Հանդիպում

Հանդիպում
Առավոտից հոսանք չկար: Քաղաքի ողջ բնակչությունը շենքերից ժայթքում էր լավայի  պես, տարածվում անորոշ ուղղություններով: Կային ահաբեկվածներ` իրենց շիրիմը տեսած ուրվականների դեմքով, անտարբերներ` այնպես անվրդով քայլող, ասես դուրս են եկել ամենօրյա զբոսանքի: Մոլեգնածներ, ովքեր ինչ պատահեր՝ ջարդել-փշրելով ակնհայտ բողոք էին արտահայտում, բայց հայտնի չէր ինչի համար եւ ում դեմ: Ոստիկանական փոքրաթիվ ջոկատները մահակներով ու ռետինե  փամփուշներով փորձում էին զսպել խառնաշփոթը, ձերբակալել օրինազանցներին, մնացածին տուն ուղարկել, բայց… ապարդյուն: Ինչքան մեծանում էր Լույսը, այնքան ավելի էր սաստկանում կյանքի շարժումը, ավելի  վայրագ  ու  անկառավարելի դառնում: Կառավարության անդամները թեեւ հանձնարարել էին վերահսկել  իրավիճակը` մեկ օր առաջ ուղիղ եթերում հայտարարելով, թե վտանգն անցել է, բոլորը հավատացած  էին, որ նրանցից ով կարողացել` մենակ թե ընտանիքի որոշ անդամների հետ, արդեն մեկնել է երկրագնդից:



Մարդկանց գերլարված հոգեվիճակն ու վարակիչ հիստերիան թերեւս չիմացության հետեւանք էին, թե հատկապես որ ժամին, որ ակնթարթում ամեն ինչ կվերջանա: Եթե իմանային, երեւի այդքան չտագնապեին ու տեղում անշարժացած, միահամուռ, բարձրաձայն վայրկյանները հաշվեին, ինչպես Նոր տարուց առաջ: Գուցե երազա՞նք էլ պահեին: Բացառությամբ նրանց,  ում  երազանքներն արդեն իրականանում էին:



Քաղաքի մուրացիկները, խուլուհամրերը, խեղանդամները, խելագարները, մտավոր հետամնացները, հարբեցողներն ու «ցածր խավի» այլ ներկայացուցիչներ հիմա անարգել մտնում  էին քաղաքի խանութները, փորձում հագուստներ, պճնվում զարդեղենով, սիգար ծխելով՝ շքեղ մեքենաների ղեկին նստում, սրճարաններում ու ռեստորաններում երգում, պարում, զվարճանում էին` ճաշակելով ամենը, ինչից միշտ զրկված են եղել, իսկ նույն պահին շատ ուրիշների երազանքներն էին փլուզվում, որոնց  երկար տարիների հավաքածն ու կուտակածը ժամերի ընթացքում վերածվել էին անիմաստ հնոտիքի, ավելորդ բեռի, որից պետք էր ազատվել, ինչպես խեղդվողի վզից կապված քարից: Այս խավի ներկայացուցիչները  կարծում էին, թե, նյութական բարիքներից հրաժարվելով, իրենք խույս կտան համընդհանուր վտանգի սպառնալիքից: Կային մարդիկ, ովքեր նույնիսկ հագուստներն էին դեն  նետել ու թեւերը թռչունների պես տարածած, մորեմերկ  վազում էին, ասես հագուստներն էին միակ արգելքը, որ պոկվեին գետնից ու թռչելով հեռանային:



Ամենուր առարկաների անձրեւ էր տեղացել: Փողոցներին նայելիս` փողոցներ, որոնց անհարթ, կնճռոտ մակերեսները ճշգրիտ արտացոլքն էին ներկա եւ անցած ժամանակների, թվում էր` քաղաքը չէր մարսել դարերով կերածն ու փսխելով մաքրել էր ընդերքը  վնասակար  բաղադրիչներից:



Շնչավոր թե անշունչ՝  ոչինչ  այլեւս  տեղ  չուներ  քաղաքի  Սրտում:



Մենակ ու անշտապ ես քայլում էի իմ պես չմարսվածների միջով: Ոչ տագնապած էի, ոչ ուրախ, ոչ անտարբեր: Պատկերները շարժանկարի պես հաջորդում էին իրար, բայց տեղանքի օտարություն չէի զգում, թվում էր` երկիրն է սահում ոտքերիս տակ, իսկ ես կանգնած եմ նույն տեղում` վազասարքի վրա: Չէի կողմնորոշվում ինչ է ինձ պետք` մոռացվե՞լ ընդհանուր ալիքի մեջ, թե՞ առանձնանալ` մտնել որեւէ գրախանութ, վերցնել սիրածս գրքերից մեկն ու  բարձրաձայն, թեկուզ գոռալով մի քանի էջ կարդալ: Կհասցնե՞մ գրքի կրկնաթերթերին մի քանի գրառում անել` առանց նշելու օրն ու տարեթիվը: Կամ վերադառնալ տուն, կանգնել ցնցուղի տակ եւ, հրաժեշտ տալով ջրի մեղմ շոյանքներին, մաքուր, արժանավայել տեսք ընդունել չլինելուց  առաջ:



Վերջին տարբերակն էի ընտրել, երբ կտրուկ մտափոխվեցի. «Հիմա ավելի տեղին կլինի մտածել ներսի, ոչ թե դրսի հիգիենայի մասին. արտաքին մաքրման հարցերը շուտով կլուծվեն»: Մարմինս չէի ափսոսում, բայց մտքի եւ հոգու դեռեւս չապրածն ու չբացահայտածը անդառնալի կորստի ծանր զգացում էին ներշնչում: Թվում էր` մեռնելուց բացի ամեն ինչի համար չափազանց ուշ է: Բայց ուզում էի անպայման ինչ-որ արարք կատարել` անչափ կարեւոր ու էական, որ գոնե որոշ չափով կհատուցեր կիսատությունս, կփակեր անխնա վատնած տարիների մութ ճեղքը. «Թքած, թե որոշ ժամանակ հետո իմ արածի հետքն էլ չի մնա. այն կտպվի տիեզերքի հիշողության մեջ, ինչպես Բախի երաժշտությունը: Պետք է  ուղղակի  դրան  համարժեք  ինչ-որ  բան  անել:  Բայց  ի՞նչ»:



Ժամանակ առ ժամանակ բախվում էի հեռու եւ մոտ ծանոթների, ովքեր, ինչպես երեւում է, հստակ որոշել էին իրենց անելիքը: Մի քանիսը նույնիսկ փորձում էին ինձ իրենց ծրագրերի մասնակից դարձնել: Փիլիսոփայության դասաժամերին միշտ փայլող համակուրսեցիներիցս  մեկը մարզադաշտ էր հրավիրում՝ մասնակցելու իր կազմակերպած խմբակային  ինքնասպանություններին: Բանակի մի հին ընկեր, մինչեւ ատամները զինված, հորդորում էր ծառայության ժամանակ մեզ ստորացրած սպաներին ու ընտանիքի անդամներին տանջամահ անել: Առաջին անգամ ինձ ուշադրության արժանացրած եկեղեցական հարեւանս լրջորեն զգուշացնում էր, որ եթե հրաժարվեմ իր հետ մի քանի կնոջ բռնաբարելուց, կզրկի ինձ Աստծուց ու կաղոթի, որ ամենախիստը ես պատժվեմ: Ինչ-որ մեկը, հազիվ շունչը տեղը բերելով, շախմատի վճռորոշ պարտիա էր առաջարկում` հավատացնելով, որ այսինչ թվին իմ տարած հաղթանակը մաքուր պատահականություն էր եւ ոչինչ չի նշանակում: Մյուսն էլ ոգեւորված կոչ էր անում միանալ ընդդիմադիրների խմբին ու, դրոշակ վերցրած, գնալ կառավարության շենքը հրկիզելու: Ես մինչեւ վերջ լսում էի նրանց, հետո սիրալիր պատասխանում, որ հաճույքով կընկերակցեի, բայց ժամանակ  չունեմ` պիտի գնամ:



Հին ծանոթներիս մեջ հանդիպեցի կանանց, որոնց ժամանակին սիրել էի եւ, ինչքան հիշում եմ, փոխադարձ: Մի քանիսը, ինձ չտեսնելու տալով թե չնկատելով, մյուսները` աննկատ թե թռուցիկ բարեւելով, ամուսինների հետ խուճապահար ապաստարան էին փնտրում, որտեղ կթաքցնեին իրենց անմեղ, հմայիչ փոքրիկներին: Բոլորի դեմքերից օտարվածության սառը շունչ էր գալիս, կարծես ասեին ինձ. «Եթե դու չլինեիր, այս ամենը չէր լինի»: Դառը կասկածն էր ժամանակից շուտ սպանում. «Մի՞թե մեր միջեւ երբեւէ զգացմունք եղել է, մի՞թե այս կանայք էին ինձ գրկում, համբուրում, սեր խոստովանում»: Հանկարծ նրանցից մեկը, ճանաչելով ինձ, անսպասելի մոտեցավ ու առաջվա գրավիչ ժպիտով ծանոթացրեց ամուսնու հետ, ով առաջին հայացքից  բարի մարդ էր թվում: Նրանց փոքրիկ աղջիկը, ի տարբերություն հոր ձեռքը բռնած եղբոր, չէր լացում եւ մոր գրկից ջերմ նայում էր ինձ, ինչպես հարազատի: Փորփրեցի գրպաններս: Դատարկ էին: Մի քանի քնքուշ բառ ասացի: Չպատասխանեց: Շոյեցի թեւը: Ամոթխած հետ քաշեց: Ես չցանկացա ավելորդ ժամանակ խլել, ուրախությունս հայտնեցի հաճելի ծանոթության առթիվ, սեղմեցի նախկին ընկերուհուս ամուսնու ձեռքը ու, շնորհակալաբար մերժելով միասին եկեղեցում պատսպարվելու  առաջարկը,  սրտանց  հաջողություն  մաղթեցի  նրանց:



Հետո քայլում էի ցրված,  մռայլ  ու ամայի, ասես  Ահեղ դատաստանն արդեն կատարվել էր եւ կատարվել էր առաջին հերթին իմ մեջ, իմ մտքում: Հարցեր էի տալիս, որոնց չէի կարող պատասխանել: Ես գտնում էի պատասխաններ, որոնց հակադարձող հարցեր  չունեի: Գլխահակ հետեւում էի ավելի ու ավելի կարճացող ստվերիս: Ստվերով շոյում էի հողը, որից պիտի բաժանվեի շուտով եւ որին կապված էի ոչ պակաս, քան ստվերս` ինձ: Շուրջս գնալով դատարկվում էր: Ձայները խլանում էին: Լույսը գնալով ընդլայնվում էր, ուժգնանում`  ձեռքի ափի տեսք ընդունելով:



Շուտով  հասա ընդարձակ դաշտավայր հիշեցնող մի կանաչապատ տարածք, որի կատարյալ լռությունը խախտում էր քամու թեթեւ գվվոցը: Մարդ չկար: Մտածեցի` շրջակա լուսավորությունից են խուսափել, ենթադրելով, որ առաջին հարվածն այստեղ կհասնի: Չնայած անձրեւի բացակայությանը, հարթ խոտածածկույթին պսպղում էին անթիվ մանր ու խոշոր կաթիլներ: Կարծես ինչ-որ մեկի արցունքները տրորելով փորձում էի կռահել, թե որ քայլի վրա կընդհատվի կյանքը, եւ ինչ կհասցնեմ տեսնել: Կընկալե՞մ տեսածս, կլսե՞մ աղմուկ: Կուրորեն առաջ էի ընթանում` չհամարձակվելով դիմացս նայել, հետեւում թողնելով ջահել քաղաքակրթության զառամ ուրվապատկերը, որ այլեւս չպիտի տեսնեի: Տարօրինակ զգացումով համակված, կանխատեսում էի  չգոյությանը նախորդող ինչ-որ ազդեցիկ ու նշանակալից գոյության մոտենալը, ինչպես մետրոյում, երբ դեռ գնացքի լուսարձակները չտեսած եւ ձայնը  չլսած, արդեն զգում ես դեմքիդ թունելի խորքից փչող օդի ծանրությունը, եւ ինչքան ավելի է մոտենում գնացքը, այնքան ավելի ես հեռանում կառամատույցից, փախչում մահվան ձգողականության դաշտից` ընդդիմանալով առանց պատճառի մեռնելու գայթակղությանը: Հիմա իմ դանդաղ ընթացքն էր մոտեցնում ինձ շնչառության, որ մետրոյի թունելի ծանրությունն ու  սպառնալիքը  չուներ,  դաշտածաղկի  պես  թեթեւ էր  ու  բուրավետ:



Առաջինը տեսա բարձր, սեւ կրունկները, հետո՝ մերկ սրունքները: Բարձրացրի հայացքս: Անշարժ կանգնել էր` մինչեւ ազդրերը հասնող վառ կարմիր, ծոպավոր զգեստով: Նուրբ, փխրուն կազմվածքով սեւամորթ մի աղջիկ էր` թիկունքից կռահվող տխուր հայացքը մոմերի պես հանգչող հեռուներին հառած: Սկզբում վարանեցի հետը խոսել: Պատրաստվում էի անցնել կողքով եւ բավարարվել քսան-երեսուն քայլ հեռավորությամբ իբր թե պատահաբար շրջվել-նայելով: Բայց կտրուկ սաստկացած քամուց հասկացա, որ ուրիշ ոչ մեկին հանդիպելու, ճանաչելու եւ հպվելու հնարավորություն այլեւս չեմ ունենա: Ես մոտեցա նրան ու մեղմ բռնեցի ձեռքը: Թեթեւակի ցնցվելով` նա իմ կողմը շրջվեց, ետ տարավ մազերն ու անհույս պարտվածի` սիրտ ցավեցնելու չափ խաղաղ ժպիտով նայեց աչքերիս:



Մենք ծանոթ չէինք, բայց թվաց ճանաչում ենք իրար վաղուց: Նրա զուսպ ու ներդաշնակ տեսքից անհաղթահարելի ցանկություն արթնացավ թաքնվել նրա խիտ, փարթամ մազերի մեջ եւ փրկվել: Հանկարծ զգացի, որ վաղուց եմ սիրում այդ թխամաշկ, քնքուշ աղջկան, որ ամբողջ կյանքումս միայն նրան եմ փնտրել` անընդհատ ու ամեն տեղ, բայց սիրո ամենանուրբ ու վեհ դրսեւորումների համար այլեւս ժամանակ չկա: Կիզակետին հասած Լույսը կուրացուցիչ ճառագում էր մեր գլխավերեւում:



Ես մոտեցրի դեմքս նրա ճերմակած  դեմքին  ու  գրեթե  անլսելի  շշնջացի.



- Կարո՞ղ եմ քեզ համբուրել:



Նա ասես սպասելով այդ հարցին, ավելի մեղմ ու տխուր ժպիտով վերցրեց մյուս ձեռքս եւ թույլ սեղմեց.



- Մենք երբեք չենք կարող միասին լինել:



Լուռ գրկախառնվեցինք: Փակ աչքերով դողում էինք ցավից, ցրտից ու անհուսությունից: «Հաջորդ պահից այլեւս ոչինչ չի լինի` ոչ մենք, ոչ մեր սերը, մնացած աշխարհը»: Բայց այդ ակնթարթում ամենացավալին գիտակցումն էր, որ եթե նույնիսկ կյանքը շարունակվեր, եւ աշխարհը մնար իր նախկին տեսքով, միեւնույն է, մենք միասին չէինք լինի, նույն րոպեին կբաժանվեինք՝ ասես չէինք էլ հանդիպել:



Տիգրան Կիրակոսյան