Մարզպետներն անկախ են ու անկախությունից գոհ

Մարզպետներն անկախ են ու անկախությունից գոհ
Անկախության տոնը ոչ միայն երեւանցիներինն է, այն, ինչպես հարկն է, նշվելու է նաեւ մարզերում: Հանդիսավոր նիստեր, տոնախմբություններ, համերգային ծրագրեր, տոնական ճաշկերույթներ, բերքի տոն: Անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպման կենտրոնն ուղարկել է մարզային միջոցառումների ծրագիրը: Զարմանալի է թերեւս, որ այդ ցանկում Սյունիքի մարզի դիմաց դատարկ է՝  ոչինչ նախատեսված չէ, այնինչ Սյունիքը միշտ ակտիվ է եղել եւ ոչ մի միջոցառում բաց չի թողել: Ուշագրավ է նաեւ, որ չնայած 20-ամյակի միջոցառումների կազմկոմիտեն չի նշել, սակայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այնուամենայնիվ զորահանդես-շքերթ է կազմակերպելու՝ նվիրված Անկախության տոնին:



Ուղղակի Լիսկան որոշել է առանձնանալ եւ սեպարատ տոն կազմակերպել իր մարզում: Սյունիքը չպետք է տարբերվի մայրաքաղաքից, եւ սյունեցին պետք է զգա, թե որքան ուժեղ է Հայաստանը՝ հայտարարել է մարզպետը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ անկախության տոնը նշելու է իր ծննդավայրում՝ լոռեցիների հետ: Մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ խառն է վարչապետի այցի կազմակերպման հարցերով:



Իհարկե խառը կլինի, մանավանդ որ լավ դաս է քաղել նախկին մարզպետի պաշտոնազրկման պատմությունից: Չէ՞ որ Արամ Քոչարյանը պաշտոնանկ արվեց հենց միայն վարչապետին չդիմավորելու եւ նրա այցը պատշաճ չկազմակերպելու պատճառով: Իսկ թե ինչ տվեցին անկախության անցած տարիները նրան, 20-ամյա հանրապետության ամենաերիտասարդ մարզպետն ասաց, որ չի կարող այդ հարցին սեղմ պատասխանել: «Դա մեծ հարց է, ու ժամերով պիտի խոսեմ»,- ասաց Արթուր Նալբանդյանը:



Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարզապես ուրախ է, որ հաղթահարվել են անկախության անցումային տարիները, եւ կյանքը գնալով բարելավվում է: Հավանաբար մարզպետն իր ու իր ընտանիքի կյանքը նկատի ուներ, ուստի լիովին համաձայն ենք իր հետ: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի համար անցած 20 տարին ամեն ինչ է՝ «պետական, անձնական երջանկություն, հպարտություն, ազգային ինքնագիտակցության դրսեւորում»:



Նույնն անշուշտ չեն ասում նրա մարզի բնակիչները, որոնք շարունակ բողոքում են մարզպետի կողմից մարզը վոտչինայի վերածելու, կադրային կամայական փոփոխություններ անելու, կուսպատկանելության համար մարդկանց հալածելու եւ այլ դրսեւորումների համար: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին անկախության տարիներն ազատ մտածելու-արտահայտվելու հնարավորություն են տվել: Նաեւ նախաձեռնությունների իրականացում, որ ինքը չէր կարողանում կյանքի կոչել խորհրդային տարիներին:



Անշուշտ, խորհրդային տարիներին ո՞վ թույլ կտար, որ կուսռայկոմի քարտուղարն իր որդուն, ասենք՝ կոմսոմոլի ռայկոմի քարտուղար դարձներ, իսկ Շահգալդյանին հաջողվել է որդուն Չարենցավանի քաղաքապետ կարգել եւ արդեն մի քանի «սռոկ»: Անկախությունը, մասնավորապես, փոխել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գիտակցությունը: Նրա խոսքով, անցած 20 տարին մեծ նվաճում է, ու պետք չէ տրտնջալ:



Եթե անգամ մարդը ոչ մի տեղ չի աշխատում, նրա եկամտի աղբյուրը դրսում համբալություն անող որդու ուղարկած մի քանի կոպեկն է, իսկ Տավուշի մարզում այդպիսիք շատ են, նա, ըստ մարզպետի, տրտնջալու իրավունք չունի: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի համար անկախությունը խոսք չէ, այլ արժեք, որը ձեռք է բերվել արյան գնով: Հավանաբար, արյան մասին հիշատակումը գալիս է «Մարտի 1»-ի դեպքերից ու ընդհանրապես՝ իր ոստիկանական անցյալից: Չէ՞ որ պրն Գիզիրյանը «փառահեղ» ուղի է անցել՝ ոստիկանությունից քրեակատարողական համակարգ եւ ապա՝ մարզպետ: Ամեն դեպքում, Շիրակի մարզպետը կարծում է, որ անկախության ներկայիս սերունդը պետք է փայփայի ու չկորցնի ձեռք բերվածը:



Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, անձամբ է մասնակցել ազգային զարթոնքին. գործի  բերմամբ աշխատելով Սյունիքում՝ նաեւ սահմանների ազատագրմանն է մասնակցել:



«Զոհողությունների գնով ձեռք բերած ազատությունը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին: Պիտի խոնարհվենք զոհվածների առաջ եւ  սովորեցնենք երիտասարդ սերնդին անկախության արժեքներով ապրել»,- ասաց Է. Բարսեղյանը: Այո, անկախությունը հատկապես Էդիկ Բարսեղյանին շատ բան է տվել՝ նա միշտ բարձր պաշտոնների է եղել, երբեք չի փայլել, ավելի շատ ձախողել է, քան արդարացրել, բայց սահուն կերպով անցում է կատարել մի աթոռից մյուսը: Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը շատ խիստ զբաղված էր անկախության միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցերով, եւ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց խոսել նրա հետ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նույնպես զբաղված էր միջոցառումներով, հետո էլ անհասանելի դարձավ:



ՀԳ - Նկատենք, որ երեկ մարզպետարանների կայք-էջերում տեղադրված էին Արագածոտնի, Արարատի եւ Տավուշի մարզպետների շնորհավորական ուղերձները:



Հասմիկ Շահվերդյան