Ղարիբյանները շարունակում են կռվել

Ղարիբյանները շարունակում են կռվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, ուրբաթ օրը բավարարեց պաշտպան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը, եւ Վարուժան Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով: Վարուժան Մանուկյանը Վարշամ եւ Մանվել Ղարիբյանների գզվռտոցի հերթական զոհերից է: Նա 2006-07 թթ. Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երեւան պլյուս» ՍՊԸ-ում գործադիր տնօրեն է աշխատել: Մանուկյանի` «Երեւան պլյուսում» աշխատելու տարիներին Ղարիբյան եղբայրների ղեկավարած մի ՍՊԸ-ից մյուսին ավտոմեքենայի վաճառք է ձեւակերպվել: Եվս երկու մեքենաներ են վաճառվել Ղարիբյանների ազգականին եւ աշխատակցին: Առքուվաճառքի ձեւակերպումից մի քանի տարի անց «Երեւան պլյուսի» սեփականատեր Վ. Ղարիբյանը որոշել է, որ մեքենաները վաճառվել են շուկայականից ակնհայտ էժան գնով, հետեւաբար իրեն նյութական վնաս է պատճառվել, եւ պատճառողն էլ տարիներ առաջ գործադիր տնօրեն եղած Վարուժան Մանուկյանն է:



Զարմանալիորեն Ղարիբյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվում Մանուկյանի դեմ, եւ հավանաբար գլխավոր դատախազի ակտիվ մասնակցությամբ ու դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Բ. Պետրոսյանի ցուցումով Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը: «Հիմնավոր կասկածի տեսակետը մեր մոտ քննվում է լրիվ այլ ֆորմատով: Ամեն մի կասկած չէ, որ կարող է մարդուն կալանքի վերցնելու հիմք հանդիսանալ: Վարուժան Մանուկյանի գործով ես գտնում եմ, որ կասկածը հիմնավոր չէր, եւ ընդհանուր իրավասության դատարանի հիմնավորումներն օրինական չէին՝ կապված կալանավորման անհրաժեշտության հետ»,- նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:



Նրա կարծիքով՝ այս գործը եւս ուղղորդվում է դատախազության կողմից, քանի որ Վ. Ղարիբյանը վայելում է Աղվան Հովսեփյանի հովանավորությունը: Եվ ընդհանրապես, բոլորին է պարզ, որ հենց վերջինս է Ղարիբյան եղբայրների արդեն երկարատեւ հակամարտության պատճառը: Գլխավոր դատախազը, որ տարիներ շարունակ հովանավորել է Ղարիբյան եղբայրներին եւ եղել նրանց բիզնեսի փայատերը, ինչ-որ պահից փորձել է օրինականացնել իր մասնակցությունն այս բիզնեսում, ինչին դեմ է գնացել մեծ եղբայրը՝ Մանվելը: Մյուս եղբայրը՝ Վարշամ Ղարիբյանը, համաձայնել է Աղվան Հովսեփյանին մասնակից դարձնել իրենց տնտեսությանը եւ հայտնվել նրա հովանավորության տակ: Մասնավորապես լուրջ կռվախնձոր է դարձել «Էլիտ Շանթ» ընկերությունը, որը կայացած ու եկամտաբեր բիզնես է:



Այս ընթացքում բազմաթիվ քրգործեր են հարուցվել եւ շարունակվում են հարուցվել ավագ եղբոր՝ Մանվել Ղարիբյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ, սակայն աչք է փակվում մյուս եղբոր՝ Վարշամ Ղարիբյանի արարքների վրա: Բանը հասավ նրան, որ եղբայրներից երրորդը՝  Սամվել Ղարիբյանն անցած տարվա դեկտեմբերին Սերժ Սարգսյանին բաց նամակ ուղղեց՝ խնդրելով փրկել իրենց ընտանիքը Աղվան Հովսեփյանից: «Գլխավոր դատախազի հովանավորության արդյունքում է, որ Վ. Ղարիբյանի անփաստարկ հայտարարությունները, առանց որեւէ փաստաթղթային հիմնավորումների, ազդում են մարդկանց ճակատագրի վրա, եւ շատերը հայտնվում են մեղադրյալի կարգավիճակում: Այնպիսի տպավորություն է, որ նրա ասած ամեն բան պիտի ընդունվի: Վ. Ղարիբյանը դա հասկանալով՝ անընդհատ մեծացնում է մեղադրյալների շրջանակը: Ստեղծել է վիճակ, որ քննությանը Վ. Ղարիբյանն է թելադրում քննիչներին ինչ անել»,- կարծիք հայտնեց Սաֆարյանը: «Էս բոլոր խաղերը Աղվան Հովսեփյանի խաղերն են եւ կարուսելի նման անընդհատ պտտվում են մեր գլխին: Բոլորը գիտեն, որ Ղարիբյան եղբայրները շատ լարված հարաբերություններ ունեն, եւ դրա հիմքում կանգնած է մեր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը»,-մեզ հետ զրույցում ասաց Վարուժան Մանուկյանի կինը՝ Արմինե Մանուկյանը:



Որպեսզի այս իրավիճակը շտկվի եւ պատմությունը վերջ ունենա, Սեդա Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունը պետք է միջամտի՝ հորդորելով Աղվան Հովսեփյանին՝ հանգիստ թողնել եղբայրներին եւ իր գործով զբաղվել: «Այնպիսի տպավորություն է, որ այս պատմությունը վերջ չունի, որովհետեւ նորանոր մեղադրյալներ են ներգրավվում: Վարշամ Ղարիբյանն անընդհատ հիշում է, որ իրենից ինչ-որ բան են տարել, որ ուզում են իրեն թալանել եւ նոր մեղավորներ է փնտրում: Նրա արարքում ոչ գործարարի վարք է: Կարծում եմ՝ եթե գլխավոր դատախազը մի կողմ քաշվի, եղբայրները կհասկանան ինչ են ուզում միմյանցից եւ թե ինչ են կիսում, ու կհաշտվեն»:



ՀԳ - Մեզ հետ զրույցում Վարշամ Ղարիբյանն ասաց, որ իր ավագ եղբայրը՝ Մանվել Ղարիբյանն ու Վարուժան Մանուկյանը «ցիվիլ թալան» են արել՝ փոշիացրել են իրեն պատկանող «Երեւան պլյուս»-ի ողջ գույքը, միջոցները եւ այդ հանցագործության համար պետք է պատասխան տան: Նա Մանուկյանի կալանքը գրավով փոխարինելու որոշումը համարում է ապօրինի եւ վերագրում է դատական համակարգում առկա կոռուպցիային: Վ. Ղարիբյանը երկար պատմում էր, թե ինչ զրկանքների է ենթարկվել եղբոր կողմից, ինչպես է կորցրել իր տարիների հարստությունը:



Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ մասնակցություն է ունեցել գլխավոր դատախազն իր ու եղբոր կոնֆլիկտում, նա կտրականապես հերքեց Աղվան Հովսեփյանի դերակատարումը եւ պատմեց, որ վերջինս մի հարյուր անգամ փորձեր է ձեռնարկելու հաշտեցնել իրենց, սակայն մատնվել է անհաջողության: «Գիտեք քանի անգամ է Աղվան Գառնիկիչն ասել՝ երանի այն օրը, որ դուք կհաշտվեք»,-պատմեց Վարշամը, ավելացնելով, որ եղբայրը հաշտություն չի ուզում: