Ո՞վ է ուզում տիրանալ թիվ 76 երթուղուն

Ո՞վ է ուզում տիրանալ թիվ 76 երթուղուն
Երեւանի քաղաքապետի որոշմամբ մայիսի 20-ից պետք է  ուղեւորատար թիվ 76 երթուղին զրկվեր արտոնագրից, ու հայտարարվեր նոր մրցույթ: Սակայն երթուղին սպասարկող  «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է քաղաքապետի որոշումը, այդ իսկ պատճառով մրցույթը ժամանակավորապես կասեցվել է:



Դատական առաջին նիստը նշանակվել է հունիսի 27-ին: Ընկերության պատասխանատուների խոսքով, «Երեւանտրանսը» սխալ, կեղծ տվյալներով զեկուցագիր  է ներկայացրել քաղաքապետին, ինչն էլ նման որոշման առիթ է դարձել:



«Հիմնականում նշված է, որ կեսգիշերից հետո աշխատում են 200 դրամով, ինչը քաղաքացիների բողոքն է առաջացրել»,- ասաց տնօրեն Էդվարդ Գեւորգյանը: Վերջինիս խոսքով, նման արարք իրենց թույլ են տվել 2 վարորդներ:



«Եկան ստուգողները, ասացին, որ անձամբ իրենք նման երեւույթի բախվել են: Կանչեցինք վարորդներից մեկին, նայեց ստուգողին ու հարցրեց՝ դու 200, թե 100 դրամ ես տվել: Պատասխանը եղավ՝ 100 դրամ»,- ասում է տնօրենը՝ զարմանալով, որ դրանից հետո կողմնակալ զեկուցագիր են կազմել: Տնօրենը չի բացառում, որ կեսգիշերից հետո վարորդները 200 դրամով են քշել:



Է. Գեւորգյանի խոսքով, իրենց աշխատանքը մինչեւ 24:00-ն է, դրանից հետո ընկերությունը չի կարող վերահսկել վարորդներին: «Ավելին ասեմ՝ քաղաքացիներն էլ մեզ բողոքում են քաղաքապետի նման որոշման համար: Գալիս են, գրում են, որ նրանք դժգոհ չեն մեր սպասարկումից»,- ասում է պատասխանատուն:



Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ընկերության տնօրենը 25.02.2011թ. գրությամբ հաստատել է ընկերության կողմից 200 դրամ ուղեվարձ գանձելը, ինչը, ըստ էության, ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի 2.1.8. ենթակետով նախատեսված՝ երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է»: Գործադիր տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց, որ նման գրություն է ուղարկել որեւէ տեղ:



Մեր այն հարցին, թե  արդյո՞ք լիցենզիայից զրկելը կապ ունի ամիսներ առաջ երթուղային տաքսիներ շահագործողների բողոքների հետ, պարոն Գեւորգյանը նկատեց, որ իրենք միայն մասնակցել են ակցիային: «Հնարավոր է եւ կապ ունենա, բայց այդ մասին իրենց կողմից ուղարկված գրության մեջ չկա»,- կես կատակ-կես լուրջ նկատեց Է. Գեւորգյանը:



Վերջինիս խոսքով, քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, թիվ 76 երթուղին ցանկանում են վերցնել «Երեւանտրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մ. Համբարձումյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց դա.



«Ես ծնվել ու մեծացել եմ Երեւանում, պատիվ ու նամուս ունեմ: Ես ճանաչում եմ երթուղին շահագործող ընկերության ներկայացուցիչներին, ո՞նց կարող եմ ինձ նման բան թույլ տալ»: Իսկ Տ. Մարգարյանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց, բջջայինն էլ ողջ օրվա ընթացքում անհասանելի էր:



ՀԳ - Հիշեցնենք, որ  մայիսի 17-ին «Մերսեդես Բենց Ե 320» 23 ՍԼ 673 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել էր   ընկերության «Գազել» մակնիշի 76 համարի 34 56 Տ պետհամարանիշի երթուղային տաքսուն,  ինչի արդյունքում մահացու դեպքեր գրանցվեցին, այդ թվում՝ երկու մեքենաների վարորդների: