«Գրպանային փաստաբանների», «ողջամիտ» վարձատրության եւ զրպարտչական արտահայտությունների մասին

«Գրպանային փաստաբանների», «ողջամիտ» վարձատրության եւ զրպարտչական արտահայտությունների մասին
2005թ.-ից գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հիման վրա կազմավորվեց ՀՀ փաստաբանների պալատը՝ դառնալով նախկինում գործող փաստաբանական 3 միությունների իրավահաջորդը: Բնագավառի մասին է մեր զրույցը ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի հետ:



- Փաստաբանների հայկական միությունը, Հայ փաստաբանների միջազգային միությունը եւ Փաստաբանների միջազգային միությունը, որին կարող էին անդամակցել հայ ազգի փաստաբանները, միաբանվեցին մեկ կառույցում: Սա Ձեր պրակտիկ գործունեության մեջ տեղաշարժեր արձանագրե՞ց եւ նպաստե՞ց արդյոք փաստաբանների վարկանիշի բարձրացմանն առհասարակ:



- Միավորումն իհարկե՝ շատ ճիշտ պրակտիկ քայլ էր: Ինչպես հին ասացվածքն է ասում, գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Իսկ նախկինում գործում էր «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Բերեմ մի օրինակ, որ ավելի համոզիչ դարձնի ասածս:



Քրեական մի գործի առնչությամբ նախաքննության մարմնի  ներկայացուցիչը՝ ոմն քննիչ, աշխատասենյակ էր եկել եւ պահանջում էր, որ իրեն տրամադրեմ համակարգիչս՝ գործին վերաբերող ինֆորմացիան ստուգելու համար: Ես հրաժարվեցի տալ:



Դրանից հետո գործը բարդացավ, հարցը քննվեց նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանում, հետո էլ` շատ-շատ այլ ատյաններում, ակտիվ միջամտություն հանդես բերեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: Արդյունքում ես կարողացա ապացուցել, որ ցանկացած քննիչ իրավունք չունի պահանջել փաստաբանի մասնագիտական գաղտնիքներն ամփոփոխ ինֆորմացիան` այդպիսով նախադեպ ստեղծելով Փաստաբանների պալատի բոլոր այն 700 անդամների համար, ովքեր ապահովագրված չէին նմանատիպ այլ իրավիճակներից:



Ի դեպ, կոնկրետ այս դեպքի առնչությամբ պալատի անդամները պատրաստ էին միանալ ինձ ու շարունակել պայքարը օրենսդրական բոլոր հնարավոր ճանապարհներով: Ահա թե ինչու է միաբան լինելը մեր պարագայում կարեւոր:



- Պարոն Զոհրաբյան, շատ փաստաբաններ լրատվամիջոցներով շարունակ բողոքում են իրենց վստահորդներից, քաղաքացիների կողմից դրսեւորվող իրավագիտակցության պակասից: Նմանատիպ դժգոհություններն անհի՞մն են, թե՞ ոչ:



- Ես նմանատիպ վիճակագրության չեմ հանդիպել, սակայն նկատել եմ, որ նույնիսկ մեկ դժգոհ հաճախորդը խլում է մնացած ութին: Իսկ յուրաքանչյուր գոհն իր հետ բերում է եւս հինգ ուրիշների: Ասեմ նաեւ, որ փաստաբանական ծառայություններից գոհ հաճախորդները 56% են կազմում:



- Իսկ այն դեպքերում, երբ փաստաբանը դավաճանել է իր վստահորդին, ի՞նչ փոխհատուցում է նախատեսվում: Եղե՞լ են դեպքեր, երբ դատախազը բողոք է բերել դատախազություն այս կամ այն գործի վերաբերյալ, սակայն մեղավոր փաստաբանն իր հասանելիքն  այդպես էլ չի ստացել` մնալով անպատիժ:



- Եթե վստահորդի շահերին դավաճանել են, ըստ մեր կանոնակարգի, փաստաբանների 11 անդամներից բաղկացած պալատի խորհուրդն է հարուցում վարույթը փաստաբանների էթիկայի կանոնների խախտման հիմքով: Օրինակ` մեզ հայտնի են «գրպանային փաստաբաններ», որոնք համաձայնության են գալիս իմիջի հետ եւ նախաքննության փուլում իբրեւ կասկածյալի շահերի պաշտպան հանդես գալով, վերջինիս վրա հոգեբանական ճնշում գործադրելով ու վախեցնելով՝ ընդամենը 5 հազար դրամի համար փաստաթղթեր են ստորագրել տալիս հենց այն պահին, երբ մարդուն պատրաստվում են ձերբակալել:



Ընդ որում՝ լինում են դեպքեր, երբ նման մարդիկ փաստաբանական կրթություն ընդհանրապես չեն ունենում, իսկ հետո գործը վարող իրական փաստաբանի միջոցով արդեն դատական վարույթի փուլում ամեն ինչ իսկույն ջրի երես է ելնում: Ընդգծեմ, որ այս հնարքը նախաքննության մարմնի կողմից կիրառվում է այն դեպքում, երբ փորձում է պարտակել քրեական գործը:



- Զարգացած երկրներում անհամեմատ բարձր են դատավորի, դատախազի եւ փաստաբանի վճարները: Մեր երկրում փաստաբանությամբ զբաղվելը եկամտաբե՞ր գործ է արդյոք: Դատելով Ձեր ձեռքի թանկարժեք շվեյցարական ժամացույցից, կարծում եմ, որ գոնե Դուք դժգոհելու պատճառներ չունեք:



- Այո, չեմ դժգոհում: Բացի ՀՀ  փաստաբանների պալատի փոխնախագահ լինելը, ես ղեկավարում եմ նաեւ «Զոհրաբյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն, վստահորդների շատ մեծ բանակ ունեմ, եւ իմ ամսական հասույթն այս ընկերությունից կազմում է 2 մլն դրամ:



- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նոր` 1087.1 հոդվածով (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները) լրատվական գործունեություն իրականացնողների դեմ ներկայացվող պահանջներով  նախատեսված փոխհատուցման նվազագույն աշխատավարձի` վիրավորանքի դեպքում` 1000-ապատիկի, զրպարտության դեպքում՝ մինչեւ 2000-ապատիկի չափով պահանջից բացի, ներկայացվում են փաստաբանի վարձատրության փոխհատուցման պահանջներ, որը վերջին ժամանակահատվածում կազմում է միջինը 2 մլն դրամ:



- Օրենսգրքի Ձեր նշած 1087.1 հոդվածով զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը (լրատվական գործունեություն իրականացնողը), հետեւաբար հայցվորը շատ անելիք չունի դատարանում:



Նույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված փոխհատուցման մեծ սակագների մասով պալատի խորհուրդը գտնում է, որ փաստաբանի ողջամիտ վարձատրության չափը չի կարող գերազանցել`



1. վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորված պատվի եւ արժանապատվության պահանջի գործով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից,



2.  իսկ վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջի գործով` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից:



- Օրենսգրքում «ողջամիտ» կամ «խելամիտ» վարձատրության հասկացությունն է օգտագործվում: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված «Հրապարակ» օրաթերթին ներկայացված դատական ծախսերի այդօրինակ անողջամիտ չափը:



- «Հրապարակ» թերթի պարագայում տուժող կողմն իրեն հասցված վնասի դիմաց, տվյալ դեպքում՝ հասցված վիրավորանքի համար, պատասխանողից պետք է պահանջեր ոչ ավելի, քան 200 հազար դրամ՝ իբրեւ փաստաբանին վճարված ծախսերի փոխհատուցում: Սակայն այս դեպքում պատասխանողին ներկայացվել է 3 մլն դրամի չափ գումար:



- Փաստորեն, բարոյական վնասի փոխհատուցման օրենսդրական որեւէ նորմ այդպես էլ չամրագրելով (ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է), սահմանել ենք մարդու պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը, ինչի համար թիրախ են դարձել միայն լրատվամիջոցները: Նույն քաղաքական դաշտի շատ այրեր՝ տարբեր մակարդակներում, տարբեր մակարդակներով, ազատորեն կարող են ամենաանպարկեշտ արտահայտություններ օգտագործել եւ պատասխանատվության չենթարկվել:



- Ցավոք, այդպես է: Սույն օրենքով նախեւառաջ խոցելի ու անպաշտպան են դառնում լրատվամիջոցները:



Գայանե Նուրիջանյանց