Իսկական կինո

Իսկական կինո








«Ավտովթար» - Կանադացի Դավիթ Կրոնենբերգը դասվում է այն կինոբեմադրիչների շարքը, որոնց մասին միանշանակ չես կարող որեւէ բան ասել. նա կարող է նկարահանել ինչ խելքին փչի, մի խոսքով` «խփնված ռեժիսոր» է: «Ավտովթարն» էլ հենց իր թեմատիկայով ու ոճով լիովին համապատասխանում է այս չափորոշիչին:



Ուրիշ ի՞նչ անուն տաս այն հոգեվիճակին, երբ ամուսինները կարող են սեռական հարաբերությունների ժամանակ առավելագույն հաճույք ստանալ բախվող մեքենաների ձայնից ու դրան հաջորդող բոլոր մարմնական հետեւանքներից: Այս արտառոց ֆիլմին փրկում է նրա անկեղծությունը, իսկ դերասանական կազմը գլխավորում է կանադացի Էլիաս Կոտեսը` մեր հայրենակից Ատոմ Էգոյանի սիրելին, ում նա հաճույքով նկարահանել է իր ֆիլմերի մեծ մասում, այդ թվում եւ «Արարատում», որտեղ դերասանը «լիաթոք» մարմնավորել է թուրք սպայի մեզ համար այդքան զզվելի կերպարը:



http://kinobaza.tv/film/73/Автокатастрофа_1996#online



«Տունը` աստղազարդ երկնքի տակ» - Սերգեյ Սոլովյովի «Ասսան» 1980-ականների վերջին դարձավ փլուզվող ԽՍՀՄ-ի, մեր հոգիների այդքան փափագած փոփոխությունների խորհրդանիշ-«օրհներգը»: Հետո Սոլովյովն անվերջ վերադառնում էր գրոտեսկի, մելոդրամայի ու սյուռի այդ կոկտեյլ ոճին, նկարահանեց եւս մի քանի ֆիլմ, սակայն «Ասսայի» նման աղմկահարույց դրանք չեղան:



Ահա եւ «Տունը` աստղազարդ երկնքի տակ» ֆիլմն էլ իր ձեւով ու ոճով կարծես փորձում է «տեղավորվել» այդ շարքում, յուրովի ցույց տալ, թե ինչքան կեղծիք ու չարիք էր թաքնված այդ թվացյալ սոցիալիստական բարեկեցության տակ: Սակայն միակ բանը, որով այս ֆիլմը կարող է նմանվել, էլ չենք ասում` մրցել «Ասսա»-ի հետ, դա Բորիս Գրեբենշչիկովի անզուգական երաժշտությունն է եւ Միխայիլ Ուլյանովի բարձրակարգ խաղը:



http://kinobaza.tv/film/4009/Дом_под_звездным_небом_1991#online



«Biutiful» - Այո, այս ֆիլմը չի թարգմանվում, ընդ որում` անգլերենով էլ վերնագիրը հատուկ է սխալ գրված: Համաշխարհային կինոյի մեծերն իրենց կարող են թույլ տալ ամեն տեսակ նորարարական մտահղացումներ՝ անգամ վերնագրի ընտրության հարցում:



Իսկ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին մեծերի ցանկում անցկացնելը բոլորովին չափազանցված չէր. մեքսիկացի այս կինոբեմադրիչը, կարելի է ասել, աշխարհին ստիպեց լուրջ մոտենալ այս լատինաամերիկյան երկրի` մինչ այդ առանձնապես ավանդույթներ չունեցող կինեմատոգրաֆին (եթե, իհարկե, չհաշվենք «օճառափրփուրե» սերիալները):



Ինյարիտուն «շրխկոցով» կինեմատոգրաֆ մտավ իր առաջին` «Այդ շան քած սերը» («հցՍՈ-սþոՏՉՖ»-ը միգուցե ավելի լավ չես թարգմանի) ֆիլմով, որին հաջորդեցին «21 գրամն» ու «Բաբելոնը»: Սա նրա չորրորդ գործն է ու կրկին լարված, դինամիկ սյուժեով, անողոք ճիշտ ֆիլմ, միայն թե այս անգամ դրան լրացուցիչ որակ է հաղորդում Խավիեր Բարդեմի, ինչպես միշտ՝ անզուգական խաղը:



http://kinobaza.tv/film/ 340435/ըՖþՑՌՒցս_2009#online



«Չորրորդ տղամարդը» - Առաջին անգամ այս ֆիլմի մասին տեղեկություններ հասան հետխորհրդային առաջին տարիներին` «Մեզ անծանոթ կինոն» խորագրի տակ: Իրոք որ` խորհրդային գրախոսությունն ամենեւին չէր կարող հանդուրժել իր հանդիսատեսի` նման կինեմատոգրաֆին ծանոթանալու հնարավորությունը. հերիք չէ` միստիկա, դեռ ահագին «երկնագույն» երանգներով:



Իսկ ի՞նչ հոլանդական կինո՝ առանց նման «ատրիբուտիկայի»: Հոլանդացի կինոբեմադրիչ Փոլ Վերհովենին մեզ մոտ ավելի շատ ծանոթ են նրա հոլիվուդյան բլոգ-բասթերներից: Այնինչ իր լավագույն ֆիլմերը նա ստեղծել է գավառական Եվրոպայում (մի պահ համարենք, որ Նիդեռլանդները Եվրոպայի համար գավառ են, գոնե` կինեմատոգրաֆի առումով):



Միգուցե ծայրահեղական ֆեմինիստներին դուր չգա կնոջ` տղամարդուն իր թակարդը գցելու գործընթացը սարդի հյուսած սարդոստայնի հետ նույնացնելը, սակայն անգամ նրանք հաստատ ֆիլմը կդիտեն առանձնակի ուշադրությամբ: Մի խոսքով` չմեռանք, հոլանդական կինո էլ տեսանք:



http://kinobaza.tv/film/268646/ճպՑՉպՐՑօռ_ՎցՋփՌվՈ_1983#online



«Մութ ջրերի վրա» - Անխոս՝ հետխորհրդային շրջանի ռուսական անկախ կինոգործիչների առաջին լուրջ ստեղծագործություններից է: Եթե խորհրդային կինեմատոգրաֆում 1960-ականները ներկայացվում էին որպես հույսի, անհոգության եւ «անշեղ վերելքի»  սկիզբը խորհրդանշող տարիներ, ապա այս ռետրո ֆիլմում նույն տարիները պատկերված են իրենց ողջ անողոք մռայլությամբ` անորոշություն, հուսահատություն, հանկարծ ու անհասկանալի անհետացող մարդիկ, որոնց վերաբերյալ ՊԱԿ-ի ապակե դեմքով աշխատակիցը երկիմաստ պատասխաններ է տալիս:



Մի խոսքով` այն ամենը, ինչ այդքան բնորոշ էր «սոցիալական հավասարության» վարչակարգին: Իսկ գլխավոր դերակատար, վաղամեռիկ Ալեքսանդր Աբդուլովն անզուգական է իր` դժբախտ ու անթաքույց ցինիկի դերում:



http://kinobaza.tv/film/88983/Над_темной_водой_1993#online



«Լավ տարին» - Եթե կարծում եք, թե Ռասել Քրոուն իր տարերքում է միայն գլադիատոր, Ռոբին Հուդ եւ ընդհանրապես` սուպերմեններ մարմնավորելիս, չարաչար սխալվում եք:



Նրա բազմապլանությունը հնարավորություն է տալիս խաղալ գրեթե ամեն ինչ, ընդ որում` գրեթե նույն հաջողությամբ: Ահա եւ Ռեդլի Սքոթի «Լավ տարին» ֆիլմում նրա հերոսը բիզնեսի ու դինամիկ կյանքի մեջ սուզված մեկն է, ով անսպասելի հրավեր է ստանում այցելել իր մանկության վայրերն ու տեր կանգնել հորեղբոր՝ իրեն կտակած ունեցվածքին:



Ֆրանսիայի գավառներում` խաղողի այգիների, թենիսի խաղահրապարակի, գինեգործության նրբությունների ու իրեն սիրահարված մատուցողուհու արբեցնող միջավայրում էլ նա վերագտնում է կյանքի իմաստն ու նորովի հասկանում ապրելու հմայքները:



http://kinobaza.tv/film/16022/Хороший_год_2006#online



«Տեռասա» -  Ճաշակով, նուրբ ու էսթետիկ կինոյի իսկական օրինակ հանդիսացող այս ֆիլմը 1979-ին նկարահանել է իտալացի Էտորե Սկոլան` նա, ով մեզ հիմնականում հայտնի է «Մենք այնպես էինք սիրում իրար» եւ «Պարահանդես» ֆիլմերով: Եվ եթե այս երկուսը ժամանակին չեն վրիպել խորհրդային պրոկատի ուշադրությունից, քանի որ քաղաքականացված պահեր ունեին, ապա բոհեմիկ կյանքի, խճճված փոխհարաբերությունների, սիրո ու պայքարի մասին պատմող «Տեռասան» երբեք չի հայտնվել էկրաններին, ինչը միանգամայն բացատրելի է:



Այս բարձրարժեք ֆիլմում մի իսկական դերասանական աստղաբույլ է. Ժան-Լուի Տրենտինյան, Վիտորիո Գասման, Ստեֆիանիա Սանդրելի, Սերժ Ռեջյանի, Մարչելո Մաստրոյանի, Ուգո Տոնյացի. էլ ուրիշ ո՞ր մի ֆիլմում էլիտար կինոյի այսքան ներկայացուցիչ կտեսնես:



http://kinobaza.tv/film/287648/Терраса_1980#online -



«Վերեւում պարողը» - Իսպանական կինոն վերջին տարիներին սկսել է աշխուժանալ եւ իր ծանրակշիռ դերն ունենալ Հոլիվուդին ձեռնոց նետելու եվրոպական կինոյի մշտական դարձող գործընթացներում: Ո՞ւմ այսօր անտարբեր կթողնի ծայրահեղականության ու ահաբեկչության հիմնախնդիրը, առավել եւս` ո՞ր սյուժեն կարող է կտրուկ շրջադարձներ ունենալ:



Եթե ավելացնենք, որ ֆիլմի «սթարինգն» ընկնում է վերջին տարիներին շատ ինտենսիվ ու հիմնականում Հոլիվուդում նկարահանվող իսպանացի Խավիեր Բարդեմի ու իսպանական կինոյի «սեքս ռումբ» Լաուրա Մորանտեի ուսերին, իսկ եզրափակիչ կադրերն էլ համեմվում են Նինա Սիմոնի «Who Knows Where times Goes» գեղեցիկ սաունդ թրեյքով, ապա ֆիլմը դիտելու մոտիվները բավական ծանրակշիռ կդառնան:



http://kinobaza.tv/film/363181/ Танцующая_на верху_2002#online



«Մամոնտ» - 2010-ի Բեռլինի կինոֆորումի իրադարձություն դարձած այս ֆիլմը դիտելիս առաջին հերթին աշխարհի անարդար բաժանման ու դրա հետեւանքով երկու հակադիր բեւեռներում ապրող մարդկանց ճակատագրերի շուրջ տխուր մտորումներ են առաջանում:



Ֆիլիպինուհին հեռուներում իր տուն-տեղը թողած՝ բարեկեցիկ ամերիկացիների երեխային է խնամում, որպեսզի սեփական երեխան ստիպված չլինի աղբանոցից հաց հանել: Միեւնույն ժամանակ, «յանկիներն» իրենց կյանքով են ապրում` գործուղման մեկնում, որտեղ հանգամանքների բերումով դավաճանելով իր կյանքի կեսին, նորովի են գնահատում ընտանիքի քաղցրությունը ու այդ թարմ զգացումով վերադառնում տուն: Տուն է վերադառնում նաեւ ֆիլիպինուհին, սակայն բոլորովին այլ դրդապատճառներով ու հոգեվիճակով...



Որո՞նք են կյանքի իրական արժեքները, ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել այս դաժան ու անարդար աշխարհում:



http://kinobaza.tv/film/334433/Мамонт_2009#online



«Դաուն Հաուզ». - Սա կինոկատակերգության սիրահարների համար  մի «գտած» ֆիլմ է, որ նկարահանվել է մեծն Դոստոեւսկու «Ապուշը» վեպի մոտիվներով (իհարկե` «մոտիվ» բառն այստեղ խիստ վերապահումով է): Միայն թե գործողությունները ծավալվում են նորօրյա Ռուսաստանում, իշխան Միշկինը «ֆազերը գցած» ծրագրավորող է` Ֆյոդոր Բոնդարչուկի անզուգական մարմնավորմամբ, իսկ Նաստասյա Ֆիլիպովնայի հանդեպ տածվող սերը դրսեւորվում է ոչ ավանդական պատկերացումներով:



Եթե կարողանաք ինքներդ ձեզ ստիպել ֆիլմը մինչեւ վերջ դիտել, ապա համոզված եղեք, կձերբազատվեք մեր այսօրվա կյանքի պարտադիր ատրիբուտ դարձած բացասական լիցքերից:



http://kinobaza.tv/film/3271/Даун-Хаус_2000#online



Հռոմի մարդիկ - Մենք ներկայացնում ենք իտալացի մեծ վարպետ Էտորե Սկոլայի երկրորդ ֆիլմը, իսկ ըստ ժամանակագրության` նրա վերջին ֆիլմերից մեկը: Սա կինեմատոգրաֆի այն տեսակն է, որին ընդունված է «շրջող կինոխցիկ» անվանել: Մեր ազգակից Կարեն Շահնազարովի ֆիլմադարանին ծանոթները այստեղ կարող են շատ ընդհանրություններ գտնել նրա «Լիալուսնի օրը» բարձրարժեք ֆիլմի հետ:



Ինչ վերաբերում է մեր ներկայացրած ֆիլմին, ապա այստեղ կոնկրետ, զարգացող սյուժեի փոխարեն միմյանց հաջորդող իրավիճակներն իրար հետ կապված են միայն Հավերժական քաղաքով, որտեղ ծավալվում են բոլոր այդ իրավիճակները, եւ մարդկանցով, ովքեր ապրում են այդ քաղաքում: Անկեղծ, հումորով, ճաշակով ու «համուհոտով» ֆիլմ, որ բնորոշ է իտալական կինեմատոգրաֆին եւ մասնավորապես դրա այնպիսի վառ ներկայացուցչին, ինչպիսին մաեստրո Էտորե Սկոլան է:



http://kinobaza.tv/film/385225/Люди_Рима_2003#online



Դասարանը- Եթե «օսկարակիր» արտահայտությունը կարող է հակասական վերաբերմունք թողնել, հատկապես լուրջ, էլիտար կինոյի գիտակների մոտ առաջացնելով անվստահության եւ զգուշավորության որոշ երանգներ, ապա Կաննի «Գլխավոր արմավենու ճյուղը» թերեւս զերծ է նման երկակի ընկալումից: «Դասարանն» արժանացավ այս ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկի գլխավոր մրցանակին 2008-ին, ընդ որում` «թեժ» մրցակցության պայմաններում, ուստի դրանով իսկ նա պետք է որ դուրս չմնա մեր ուշադրությունից:



Ոչ ստանդարտ, երբեմն վիճելի պահվածքի տեր ուսուցչի փոխհարաբերություններն են տարբեր ռասաներ եւ հիմնականում ոչ բարձր սոցիալական խավ ներկայացնող, քաղաքի ոչ բարեկեցիկ շրջանում ապրող դեռահաս աշակերտների հետ, որտեղ ամեն ինչը չէ, որ օրինակ մեր մանկավարժների կողմից կարող էր ընդունելի ու առավել եւս՝ ուսանելի լինել: Սակայն հենց վերջիններիս է, որ առաջին հերթին խորհուրդ կտայինք դիտել այս նուրբ ու խորաթափանց ֆիլմը:



http://kinobaza.tv/film/5966/Класс_2008#online



Սպասում ենք ձեր արձագանքներին: