ՀԱԿ-ը՝ որպես քմահաճ կին, իշխանությունը` մեծահոգի տղամարդ

ՀԱԿ-ը՝ որպես քմահաճ կին, իշխանությունը` մեծահոգի տղամարդ
ՀԱԿ-ն ամիսներ շարունակ համառորեն պահանջում էր քննարկման դնել եւ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ ահա իշխանության ներկայացուցիչները երկխոսության օրակարգում ընդգրկեցին արտահերթ ընտրությունների քննարկման հարցը: Բայց արդյոք Հայաստանին ներկայումս հենց արտահերթ ընտրություննե՞ր են պետք. սա է հարցը: Բացի դրանից, արտահերթ ընտրությունները խոշոր հաշվով ոչինչ չեն երաշխավորում ու խոստանում: Հետեւաբար, հիմնական ընդդիմադիր ուժի գլխավոր պահանջն այնքան էլ  էական չէ: Նույն ռեժիմն է այդ ընտրությունները վերահսկելու, եւ անհասկանալի է մնում հերթականի եւ արտահերթի տարբերությունը:



Երկխոսության ճանապարհն ընտրած իշխանությունները, ովքեր ոչ մի հարցի քննարկումից ոչ խուսափում, ոչ էլ հրաժարվում են, իսկապես խելացիորեն են մտածում: Ինչպես նախորդ, այնպես էլ արտահերթ ընտրությունների հարցում ընդառաջ գնալը, կարծում եմ, ՀԱԿ-ի համար հերթական անակնկալն էր: Եթե պատկերավոր ասենք, վերջին ամիսներին ՀԱԿ-ը հանդես է գալիս որպես քմահաճ կին, իշխանությունները` որպես մեծահոգի տղամարդ: Եվ տպավորությունն այնպիսին է, որ իշխանություններն անլուրջ եւ մի քիչ էլ մեծամիտի դիրքերից են վերաբերվում այս ընդդիմությանը:



Եվ չի բացառվում, որ  իրենք մտադրվել  են աբսուրդի հասցնել ՀԱԿ-ի պահանջները, առաջարկները` ցույց տալով, որ դա իշխանափոխության իրենց պահանջները բավարարելն է, բայց  ոչ հասարակության շահը: Մի քիչ էլ զավեշտի է վերածվել այս երկխոսությունը: ՀԱԿ-ը կարող է փաստարկել, որ իր ներկայացրած գրեթե բոլոր պահանջներն իշխանությունը կատարել է: Բայց հարց է առաջանում` արդյոք դա իշխանությանն այս ընթացքում վնա՞ս է հասցրել, եթե ոչ հակառակը:



Հիմա եթե նույնիսկ իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների, ապա միայն միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ընդդիմությունը չի արտահայտում երկրի հիմնահարցերի ամբողջ էությունը եւ չունի դրա բանալիները: Ցավալի է նաեւ, որ ՀԱԿ-ի հաճախ անլուրջ պահանջները` այս շենքը չենք ուզում, այն ենք ուզում եւ այլն, ինչպես նաեւ իշխանությունների՝ դրանց ընդառաջ գնալը տանում է նրան, որ հասարակության հիասթափությունը հետզհետե խորանում է հանդեպ հիմնական ընդդիմադիր ուժի:



Շուշան Խաթլամաջյան, քաղաքական վերլուծաբան