Համբարձումյան Գագիկը որ կար, Ֆլեշն ո՜ւր էր

Համբարձումյան Գագիկը որ կար, Ֆլեշն ո՜ւր էր
Ճանապարհային ոստիկանության այլեւս նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը զսպեց համակարգի  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ամբիցիաները: Ալիկ Սարգսյանի դեմ աշխատողներից առավել ակտիվներն ընդհատակ են անցել: Համակարգում հումորով են խոսում Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պահվածքի մասին,  հիանում, որ նա, որպես հակառակորդ, բավականին ճկուն գտնվեց եւ ճիշտ ժամանակին անցավ ընդհատակ: Մինչդեռ Օհանյանը շարունակում էր տարբեր միջավայրերում ծաղրել ու ոչ կոռեկտ արտահայտություններ անել Սարգսյանի հասցեին:



Ինչ վերաբերում է ոստիկանության «ինքնամաքրում» կոչվող գործընթացին, ապա, շրջանառվող լուրերի համաձայն, այն շարունակվելու է բարձրաստիճանների մակարդակով, եւ չի բացառվում, որ առաջիկայում մի շարք պաշտոնանկություններ էլ լինեն: Ասում են՝ թեկնածուների թվում է նաեւ Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:



Հիշեցնենք, որ Համբարձումյանը ոստիկանապետի աթոռին ձգտողներից էր, ինչի մասին պարբերաբար գրվել է: Այսինքն, ինչպես Մարգար Օհանյանի դեպքում, այնպես էլ Համբարձումյանի, առկա է անձնական վիրավորվածության գործոնը: Նշենք, որ վերջինիս տանիքը համարվում է իր քավոր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որը, որոշ տեղեկությունների համաձայն, ինչ-որ պահից ձեռք է քաշել սանիկին վերեւներում տեր կանգնելուց: Թե որքանով են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Գագիկ Համբարձումյանից: Հարցին, թե հավանական համարո՞ւմ է այս օրերին  իր պաշտոնանկությունը, նա պատասխանեց.



«Ամեն ինչ էլ հավանական է, ինչ ասեմ: Բայց նաեւ հավանական չէ»: Դիտարկմանը, թե վերեւի՞ց է հանձնարարվել վերանայել իր պաշտոնավարելու նպատակահարմարությունը, ասաց, որ ինքը դրա մասին տեղեկություն չունի: Ասաց նաեւ, որ իր համար «տրագեդիա» չէ պաշտոնից զրկվելը: Ինչ վերաբերում է քավոր Բեգլարյանի տանիք լինելուն, պատասխանեց. «Մի բան ասեմ՝ իմանաք, որ երբ Համբարձումյան Գագիկը Համբարձումյան Գագիկ էր, քավորը, ում որ նկատի ունեք... նրա մասին դեռեւս ոչ մեկը չէր գրում: Հարցերը հետուառաջ մի դրեք, գեղեցիկ չէ էդ բանը»:



Ամեն դեպքում Ձեր պաշտոնանկության համար հիմքեր կա՞ն,- հարցրինք Համբարձումյանին, վերջինս էլ վրդովված ասաց, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ նման հարցեր տալը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե, որպես բարձրաստիճան պաշտոնյա, ինչպե՞ս է վերաբերվում համակարգի վերջին աղմկոտ իրադարձություններին, մասնավորապես  Մարգար Օհանյանի ձերբակալությանը:



«Իհարկե շատ վատ: Ուրիշ շեշտադրում պետք չէ, բա իհարկե՝ համակարգի համար տրագեդիա են նման երեւույթները, եթե համակարգում նման բան է տեղի ունեցել»,- կարծիք հայտնեց ՔԳՎ ղեկավարը: Հիշեցնելով Ալիկ Սարգսյանի այն գնահատականը, թե  ՃՈ պետի ձերբակալությունը պատիվ է բերել համակարգին, հարցրինք՝ արդյոք  ինքն է՞լ է այդ կարծիքին, բարձրաստիճան համազգեստավորը հրաժարվեց պատասխանել իր բնագավառից դուրս այլ հարցերի: