցված բարոյական վնասը։



Հուսով ենք, որ այս նամակը որոշակի լույս կսփռի դասագրքային գործարքի մի շարք մութ կետերի վրա եւ կնպաստի հարցի շուտափույթ եւ ճիշտ լուծմանը։



ՀԳ - Նախատեսում ենք շուտով անդրադառնալ նաեւ դասախոսների (Լեւոն Եզեկյան, Գայանե Խալաթյան, Անահիտ Գալստյան) կարծիքներին։ Իհարկե, պատկերն այլ է, սակայն հետաքրքրական բացահայտումներ այստեղ էլ կանենք։



Դավիթ Գյուրջինյան, Նարինե Հեքեքյան