Քաղցկեղասպան վիրուս է ստեղծվել

Քաղցկեղասպան վիրուս է ստեղծվել
Գիտնականները ստեղծել են վիրուս, որը, մարդու արյան մեջ ընկնելով, սպանում է քաղցկեղային բջիջները: Վիրուսը ստացել են նախկինում լայն կիրառություն ունեցող ծաղկախտի դեմ պատվաստանյութից: Քաղցկեղի տարբեր տիպերով հիվանդ 23 կամավորների հետ անցկացված փորձը ցույց է տվել, որ վիրուսը ազդում է միայն ուռուցքի վրա` շրջանցելով առողջ հյուսվածքները: Ուռոցքաբանները փորձի արդյունքները խոստումնալից են համարում, թեեւ վիրուսային թերապիայի մշակման աշխատանքները դեռեւս վաղ փուլում են: Քաղցկեղային բջիջները վիրուսի միջոցով վերացնելու գաղափարը նոր չէ: Սակայն մինչ օրս ենթադրվում էր, որ վիրուսը պետք է անմիջականորեն ուռուցքի մեջ ներարկվի, որպեսզի իմունային համակարգը չհասցնի այն վերացնել ժամանակից շուտ: JX-894 անունը կրող վիրուսը կամավորներին ներարկվել է միջերակային եղանակով: «Սա թույլ է տալիս ազդել ամբողջ մարմնով տարածված ուռուցքների վրա, եւ ոչ միայն նրանց, որոնք անմիջական ներարկման հնարավորություն են տալիս»,- ասել է գիտափորձի ղեկավար, Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելը:



Վիրուսի ամենաբարձր չափաբաժինը ստացած ութ հիվանդից յոթի մոտ վիրուսը բազմանում էր միայն ախտահարված հյուսվածքներում` չտարածվելով առողջների վրա: Այն կանգնեցրել է ուռուցքի աճը վեց հիվանդի մոտ: Վիրուսը, սակայն, չի բուժել նրանց: Փորձը կոչված էր դեռեւս վիրուսի անվտանգությունը հաստատելու, այդ պատճառով հիվանդները միայն մեկ չափաբաժին են ստացել:



Լոնդոնի ուռուցքաբանական ինստիտուտւ ղեկավար պրոֆեսոր Նիք Լեմոյնը ասել է BBC-ին, որ բացառապես ուռուցքների մեջ բազմացող վիրուսը իրական հույս է: «Հատկապես հույս է ներշնչում այն, որ արդյունքները տեսանելի են եղել նույնիսկ մեզոտելիոմայի դեպքում, ամենադժվար բուժվող քաղցկեղի», - ավելացրել է Լեմոյնը: