Կործանման ճանապարհի ընտրության առաջ

Կործանման ճանապարհի ընտրության առաջ
Եթե որեւէ մեկը սրանից մի հինգ տարի առաջ ասեր, որ հնարավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանին վերակենդանացնել, կհավատայի՞ք:



Լեւոնը բերեց Ռոբերտին, Ռոբերտը բերեց Սերժին, Սերժը բերում է Լեւոնին… Սրա զուգահեռը տեսեք Ռուսաստանում` Ելցինը բերեց Պուտինին, Պուտինը բերեց Մեդվեդեւին, Մեդվեդեւը, քանի որ Ելցինին չի կարող բերել, հավանաբար դարձյալ կբերի Պուտինին… Քաղաքական հետնորդների կամ թայֆայության ինստիտուտը գործում է անթերի, այնպես չէ՞:



Այս տեսանկյունից, եթե ազատ աշխարհը չհաշվենք, ամենաազնիվը ԽՍՀՄ Կոմկուսի գենսեկներն էին: Լենինի գործին հավատարիմ, Լենինի օրինակին հետեւելով` նրանցից ոչ ոք չվերակենդանացավ եւ ավելին` ոչ մեկն իր քաղաքական հետնորդին գենսեկ չնշանակեց:



Ղեկավարների «ընտրության» հարցում մենք (ռուսներն էլ մեզ հետ) միջին դիրք ենք զբաղեցնում մի կողմից Ադրբեջանի, Եգիպտոսի եւ Լիբիայի, իսկ մյուս կողմից Թուրքմենբաշու եւ Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ: Մենք ազատ երկիր չենք, բայց նաեւ առաջինների պես մեր որդիներին չենք բազմեցնում նախագահի աթոռին եւ երկրորդների պես էլ ցմահ չենք: Այսինքն՝ ժողովրդավարության մի տեսակ ենք որդեգրել, որ ամենաանհասկանալին է ոչ միայն մեզ, այլեւ Արեւմուտքի եւ ողջ ազատ աշխարհի համար: Մեզ մոտ նախագահները հաջորդում են միմյանց, բայց դրանից ոչինչ չի շարժվում տեղից, եւ նույնիսկ մարդիկ չեն փոխվում` նույն դեմքերն են, բութ հայացքները, նույն բանավոր պայքարը կոռուպցիայի դեմ, նույն անհաջողությունները, նույն շքերթային ուռա առաջընթացը, նույն օլիգարխիան` մի քիչ ավել, մի քիչ պակաս, իշխանության թեւերի հլու-հնազանդությունը բարձրագույն իշխանությանը եւ որպես այս ամենի անբաժան հետեւանք` անկախության մսխումը բոլոր ոլորտներում` մայրենի լեզվից մինչեւ գյուղատնտեսություն:



Մեր վերանկախացումից քսան տարի անց, փոխանակ հարց տանք ինքներս մեզ, թե ուր ենք հասել, թե ինչ ենք հասցրել անել, թե ուր ենք ուզում գնալ, աներեւակայելի է, հարցնում ենք` դեռ ինչքա՞ն կկարողանանք ձգել:



Դժվար չէ հասկանալ, որ Ալիեւի, Մուբարաքի, Քադաֆիի, Թուրքմենբաշու, Նազարբաեւի ռեժիմները ապագայի ռեժիմներ չեն: Դրանց մի մասը կործանվել, մյուսներն էլ կործանման ճանապարհին են: Իսկ մենք, որ նրանց արանքում ենք ու մեր աչքով ենք տեսնում նրանց կործանման հաստատուն ընթացքը, ոչ մի կերպ չենք համակերպվում մեր տձեւ ռեժիմից հրաժարվելու մտքի հետ: Ինչո՞ւ, ինչների՞ս է պետք, ինչո՞ւ ենք մոռացության գզրոցներից Լեւոն Տեր-Պետրոսյան պեղում, ով յոթ տարի շարունակ իր գործով մեր աչքի առաջ է եղել, ինչո՞ւ պետք է հույս կապենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի հետ, որը, ինչպես գործողը, ունակ է սպասարկել միայն իր մերձավոր շրջապատի եւ օլիգարխիայի շահերը:



Ինչի՞ հետեւանք է կանգ չառնող հայրենալքությունը, ինչի՞ հետեւանք է ահռելի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների առկայությամբ տոննաներով այս կոսմետիկայի գործածությունը` ամրագոտիներից սկսած մինչեւ ճիզվիտական երկխոսություն, որ բոլորովին կապ չունի հայի ու հայության հետ:



Մեկ-երկու հասարակ օրինակ բերեմ Տիգրան Սարգսյանի բազմաչարչար կառավարության առօրյայից: Ժողովրդի հետ այլեւս համակարգիչներով շփվող տնտեսության մեր պատասխանատուներից, խնդրում եմ, փորձեք պարզել` որքան կհերիքեն Հայաստանին շաքարի եւ ալյուրի պաշարները, եթե, Աստված մի արասցե, երկիրը հայտնվի պատերազմի եւ 100 տոկոսանոց բլոկադայի մեջ: Ձեզ գիտե՞ք ուր կուղարկեն: Սամվել Ալեքսանյանի մոտ: Մի փաստ էլ. պանիրն ու ոչխարի միսը թանկացավ, չէ՞: Փոխանակ կառավարությունը հայտարարեր, թե որտեղ է սխալվել, եւ ինչի հետեւանք է այդ ամենը, գյուղնախարարի մակարդակով վազեց շուկա եւ խանութներ` համոզվելու համար` թանկացե՞լ են արդյոք ոչխարի միսն ու պանիրը, թե՞ լրագրերն են ստում: Փոխանակ զբաղվեն գների կարգավորման մեխանիզմների մշակմամբ, գնապիտակների վրա են մոնիտորիգ կիրառում եւ դեռ մի բան էլ նեղանում, երբ սուպերմարկետի մսավաճառը գյուղնախարարին ասում է. «Հոպար ջան, էս ա, ուզում ես առ, ուզում ես մի առ, հո իմ տնից չե՞մ բերել»:



Ուր նայում ես` նույն անոտուգլուխ վիճակն է: Արդեն հաց ճարելու վերջին հույսն են սպանում մարդկանց մեջ, որ թողնեն-հեռանան երկրից: Ուրիշ բացատրություն չկա` ռեժիմն այլ կերպ չի կարող գոյատեւել: Այլ երկրներում, եթե մի նորարարություն են ուզում անել, նախ փորձարկում են այն, տեսնում սպասելի ու անսպասելի հետեւանքները: Իսկ մեզ մոտ, եթե մի բան որոշեցին, սկսում են իրականացնել հաջորդ վայրկյանից, ասես խոսքը ոչ թե մարդկանց, այլ միջատների մասին է: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ համակարգի ներկայացուցիչն է: Քանի՞ ընտանիք դժբախտացավ ու հացից զրկվեց նրա պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում:



Կառավարությունը պարոն Կարապետյանի գործունեության հետեւանքների նախնական պատկերն ունի՞ արդյոք, չի՞ կարողանում հարգելի քաղաքապետին հասկացնել, որ Երեւանի արտաքին այլանդակված տեսքից առաջ գոյություն ունեն մարդկային հանապազօրյա խնդիրներ, որոնք անտեսել չի կարելի հանուն ուզածդ քաղաքի: Էհ, որ տեսնում ու հասկանում են, դրանից ի՞նչ օգուտ, եթե չեն համարձակվում պարոն Կարապետյանին բան ասել: Չէ՞ որ նրան վերեւից են նշանակել: Բուրգը, բուրգը թույլ չի տալիս Կարապետյանին բան ասել: Այն մի քանի կոպեկի առեւտուրն էլ, որ կրպակներն են անում ու դրանով կերակրում հազարավոր ընտանիքների, պետք է տեղափոխվի օլիգարխների սուպերմարկետներ: Սա համակարգի հրամայականն է, եւ Կարապետյանն անձամբ մեղք չունի:



Ի՞նչ է իրենից ներկայացնում մեզ պատուհասած այս նոր ցավը, որին ՀԱԿ-կոալիցիա երկխոսություն անունն են տվել: Մեր կարծիքով` փտած, քայքայված, ներսից կերված համակարգն ինքն իրեն փրկելու, վերարտադրվելու փորձեր է անում: Ամենավերջին իդիոտին էլ հասկանալի է, որ յուրաքանչյուր իշխանություն, եթե նրան իրականում դեմ տային պատին, ամեն ինչ մոռացած, կսկսեր բարեփոխումներ իրականացնել, որպեսզի թուլացներ ներքեւից եկող ճնշումը: Բայց մեր իշխանությունն ասես հաճույք է ստանում Կոնգրեսի կողմից «պատին դեմ տրվելուց» եւ դեռ մի բան էլ շարունակում է ուժեղացնել ճնշումը ներքեւների վրա: Ինչպե՞ս հասկանալ այս անոմալիան, որ հայտնի չէ որեւէ քաղաքակրթության:



Ամփոփենք: Որքան էլ զարմանալի է՝ ժողովուրդն է դժկամորեն ընդունում, որ իր դժբախտությունների բուն պատճառը համակարգն է, այն համակարգը, որ ամեն անգամ գրոշներ ծախսելով, վերարտադրվում է եւ առանց երկար մտածելու տակն անում հետագա տարիներին ստեղծվող համաժողովրդական բարիքը: Մինչդեռ իր ստեղծած բարիքի տերը ժողովուրդը պետք է լինի: Ինչո՞ւ են մարդիկ գնում վերակենդանացած քաղաքական դիակների ու իրենց խայտառակած իշխանությունների հետեւից: Մենք դեռ պետք է հասկանանք այս երեւույթը: Ինչո՞ւ են ընտրությունը կատարում վատի ու ավելի վատի միջեւ: Ժամանակը չէ՞ արդյոք հնից ձերբազատվելու, նորն ընտրելու, նորին վստահելու:



Էդիկ Անդրեասյան