Թալանված եւ փակված սահադաշտեր

Թալանված եւ փակված սահադաշտեր
Երեք տարի առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն այցելեցին երկրի միակ գեղասահքի մարզադպրոց: Մարզօջախի այն ժամանակվա տնօրեն Սամվել Խաչատրյանին պարգեւ հանձնեցին:  Կարճ ժամանակ անց՝  հունիսին, Շենգավիթի թաղապետարանի ղեկավարությունը, երեւի թե լավ աշխատանքի պատճառով, Ս. Խաչատրյանին ազատեց աշխատանքից, դաշտի սառույցը հալեցրին, եւ մինչ օրս այնտեղ անդորր է: Վաստակաշատ մասնագետին՝ Խաչատրյանին, այնուհետեւ ցանկացան ազատել նաեւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Սակայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջամտությամբ դա տեղի չունեցավ:



Երեւանի Շենգավիթ համայնքի գեղասահքի մարզադպրոցը երբեք այսքան խեղճ չի եղել: Նույնիսկ մութ ու ցուրտ 90-ականներին տնօրինությունը կարողացել է սառույցը պահպանել, աշխույժով լցնել սահադաշտը: Պարբերաբար կազմակերպել են տարբեր կարգի մրցաշարեր: Էլ չենք ասում հայ գեղասահորդների հաջողությունների մասին: 32x30 մ չափերի այդ սահադաշտում են վարպետացել եւ ԽՍՀՄ գավաթակիր դարձել քույր ու եղբայր Հասմիկ եւ Գուրգեն Վարդանյանները, տարիքային տարբեր խմբերում համամիութենական մրցանակների արժանացած Սահակ Մխիթարյանը, Արարատ Զաքարյանը, Սամվել Հայրապետյանը, Արամ Վլասյանը, Արամայիս Գրիգորյանը, Արմեն Ասոյանը… Բոլորը եղել են ԽՍՀՄ հավաքականների անդամներ եւ թեկնածուներ:



Եվ սակայն հետաքրքիր է՝ ինչո՞վ են զբաղված Շենգավիթի մարզադպրոցի տասը մարզիչները եւ նրանց ղեկավարած 21 խմբերում պարապող ավելի քան 280 երեխաները: Չգիտենք: Թերեւս մի մասն օրն անցկացնում է Կարապի լճում, որոշ սահորդներ էլ՝  Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, այն էլ` ձմռանը: Չմոռանանք նշել նաեւ Արաբկիրի շրջանի սահադաշտի մասին: Երկրի անկախացումից հետո այս կառույցն ընդամենը 7 ամիս նպատակին ծառայեց, ապա թալանվեց եւ ահա քանի տարի անտերության է մատնված:



Գեղասահքի այս երկու դպրոցները ստեղծվել են խորհրդային տարիներին, սակայն անկախության շրջանում դադարել են գործել: Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր: Այդ են երազել մանավանդ մարզաշխարհի մարդիկ: Հիշենք թեկուզեւ Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային օլիմպիական խաղերը, գեղասահքի մրցաշարը: Մարզապալատի բարձրաշխարհիկ հանդիսատեսները տարբեր երկրներից էին, սակայն նույն ոգեւորությամբ էին ծափահարում սպորտ ու արվեստ համադրող գեղասահքի ներկայացուցիչներին:



Ընդամենը 10 երկրների գեղասահորդների շարքում էին նաեւ Հայաստանի պատվիրակները: Երբ դահլիճում հնչում էր «Արմենիա» բառը՝ հպարտությունից խենթանում էինք: Աշխարհի հարյուրավոր երկրներից ընդամենը տասն էին ներկայացնում օլիմպիական գեղասահքը, եւ այդ տասից մեկը քո հայրենիքն է: Մրցաշարից հետո հիասթափվեցինք. շատերը հեգնում էին՝ ո՞ւմ էին պետք Հայաստանի ներկայացրած գեղասահորդները, որ մեդալակիր չդարձան: Նրանք չէին կարեւորում, որ համաշխարհային հեռուստադիտողը, մարզասերը կարդաց ու լսեց «Հայաստան» անունը, որը տարածքով փոքր է, բնակչությամբ քիչ, բայց գեղասահքի գերտերությունները հաշվի են նստում նրա պատվիրակների հետ:



Տարածաշրջանում «սառույց» երբեք չի ունեցել Ադրբեջանը: Բայց այդ երկիրը հսկայական գումարներ է տրամադրում Մոսկվային, որպեսզի իրեն օլիմպիականներ «նվիրի»:



Արաբկիրի թաղապետարանում եղածը «քանդել-կերել-մարսել» են, իսկ Շենգավիթինը` կողպել: Այդպես է՝ մեզանում եղածը քանդում են եւ հետո մտմտում նորը կառուցելու, այս ու այնտեղից ֆինանս հայթայթելու մասին: Հարկ է մարզադպրոցում անհապաղ վերականգնել սահադաշտը: Կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կծանոթանա իրականությանը եւ համապատասխան որոշում կկայացնի:



Ռուբեն Չալիկյան