Թե հոնքը, թե աչքը

Գագիկ Ասատրյանի երեքսենյականոց բնակարանը նույնպես նոր վերանորոգված, կահավորված էր: Ականատես եղանք, թե ինչպես դույլերից, տաշտերից բացի, տունը ծածկված էր նաեւ պոլիէթիլենային թաղանթով: Սակայն անձրեւաջուրն իր գործն արել էր: Բնակարաններ կան, որոնց տերերը հանրապետությունից բացակայում են, ու դրանք ավելի անմխիթար վիճակում են:
«Հարեւանս տունը վստահել էր ինձ,- ասում է նույն շենքի բնակիչ Արմենուհի Պետրոսյանը,- նրանք արտասահմանում են, ես հիմա ի՞նչ պատասխանեմ: Ողջ օրը պահակի պես հսկում եմ, իսկ անձրեւը, հակառակի պես, ամեն օր գալիս է»:
Անձրեւը գալիս է, իսկ շինարարները բացակայում են: Պարզեցինք, որ աշխատանքները կատարում է Աշտարակի ինչ-որ կազմակերպություն, սակայն մինչեւ կեսօր նրանցից ոչ մեկը դեռ չէր հայտնվել շենքերի մոտ:
«Իհարկե լավ է, որ տանիք են վերանորոգում,- ասում է Մելիքը,- սակայն կարելի էր մի շենքի ծածկը քանդել, նորը խփել ու հետո անցնել հաջորդ շենքին: Հիմա մեզ պատճառած վնասներն ումի՞ց պահանջենք: Աշխղեկը խոստացել է էսօր գալ-նայել: Ողջ աշխարհն իմացավ մեր պատմությունը, սակայն ոչ մի շահագրգիռ մարդ դեռ այստեղ չի եկել»:
Ինչ խոսք, վաղ թե ուշ այս մարդկանց տների տանիքները կվերանորոգվեն, եւ մի օր էլ քարոզչական նպատակներով կասեն, որ Թալինում այսքան բազմաբնակարան շենքի տանիք է վերանորոգվել՝ մոռանալով, որ յուրաքանչյուր տանիքի տակ 8-10 բնակարան շարքից դուրս է եկել:
Նորայր Գրիգորյան
Կարծիքներ