Փոքրիկ հաղթանակ

Փոքրիկ հաղթանակ
Երեկ մենք ստացանք Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Ա.Բեգինյանի գրությունը, որով մեզ հայտնում էին, որ ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում տրված մեր հաղորդումին ընթացք են տվել՝ ««Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի կապակցությամբ ՀՀ քրօր-ի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»: Հիշեցնենք, որ տկն Մարգարիտան, որը հանրությանը հայտնի է Մառոզ մականունով, իր շքախմբով հարձակում էր գործել «Հրապարակի» խմբագրության վրա, սակայն նրա գործողություններում ոստիկանությունն ու դատախազությունը հանցակազմ չէին տեսել: Մենք ստիպված էինք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել դատարան եւ երկու աստիճանի դատարանները բավարարեցին մեր բողոքը՝ պնդելով, որ տիկնոջ եւ նրա ուղեկիցների գործողություններում կա հանցակազմ: Այժմ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը ստիպված է վերսկսել քրգործի քննությունը: Պնդել, թե այս որոշումը ցանկալի ընթացք կստանա ու բնական ավարտ կունենա եւ տիկինը կպատժվի իր անվայել արարքի համար, մենք չենք կարող: Նմա՜ն գործեր են «ջրվել» ոստիկանության ու դատախազության թեթեւ ձեռքով: Այս պարագայում կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ դիմեցինք դատարան եւ մի քանի ամիս շարունակ հետեւողականորեն պնդեցինք մեր բողոքը: Բանն այն է, որ երբ կոչ ես անում ՀՀ քաղաքացիներին պայքարել, պաշտպանել սեփական իրավունքները, պարտավոր ես նաեւ օրինակ ցույց տալ: Բացի այդ՝ հարկ է, որ բոլորն իմանան, որ լրագրողների ու մամուլի հետ չի կարելի բռնության, անօրինականության լեզվով խոսել՝ լինես զոհվածի մայր, թե ՀՀ գլխավոր դատախազ: