Մի քիչ էլ Աստծո պարգեւի ու ձվածեղի մասին

Մի քիչ էլ Աստծո պարգեւի ու ձվածեղի մասին
Նախորդ երկուշաբթի տպագրված իմ հոդվածը` «Իսկ սրանից ոչ միայն ֆաշիզմի հոտ է գալիս» վերնագրով, ի ուրախություն ինձ, բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Թող անհարկի շինծու համեստություն չթվա, սակայն կարծում եմ, որ ոչ այնքան հոդվածն էր ուշադրության արժանի, որքան այնտեղ արծարծված թեման:



Թեման այն էր, որ չի կարելի օգտագործել երիտասարդությանը արկածախնդիր նախաձեռնություններում` փչացնելով այն, որ չի կարելի սահմանափակել մարդու ազատությունները միայն «ազգը պառակտելու» կասկածելի մեղադրանքով, որ այլընտրանքի դեմ պայքարելու լավագույն մեթոդը ներքին ռեֆորմներն են: Շատերը կիսեցին իմ տեսակետները, ոմանք փնովեցին, մեղադրեցին «փողով» (չգիտեմ ումից ստացված) հոդված գրելու մեջ, հոգեւորական ընկերներս զարմանք հայտնեցին, որ ես ունակ եմ այսպիսի տեքստ գրելու, ընթերցողներից մեկն էլ մաղթեց, որ իմ կինը կամ երեխան աղանդավոր դառնան:



«Երեւի սեփական մաշկի վրա հարազատի կորուստը զգալուց հետո հասկանա, թե ինչ է կենդանի հարազատը անկենդան ուղեղով»,- գրում է ինձ մեր ընթերցողներից մեկը: Ոչ մի առարկայական դիալոգ այդպես էլ տեղի չունեցավ հակընդդեմ կարծիք արտահայտողների հետ, ուստի մնում է ենթադրել, որ մեզնից շատերը, գուցեեւ ճնշող մեծամասնությունը «ազգի պառակտում», «կործանարար աղանդներ», «միակ ճշմարիտ կրոն» պաթետիկ կոդերը մենք մեր գեներում կրում ենք լռելյայն, առանց ռացիոնալ որեւէ բացատրության: Եվ ամենասարսափելին այն է, որ դա մենք անում ենք բացառիկ հպարտությամբ:



Հենց այս մասին խոսելով է համաշխարհային գրականության հանճարներից մեկը` Ջոնաթան Սվիֆթն իր «Գուլիվերի ճանապարհորդություններում» գրում, որ պատրաստ է զիջողամտաբար վերաբերվել մարդկային արատների ցանկացած խմբի, բայց երբ դրան գումարվում է նաեւ հպարտությունը, «իմ համբերությունը հատում է»: Ուստի ստիպված եմ ավելի բացվել:



Լիլիպուտիայի եւ Բլեֆուսկուի արանքում



Դեռ 300 տարի առաջ նույն «Գուլիվերի ճանապարհորդություններում» Սվիֆթն այլաբանորեն անդրադարձել է այնպիսի երեւույթի, ինչպիսին է դավանաբանական վեճը` փորձելով ցույց տալ դրա կործանարար նշանակությունը: «Բթածայրերի եւ սրածայրերի միջեւ թշնամանքը» գրոտեսկի միջոցով դավանաբանական վեճի դասական արտացոլում է:



Լիլիպուտիայում դարեր ի վեր ընդունված է եղել ձուն կերակրի մեջ օգտագործելիս կոտրել բութ ծայրից: Սակայն գործող կայսեր պապը դեռեւս մանուկ հասակում, կոտրելով ձուն բութ ծայրից, կտրել է մատը, ինչից հետո երեխայի հայրը հրաման է արձակել խստագույն պատժի ահի ներքո այսուհետ ձուն կոտրել սուր ծայրից:



Պատմիչների խոսքերով՝ այս օրենքն այնքան է բարկացրել բնակչությանը, որ առիթ է հանդիսացել վեց ապստամբությունների, որոնց արդյունքում կայսրերից մեկը կորցրել է թագը, իսկ մեկն էլ` կյանքը:



Հազարավոր ֆանատիկոսներ գիտակցաբար գնացել են մահապատժի միայն այն բանի համար, որ հրաժարվել են դադարել կոտրել ձուն բութ ծայրից: Հարյուրավոր հատորներ են գրվել՝ նվիրված այս պոլեմիկային, բայց բութծայրականների գրքերը վաղուց արգելված են, նրանց արգելված է բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել: Ի պատասխան սրան՝ հարեւան Բլեֆուսկուի կայսրը բազմաթիվ անգամներ մեղադրանքներ է հնչեցրել Լիլիպուտիայի հասցեին, մեղադրելով եկեղեցական երկպառակության մեջ, ինչի արդյունքում, փաստորեն, երկարատեւ ու արյունարբու պատերազմ է սկսվում:



Այս իրավիճակի վրա կարելի է երկար ծիծաղել, քանի որ պատկերը մտացածին է, կերպարները՝ հորինված, իսկ դավանաբանական վեճի առարկան` ձուն, ինքնին զավեշտալի: Սակայն համաշխարհային պատմությանը փոքրիշատե ծանոթ մեկն անմիջապես գլխի կընկնի, որ մեծ մտածողը մեկին մեկ պատկերել է կաթոլիցիզմի եւ բողոքականության պայքարը:



Պարզապես իրականության մեջ այն ժամանակին համեմվել է պաթոսով, վերամբարձությամբ, խորհրդավորությամբ` իսպառ արմատախիլ անելով դավանաբանական վեճի դրդապատճառների զավեշտալիությունը եւ լավագույնս քողարկելով դրանց իրական դրդապատճառները` իշխանություն, ազդեցություն, փող…



Հանուն արդարության պետք է նշել, որ Ջոնաթան Սվիֆթը չէր կիսում առանձին մարդու իրավունքը որպես բացարձակ արժեք ընդունելու գաղափարը, նա համարում էր, որ բարոյական նորմերն են հասարակության շարժիչ ուժը, սակայն…



Սաքսոֆոնից մինչեւ դանակ մեկ քա՞յլ է



Խորհրդային ժամանակներում մեր հասարակությունը բռնի կերպով ապակրոնացվեց, ըստ այդմ հնարավորինս չեզոքացվեց դավանաբանական վեճերի հնարավորությունը, եւ հասարակությանը պարտադրվեց նոր` հեղափոխական բարոյական նորմերի համակարգ:



Այդ նորմերն ըստ էության մտցվեցին հանուն «հասարակական շահի», հանուն ինտերնացիոնալ բարօրության եւ կապիտալիզմի մնացուկները ոչնչացնելու եւ դրանց նոր ներթափանցումը կանխելու նկատառումներով: Եվ ահա մի օր Ստալինի ամենասերտ զինակիցներից մեկը` արիստոկրատիզմի, մոդեռնիզմի, դեկադանսի ամենաոխերիմ թշնամի Անդրեյ Ժդանովն արտասանեց արդեն թեւավոր դարձած իր խոսքը. «Սաքսոֆոնից մինչեւ ֆիննական դանակ մեկ քայլ է»:



«Բարոյական նորմերի» անվան տակ եւ «անվտանգության նկատառումներից ու հասարակական շահից ելնելով», կրկին խստագույն պատժի ահի ներքո երեւան եկան բազմաթիվ կուլտուրոլոգիական սահմանափակումներ, գնդակահարվեցին պոետներ, երաժիշտներ, մտավորականներ:



Ինչ է իրականում նշանակում պառակտում



Այսօր մենք խորհրդային կարծրատիպային մտածողությամբ, սակայն արդեն նոր իրականության պարտադրած ծայրահեղությունների մեջ ընկած հասարակություն ենք: Մենք դեռեւս չգիտենք ինչպես օգտագործել մեր ազատությունը, չսահմանափակելով ուրիշինը:



Հասարակարգից հասարակարգ թռիչք կատարելով՝ մենք դեռ չենք կարողանում (նախորդ անգամ պատահական չէի ասել) տարբերել Աստծո պարգեւը ձվածեղից: Վերգտնելով սեփական հողը` մենք նրան փառաբանելու ընթացքում ժամանակ չունենք մտածելու նրա վրա ապրող մարդու մասին, վերգտնելով ազգային կրոնը, մենք ժամանակ չունենք զբաղվելու քրիստոնեությամբ, վերջիվերջո ստանալով փոքրիկ ազատություններ, մենք սկսում ենք ուրանալ ազատության բացարձակ արժեքը: Մենք չենք կարողանում գտնել այն միջինը, որը մեզ հնարավորություն կտա, պահպանելով ազգային առանձնահատկությունները, շարունակել մնալ քրիստոնյա, թեկուզ հայկական իրականության շրջանակներում շարունակել մնալ մարդ:



Մենք կամ ՀԱԵ հոտի անդամ ենք, կամ «ազգը պառակտող». մենք կամ «հայ» ենք, կամ «թուրք» (ազգի թշնամի), մենք տոտալիտար հավակնություններով ժողովուրդ ենք, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու նույնիսկ մինչեւ հասարակություն դառնալը: Այս ներքին ճեղքվածքը մեզ ավելի շատ է պառակտում, քան ցանկացած այլ երեւույթ, առավել եւս` կրոնական, սեռական կամ այլ փոքրամասնությունները: Ինչն է ստիպում ինձ այդպես մտածե՞լ: Այդ մասին՝ հաջորդիվ:



Շարունակելի



Վահագն Թեւոսյան