Միայն արտահերթ

Միայն արտահերթ
Երեկ արմատական ընդդիմությունը հրապարակեց իր պահանջների ցանկը. հոկտեմբերին անցկացնել ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններ, դրանից անմիջապես հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ ձեռնարկել ընտրությունների օրինականության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որտեղ ներառված է մեծամասնական ընտրակարգի բացառումը, անվճար նախընտրական եթերի հնգապատկումը եւ մի շարք այլ պահանջներ: Վերջապես՝ թեթեւացած շունչ քաշեցին ՀԱԿ-ի համակիրները: Ահա այսպես կոնկրետ ու կոմպրոմիս չհանդուրժող պահանջներ է պետք առաջ քաշել: Իշխանություններին, այսպես ասած, դեմ տալ պատին: Հերիք է՝ ինչքան «սիլիբիլի» արեցին: Երկխոսությունն ինքնին վարկաբեկիչ չէ, ինչպես Դավիթ Շահնազարյանն է ասում՝ կարող է անգամ տեռորիստների հետ կայանալ, բայց պատանդներին ազատ արձակելու պահանջով: Տվյալ դեպքում՝ երկխոսություն միայն արտահերթ ընտրությունների պահանջով: Այն էլ փաթեթով՝ սկզբում նախագահի, ապա՝ ԱԺ-ի: Ի՞նչ է պատասխանելու սրան իշխանությունը: Երեկվա հանդիպումը՝ Կառավարության ընդունելությունների տանը, ցույց տվեց, որ սա այն դեպքն է, երբ իշխանությունը «չէ չի ասի, բայց կտա՞»: Ակնհայտ է, որ իշխանությունը ժամանակ շահելու վրա է աշխատում՝ դե, կհանդիպենք, կժպտանք, կասենք, որ քննարկում ենք, մտածում ենք, ժամանակ կձգենք, իսկ հերթական ընտրությունները սարերի ետեւում չեն: Ի՞նչ մնաց: Թեեւ սխալ չեն նաեւ նրանք, որ պնդում են, թե արտահերթ ընտրություններն էլ օրինականության երաշխիք չեն: Ինչպես հերթականն են կեղծում, այնպես էլ արտահերթը կկեղծեն: Պարզապես արտահերթ ընտրությունների հայտարարումը նոր ոգեւորություն կբերի ընդդիմության թիմին ու ժողովրդին: Կհամոզի, որ եթե այս հարցում հաղթեցինք, մյուսում էլ կկարողանանք հաջողություն գրանցել: