Կարեւորը՝ մսի պասաժ չլինի

Կարեւորը՝ մսի պասաժ չլինի
«Հայ Արտ» մշակութային կենտրոնի տարածքում տեղակայված «Էդվարդ Իսաբեկյան» ցուցասրահն արդեն մի քանի տարի է՝ վերանորոգված, պատրաստ վիճակում է, բայց դեռ շարունակում է իր դռները փակ պահել: Իսկ այն բանից հետո, երբ վերջերս քաղաքապետը «Հայ Արտ» մշակութային կենտրոնի գործունեության նպատակահարմարությունը կասկածի տակ դրեց, խոսակցություններ են շրջանառվում, որ Էդվարդ Իսաբեկյանի որդին՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ուզում է «Հայ Արտի» շենքը սեփականաշնորհել ու դարձնել Էդվարդ Իսաբեկյանի թանգարան:



Մեզ հետ զրույցում Արամ Իսաբեկյանն այս խոսակցություններին այսպես արձագանքեց. «Նախ այդտեղ մի հատ շենք չի՝ 4-5 հատ շենք է, վարձակալության տրված տարածքներով, իսկ սա առանձին շենք է, որը մենք վերանորոգել ենք նաեւ իմ ընտանիքի միջոցներով, մնացածը «Հայ Արտինն» է: Իսկ դա պատրաստվել է, որ լինի Իսաբեկյանի թանգարան, ես եմ այդպես մտածել:«Հայ Արտի» շրջանակներում չստացվեց իրականացնել, որովհետեւ փակ բաժնետիրական ընկերություն է՝ իր օրենքներով: Հիմա թե «Հայ Արտը» խնդիրներ ունի քաղաքապետարանի հետ, թե չէ, դա ինձ չի վերաբերում»: Նա նշեց, որ ոչ մի հավակնություն չունի տարածք վերցնելու. «Դա քաղաքապետարանինն է, ո՞ւր վերցնեմ, եթե ես ուզենայի վերցնել, ինձ դրանից առաջ էլ էին մի քանի անգամ առաջարկել: Այդ հարցը միշտ դրվում էր այն պլանով, որ «Հայ Արտի» մեջ պետք է գործի, իսկ «Հայ Արտն» ինքնաֆինանսավորվող հիմնարկ է»:



Արամ Իսաբեկյանը նշեց, որ իրենց ընտանիքը պատրաստ է պետությանը նվիրել մոտ 60 աշխատանք եւ ցանկացած վայրկյանի կարող է դա անել, եթե ցուցասրահին թանգարանի կարգավիճակ տան, ու հենց այդ պատճառով է, որ 2 տարի է արդեն՝ ցուցասրահը չի բացվում. «Ես ուզում եմ, որ թանգարան լինի, որովհետեւ, դրանից ելնելով, ուրիշ հարցեր էլ են լուծվում՝ պահպանման, ապահովության, ջեռուցման, օդափոխության, հաստիքների: Վերջապես ես պիտի իմանամ ում եմ նվիրում այդ աշխատանքները»:



Իսկ քանի որ մշակութային օջախը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, ապա թանգարանի կարգավիճակը ցուցասրահին պետք է շնորհի հենց քաղաքապետարանը. «Ես ելքեր եմ առաջարկել այդ վիճակից՝ կամ պետությանը հանձնել այդ շենքը, կամ մշակույթի նախարարությանը, ով պատրաստ է նույնիսկ արենդայով վերցնել, որպեսզի կազմակերպի դա»: Այն դիտարկմանը, թե ո՞վ է խանգարում իրեն, համաձայնություն չի՞ կարողանում ստանալ «Հայ Արտից», Արամ Իսաբեկյանը պատասխանեց, որ այստեղ «Հայ Արտը» չի որոշում, այլ՝ քաղաքապետը.



«Նախկին քաղաքապետի հետ վիճել էինք, այդ հարցը դրել էի մի կողմ, մինչեւ լավ ժամանակներ գային, եկավ էս ժամանակը, դիմեցի այս քաղաքապետին, սա էլ ասեց՝ ներկայացրեք բիզնես առաջարկ, թե ինչպես կարող եք ինքնաֆինանսավորել, ինչը հնարավոր բան չէ: Եթե մեկը կարծում է, որ թանգարանը, ցուցասրահը կարող է ինքն իրեն ֆինանսավորել ու այդ հաստիքները պահել, դա աբսուրդ է. աշխարհում նման բան չկա, ու նույնիսկ Լուվրը ինքնաֆինանսավորումով չի՝ էլի պետությունը մասնակցություն է ունենում: Իսկ այդտեղ ահռելի աշխատանք է արված, ու ես պիտի հասնեմ նրան, որ այդ թանգարանը բացվի, պետության համար դա տարեկան մի քանի կոպեկ փող է: Հիմա մտածում եմ, որ միայն նախագահը կարող է լուծել այս հարցը, արդեն դիմել եմ իրեն, որ ընդունի ինձ, որպեսզի բացատրեմ ինչն ինչոց է: Հավատացած եմ, որ ընթացք կտա: Այդ ամեն ինչին ծանոթ է նաեւ Հասմիկ Պողոսյանը, ինքն էլ է խառնվել, ուզում է լուծում տալ այս հարցին, նախկին քաղաքապետի հետ էր հանդիպել»:



Այն դիտարկմանը, թե որպես թանգարանին այլընտրանք, լավ չէ՞ր լինի ժամանակավորապես մի քանի տարի որպես ցուցասրահ գործել, Արամ Իսաբեկյանը պատասխանեց. «Երբ ցուցասրահը բացում են, գոնե մի 5 հոգի պիտի գա աշխատի, բայց ո՞վ գա աշխատի, ես ո՞ւմ պիտի նվիրեմ այդ աշխատանքները, ապահովությունը ո՞նց պետք է լինի. հազար հարցեր են բացվում, ո՞վ գիտի՝ կարող է բացվելուց հետո էլ աշխատանքները հանեն ու ասեն՝ գազանների ենք ցուցադրում»:



Ըստ նրա՝ ցուցասրահի եղած տարածքն էլ կբավականացնի թանգարանի համար, եթե այդ կարգավիճակը տան: «Հիմա եթե այդ որոշումը լինի, մեկ շաբաթից էլ կարելի է բացել: Ես քաղաքապետարանի հետ վեճ չունեմ, առաջարկ ունեմ, ուզում եմ առանձին ֆինանսական օղակ լինի, իր տնօրենով հանդերձ, իսկ տնօրենն ով ուզում է, թող լինի: Ես դրանից հետո քաշվելու եմ մի կողմ, ոչ մի հավակնություն չունեմ»,- նշեց պարոն Իսաբեկյանն ու հավելեց, որ տեղի իմաստով, ճիշտ է, այնքան էլ հարմար չէ, բայց արդեն հարմարեցրել են, վերանորոգել: Ցուցասրահի մուտքն էլ առանձին փողոցից է, ու թե կողքն ինչ կլինի, ինչ չի լինի, դա չի խանգարում. «Կարեւորը՝ մսի պասաժ չլինի»: