Իսրայելի եւ Եվրոպայի օրերը

Իսրայելի եւ Եվրոպայի օրերը
Երեկ չգիտեմ ինչպես էր պատահել, որ Երեւանում միաժամանակ տոնվում էր եւ Իսրայելի անկախության օրը, եւ Եվրոպայի օրը: Ընդսմին իրականում ոչ Իսրայելի անկախությունն է հռչակվել հունիսի 28-ին, ոչ էլ Միացյալ Եվրոպայի հիմնադրումը: Իսրայելի անկախությունը կամ հիմնադրումը Դավիդ Բեն Գուրիոնը հռչակել է 1948թ. մայիսի 14-ին: «Եվրոպայի ածուխի եւ պողպատի համայնքի» ստեղծման մասին, որ դարձավ ապագա Եվրոպական Միության հիմքը, Ռոբերտ Շումանը հայտարարել է 1950թ. մայիսի 9-ին, որն էլ 1985-ին պաշտոնապես ճանաչվեց եւ հռչակվեց Եվրոպայի օր:



Այդուհանդերձ այս տարի թե Հայաստանում Իսրայելի դեսպանը` պարոն Շմուիլ Մեյրոմն էր որոշել հունիսի 28-ին կազմակերպել մայիսյան տոնի առթիվ ընդունելություն, թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Ռաուլ դե Լուզենբերգերը: Արդյունքը եղավ այն, որ երկու իրադարձություններին էլ հրավիրված անձինք «Marriot Armenia»-ում լսեցին Իսրայելի դեսպանի ողջույնի խոսքը եւ համարյա բաց թողեցին հրաշալի համերգային ծրագիրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում էլ վայելեցին իտալական օպերաներից կատարումները` բաց թողնելով դեսպան Լուզենբերգերի խոսքը:



Իսրայելի դեսպանի խոսքում արժանահիշատակ էր ընդգծումը, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա են դրական, գոհացուցիչ փոխհարաբերություններ, բայց դրանց խորացման եւ ընդլայնման դաշտ կա` թե գիտության ասպարեզում, թե մշակույթի, թե տնտեսական համագործակցության եւ թե քաղաքական երկխոսության:



Եվ, որպես մշակութային շփման մի սքանչելի դրվագ, ընդունելության գեղարվեստական մասում պարոն Ամիր Գվիրցմանը հանդես եկավ, ով նվագում է 22 երաժշտական գործիք, եղջերվափողից մինչեւ սաքսոֆոն, բայց համերգային ծրագիրը սկսեց հայկական դուդուկով: Իսկ ներկաներին առանձնակի աշխուժություն պատճառեց իհարկե վուվուզելան, որ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Հարավային Աֆրիկայում անցկացված ֆուտբոլի առաջնությունից, երբ բոլոր պարտվողները վուվուզելային էին մեղադրում:



Իսկական վուվուզելաները նույնպես կենդանիների եղջյուրներից են պատրաստվել, բայց այժմ դրանք արտադրվում են պլաստմասսայից եւ Չինաստանում: Ահա այդպես: Այդուհանդերձ պարոն Գվիրցմանի ձեռքում նույնիսկ ժամանակակից վուվուզելայից էր երաժշտություն հնչում:



Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում թե ինչ էր ասվել Հայաստանի եւ Եվրոպայի ընդհանրության մասին՝ չգիտեմ, քանի որ միայն համերգային ծրագրին հասցրի ներկա գտնվել: Սակայն համերգային ծրագիրը, ինչպես միշտ, գովեստներից վեր էր: Նվագում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժորական վահանակի մոտ Էդուարդ Թոփչյանն էր, մենակատարը Աննա Սամուիլը, որ  հանդես է գալիս Եվրոպայի մայրաքաղաքներում, իսկ երաժշտական կրթություն ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում:



Երեւանյան համերգային ծրագրում իտալական օպերաներից արիաներ էին` Վերդի, Բելինի, Պուչինի, նաեւ Դվորժակի եւ Գունոյի ստեղծագործություններ: Իսկ դասական երաժշտություն վայելելուց այն կողմ միակ ցանկությունը Հայաստանի դրոշն էլ օր առաջ ԵՄ պետությունների դրոշների կողքին եւ շարքում դրված տեսնելն է: Դժվար է ասել, թե դա երբ կպատահի, բայց Եվրոպայի օրվա յուրաքանչյուր տոնակատարություն Երեւանում վստահաբար քայլ է դեպի այդ մեծ նպատակն ու օրը: