60 հուշ Հովհաննես Մելքոնյանի մասին

60 հուշ Հովհաննես Մելքոնյանի մասին
«Հովհաննես Մելքոնյանը ժամանակակիցների հուշերում». այսպես է կոչվելու 2009թ. ավտովթարի պատճառով կյանքից վաղաժամ հեռացած արձակագիր Հովհաննես Մելքոնյանի մասին պատմող գիրքը: Գրքի խմբագիրն ու կազմողը Հովհաննես Մելքոնյանի որդին է՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, որն այս նախաձեռնությունը բացատրեց ոչ թե անձնական նկատառումներով, այլ.



«Հենց միայն այն պատճառով, որ ես մանրամասն ծանոթ եմ եղել նրա ստեղծագործական ուղուն, նրա մոտեցումներին, բացի այդ, ինքս բանասիրական գիտությունների թեկնածու եմ գրականության գծով: Եվ 3-րդ՝ նրա յուրահատուկ կերպարը թույլ չի տալիս ինձ, որ այդ գործը վստահեմ ուրիշի»: Ռուբեն Մելքոնյանը հավելեց, որ գրքի հարցում խորհրդակցում եւ հաշվի է առնում բոլորի կարծիքը, բայց հիմնական պատասխանատվությունն իր վրա է վերցրել:



Գիրքը հրատարակության պատրաստ կլինի տարեվերջին եւ նվիրվելու է գրողի ծննդյան 75-ամյակին. «Քանի որ 2012թ.-ին լրանում է Հովհաննես Մելքոնյանի 75-ամյակը, ապա գրքի շնորհանդեսը, ենթադրաբար, կլինի մյուս տարվա սկզբին, որի ժամանակ կներկայացվի եւ այդ գիրքը, եւ նրա լիակատար երկերի ժողովածուի 1-ին հատորը, որտեղ ներառված կլինեն եւ տպագրված, եւ անտիպ գործեր: Այդ առիթով նախատեսվում են նաեւ մի շարք միջոցառումներ»:



Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ գրքի կառուցվածքին շատերն են արդեն հավանություն տվել, մոտավորապես 60 հոգու կարծիք է զետեղված այնտեղ: Հեղինակները, որոնք արտահայտվել են Հովհ. Մելքոնյանի մասին, իր կյանքի տարբեր տարիներին նրա հետ առնչված մարդիկ են՝ հիմնականում գրողներ, հայտնի գրականագետներ, արվեստի մարդիկ, ինչպես նաեւ մանկության ընկերները, համադասարանցիները: Հրատարակության մեջ տեղ են գտնելու նաեւ Մուշեղ Գալշոյանի՝ 1970թ. Հովհաննես Մելքոնյանին գրած անտիպ նամակները, որոնք, ըստ նրա որդու, նաեւ գրական բանավեճ են իրենց մեջ պարունակում: Գրքում զետեղված կլինի նաեւ արձակագրի մահից հետո «Հրապարակ» օրաթերթում բանաստեղծ, լրագրող Գայանե Բաբայանի հեղինակությամբ գրված հոդվածը՝ նվիրված Հովհաննես Մելքոնյանի հիշատակին: Տպագրությունն իրականացվելու է բացառապես որդու միջոցներով՝ «ոչ մեկին չեմ դիմել եւ չեմ էլ դիմելու»:



Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ գրքի հիմնական նպատակը ոչ թե մեծարանքի խոսքերն են Հովհաննես Մելքոնյանի հասցեին, այլ նրա կերպարի բացահայտումը. «Ընտրվել են մարդիկ, ովքեր տարբեր կողմերից ծանոթ են եղել նրան եւ իրենց հուշերով կարողանում են բացահայտել ու ամբողջացնել այդ կերպարը»: