Թե ինչպես է անիծում ու սպառնում Մառոզը (աուդիո)

Թե ինչպես է անիծում ու սպառնում Մառոզը (աուդիո)
Այսօր «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատական առաջին նիստն էր: Մառոզը դատարանում վիճարկում է մեր այն հրապարակումը, որտեղ գրել էինք, որ նա ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել հրամանատարական կազմի հետ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Այդ լուրից հետո կինն արշավել էր խմբագրություն՝ ջարդել, փշրել, հայհոյել ու անիծել էր ներկաներին՝ լրագրողներին ու խմբագրին, եւ անարգել հեռացել:



Հետո արդեն նա բոլորին վստահեցնում էր, որ ինքը որեւէ վիճաբանություն չի սարքել եւ հարցազրույցներ էր տալիս՝ պնդելով, որ «Ես օրինակելի ծնող եմ եղել, օրինակելի հարս, որեւէ մեկը չի կարող ասել, որ մեկ անգամ իմ բարձր ձայնը լսել է»: Այս պնդումներին հավատաց անգամ դատախազությունը, որը մերժեց մեր դիմումը եւ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցեց: Սակայն այսօր Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մառոզն ապացուցեց, որ մեր վերը նշված տեղեկությունը, որը հերքելու պահանջով նա մտել է դատարան, հեռու չէ իրականությունից:



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօր դատական նիստի ավարտից հետո տիկին Մարգարիտայի «ելույթը»: Նա անդադար անիծում էր ե՛ւ մեր թղթակցին, ե՛ւ փաստաբանի: «Սեւ շորերս մամատ հագնի ու գա դատարանի դահլիճ… Իմ շորերը տամ մամադ հագնի», «Բալա բառը կպնի բալիդ դագաղին…», «փաստաբանա էկել, բալիդ փաստաբանը ըլնես…». անդադար անիծել է Մառոզը եւ վերջում հավելել. «Գիտես վախենո՞ւմ եմ դատվելուց: Ձեզ խփելուց հետո կդատվեմ: Ձեր դիակը փռելուց հետո: Մոռացել եք մի բան էլ գրեք, որ անձնական զենք ունեմ»: