Մի՛ վնասիր, կամ հորդորս բողոքի մի վերածեք

Մի՛ վնասիր, կամ հորդորս բողոքի մի վերածեք
Ավանի եւ Նոր Նորքի սոցապահովության տարածքային բաժնի պետ Ա. Մարտիրոսյանին



պատճենը` Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տ. Հարություն Ավագյանին  պատճենը` ՀՀ ՍԴ արհկոմի նախագահ Ռ. Չոբանյանին



Ս.թ. մարտի 9-ի դիմումիս (Փարիզի Ռենե Հյուգնան կլինիկայում բուժվող կնոջս` ՀՀ քաղաքացի Գ. Ռ.-ի հասանելիք կենսաթոշակը ստանալու վերաբերյալ) 15.03.11թ. թիվ 56/-14 գրությամբ պատասխանել էիք.



Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակը ենթակա է վճարման ՀՀ-ում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում գործունեություն իրականացնող նոտարների կողմից վավերացրած լիազորագիրը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում: Ձեր կողմից վերը նշված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Դուք կարող եք ստանալ Ձեր կնոջ հասանելիք կենսաթոշակը օրենքով սահմանված կարգով»: «Ինչպես վարվել» հարցիս պատասխանեցիք.



«Սպասեք՝ Ձեր կինը վերադառնա: Այլ տարբերակ չկա»: Զրույցի ժամանակ գտաք, որ սխալ է, բայց մերժեցիք Ֆրանսիայում գործող որեւէ նոտարի կամ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի կողմից վավերացված լիազորագիր ներկայացնելու տարբերակը: Ձեր գրավոր պատասխանում, ըստ էության, անուղղակիորեն վկայակոչելով ԱՊՀ երկրների միջեւ Մինսկում կնքված համաձայնագիրը միայն, մեղմ ասած, «մոռանում եք», որ ՀՀ-ն պետություն է՝ Եվրախորհրդի անդամ, միացել է փաստաթղթերի ճանաչման մասին եվրոպական համաձայնագրին, դրա միջոցով Եվրախորհրդի անդամ պետությունների հետ ունի պայմանավորվածություն: Սա Դուք եւ Ձեր համակարգի ղեկավարները պետք է իմանաք, ոչ թե մենք: Այժմ Ձեզ եւ Ձեր համակարգի  ղեկավարներին մի փոքր զարմացնեմ. մեջբերեմ Ձեր կողմից հղված 35-րդ հոդվածի 9-րդ կետի դրույթը.              «ՀՀ-ի հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն  մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով»: Վստահ եմ հասկացաք՝ «...մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի...»:



Արդ. կրկին ներկայացնում եմ ՀՀ քաղաքացի Գ. Ռ.-ի` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի կողմից վավերացված լիազորագրից անհրաժեշտ հատվածները.



Ես` ՀՀ քաղաքացի Գ. Հ. Ռ.-ս, 2010թ. հոկտեմբերի 13-ից մինչ այսօր բուժվում եմ Ֆրանսիայի Սեն-Կլու քաղաքի Ռենե Հյուգնանի օնկոլոգիական հիվանդանոցում: Լիազորում եմ ամուսնուս` ՀՀ քաղաքացի Գ. Շահվերդյանին, ստանալ իմ բացակայության ընթացքում կուտակված եւ հետագայում ինձ հասանելիք հաշմանդամության թոշակային գումարները՝ մինչեւ իմ վերադարձը ՀՀ, հանդես գալ իմ անունից ՀՀ տարածքային եւ կենտրոնական սոցապ բաժիններում, տալ իմ անունից դիմումներ, անել հայտարարություններ, մուծումներ, ստորագրել իմ փոխարեն եւ կատարել բոլոր գործողությունները` կապված սույն հանձնարարության հետ: Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով:     13.4.2011թ. սույն լիազորագիրը վավերացված է իմ` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոս Հ. Ս.-ի կողմից:



Լիազորագիրը ստորագրված է քաղաքացի Գ. Հ. Ռ.-ի կողմից` իմ ներկայությամբ: Նրա ինքնությունը, գործունակությունը եւ իրավունակությունը ստուգված են:



Գրանցված է սեղանամատյանում 96/2011



Գանձված է պետական տուրք



կնիք  Հյուպատոսական բաժնի վարիչ ստորագրություն



Պահանջում եմ անհապաղ կամ գոնե մինչեւ 10.06.11-ը վճարել կնոջս կես տարվա թոշակը: Չնայած առավել քան վստահ եմ, որ այս դիմումս արդեն չեք մերժի, այնուամենայնիվ, պահանջս որեւէ պատճառաբանությամբ մերժելու դեպքում ընդունեք համապատասխան վարչական ակտ, որպեսզի բողոքարկեմ ՀՀ վարչական դատարանում: Ստացվում է, որ մեր պետությունը իր մի լուրջ թերություն-թերացումը (կոռուպցիա) շտկելու ճանապարհին մի ծայրահեղությունից հայտնվում է մյուսում (մարդու իրավունքների անտեսում): Հորդորս բողոքի մի վերածեք:



Գագիկ Այգեհատցի Շահվերդյան, ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական սբ. եկեղեցու հետեւորդ, բժիշկ