Ամբո՞ղջը, թե՞ մասը

Ամբո՞ղջը, թե՞ մասը
Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ բողոքել խավարից, ասում է հայտնի ասացվածքը: Կարո՞ղ էր արդյոք ընդդիմությունն այս տարիներին փորձել փոքրիկ քայլերով մոտենալ իշխանության բարձունքներին, փորձել տեղական ինքնակառավարման մարմիններում տեղ զբաղեցնել, վերջապես՝ վերցնել Երեւանի ավագանու մանդատները, ինչը երեկ հրապարակված «Վիքիլիքսի» նյութերից հայտնի դարձավ, որ դատապարտել է անգամ ԱՄՆ դեսպանը: Գուցե ճիշտը Տեր-Պետրոսյանի ընտրած մարտավարությո՞ւնն է՝ «ամբողջը կամ ոչինչ» կարգախոսով: Երեկ խմբագրության մուտքի մոտ «Հրապարակի» խմբագրին էր սպասում մի տիկին, որը դժբախտություն էր ունեցել 2 օր առաջ «Ֆիրդուսնոցից» կոշիկ գնել: Այն հաջորդ օրն իսկ պատռվել էր, փորձել էր վերադարձնել, վաճառողը կոշիկը «գլխովն էր տվել»: Կիրթ, գրագետ տիկին էր, որի համար հավանաբար այդ 3 հազար դրամը որոշիչ էր, որ եկել-հասել էր խմբագրություն ու խնդրում էր «լրագրող տալ, որ իր հետ գնա եւ այդ կնոջը վախեցնի»: Մենք, որ գլոբալ թեմաներով ենք զբաղված՝ երկխոսություն, ընտրություններ, կադրային փոփոխություններ, տարածաշրջանային շահեր ու մեծ քաղաքականություն, հաճախ չենք նկատում մեր կողքին ապրող մարդկանց: Նրանց խնդիրները մեր աչքին փոքր ու ճղճիմ են թվում՝ մենք մեր առաքելությունը տեսնում ենք համազգային թեմաներ արծարծելու, առնվազն նախարարների ու նախագահների կոռուպցիան բացահայտելու մեջ: Սակայն տարեց կնոջը մերժելը դժվար էր, եւ մեր լրագրողը՝  որպես ոստիկան, նրան ուղեկցեց մոտակա շուկան: Պարզվեց՝ վաճառողն առյուծ է կտրել միայն այդ խեղճուկրակ կնոջ ներկայությամբ, իսկ 20-ամյա մի վտիտ լրագրող նրան կարող է այնպիսի սարսափի մատնել, որ նա պատրաստ է անմիջապես վերադարձնել անորակ ապրանքի գինը՝ մենակ շառից ազատվի: Սա, կարծում եմ, մեր վառած մոմն էր խավարի մեջ: