Մեր քաղաքը. անկախ ժամեր

Մեր քաղաքը. անկախ ժամեր
Հանրապետության հրապարակով զինվորների, ռազմական տեխնիկայի հետ մեկտեղ խրոխտ քայլքով անցավ եկեղեցական մեր փաղանգը, ու երեւի Ներսես մեծ կաթողիկոսն ուրախությունից մի քանի անգամ շուռ եկավ  գերեզմանում. վերջապես եկեղեցին կրկին պետության մեջքին է, կամ՝ հակառակը. պետությունը հասկացավ, որ հոգեւորականը նույնքան հայրենիքի մարտիկ է, որքան բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր: Ինչեւէ, կարծում եմ՝ զորահանդեսի ամենահետաքրքիր զավեշտալի ակնթարթը ոչ թե սարսափ ներշնչող ռուսական տեխնիկայի ցուցադրումն էր, այլ մեր եկեղեցու ներկայացուցիչների ինտեգրումը հայոց փառապանծ բանակին:



Իրականում այնքան մեծ զարմանք չհարուցեց տարիների ընթացքում մեզ զինած ռուսական ռազմամթերքի առկայությունը, սպանելու նրա ողջ վեհությունը. «Տեսեք՝ կրակելու, ոչնչացնելու, մեր սահմանները պահելու ինչ գործիքներ ունենք: Տեսեք ինչ ուժեղ ենք, ինչ անկախ ենք, ինչ ազատ, որովհետեւ զենք ունենք, բա՞, ԶԵՆՔ»: Անկախության օրը ամեն բանի ի ցույցը ոչ թե սեփական ժողովրդին, սեփական արժանապատվությունն էր ցուցադրում, այլ ի ցույց էր արտաքին աշխարհին, չգիտեմ՝ Ադրբեջանին, ԱՄՆ-ին, իրենք իրենց, որպես իշխանական ինքնաբավության դեմոնստրացիա:



Գուցե ժողովրդավարության ցուցադրումն ավելի զգոն կպահեր արտաքին, բացասական ուժերին, բայց իշխանություններն այսօր չունեն այդ ամենաէական զենքը. ինչ ունեն՝ դա էլ ցույց են տալիս: Առավոտյան Հյուսիսային պողոտայի՝ դրոշակներով զարդարված էլեկտրասյուներն արագորեն տկլորանում էին, որովհետեւ այն, ինչ մեր մարդկանց չի պատկանում, ամենաշատն է գայթակղում, հետեւապես պատկանելության հարցը որոշվում է ակնթարթորեն` պարզ գողության միջոցով, որ շատ ժամանակ ծիծաղելու տալով, մոռանում ենք. իբր տոն է, ուրախություն է, դե ոչինչ: Հանրապետության հրապարակի մետրոյի շրջակա տարածքում նստոտած առեւտրականների դեմքերը գոհունակությունից փայլում էին, երբ անցորդները մոտենում էին ու երեխաների համար մի փուչիկ, մի տոպրակ ադիբուդի գնում: Երեւի նրանք շատ էին սպասել այս օրվան, որովհետեւ Անկախության օրը գոնե մեծ առեւտուր էր կանխորոշում: Զորահանդեսն ավարտվելուց հետո անմեղեդի հրապարակը մի տեսակ դատարկվեց, ամայացավ: Երկրի մեծամեծները գնացին ուտել-խմելու, շտապելով ճոխ ֆուրշեթների: Քաղաքի տարբեր հատվածներում  սկսվեցին օրվա տոնական համերգները, շոուներն ու ելույթները: Հյուսիսային պողոտայում գրքի ցուցադրություն- տոնավաճառ էր: Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի եւ հայ ժամանակակից գրողների գրքերը, տեղ չգտնելով ստենդների վրա, փռված էին վարդագույն սալարկին՝ ասես ընդհատակյա մութ ու վտանգավոր գործունեության դրսեւորումներ: Բայց հետաքրքրվողներ, իհարկե, կային, չնայած շատ չէին:



Տոնակատարությունների, փողոցներ դուրս գալու, զվարճանալու, պարզապես զրուցելու, խմելու, շփվելու կարիք ունեցող քաղաքի բնակիչների հոսքը սաստիկ հաճելի էր: Մտածում ես՝ ի՜նչ լավ կլիներ, եթե քաղաքը սկսեր ապրել կյանքի նման ռիթմով, նման ուրախ խանդավառությամբ:



Անկախ ժամեր անցկացնելով քաղաքում ու տեսնելով փոքրիկ երեխաների ձեռքերի փուչիկները, նրանց թշիկներին ներկված եռագույնները, երջանիկ, անհոգ, պսպղուն դեմքերը, ուզում ես հավատալ, ուզում ես փորձել հավատալ, որ գոնե նրանց համար քսան տարի հետո կլինի իսկական երկիր, իսկական պետություն, իսկական երջանկություն եւ իսկական համընդհանուր հաղթանակ: