Պտուտակի վիշտը

Պտուտակի վիշտը
Տագնապը պատել է հայոց աշխարհը՝ Վլադիմիր Պուտինը վերադառնում է, կնշանակի Ռոբերտ Քոչարյանի վերադարձն էլ անիրատեսական չէ: Այս թեմայի շուրջ ասում-խոսում-քննարկում են այնպես, կարծես Քոչարյանի վերադարձը տարերային աղետի, ասենք՝ երկրաշարժի կամ ցունամիի նման մի բան է, որի դեմ մարդկությունը, տվյալ դեպքում՝ համայն հայությունն անզոր է: Դեռ չեն հորինել այն գործիքները, ու տեխնիկան այնքան չի զարգացել, որ կանխագուշակեն կամ կարողանան կանխել այս աշխարհակործան աղետները: Եվ սոսկումի, անխուսափելիության, անզորության մի զարմանալի զգացում է պատել շարքային հայ մարդկանց, քաղաքական գործիչներին, անգամ պետական կառույցներին ու կուսակցություններին: Այ քեզ բան: Եթե մի անհատ անձն այնքան հզոր է, որ անկախ այս բոլորի բացասական վերաբերմունքից ու ընդվզումից, ունակ է վերադառնալ, ուրեմն, ինչպես ժողովուրդն է ասում, «հալալ ա իրեն»: Եթե մի ամբողջ ազգի կարողանում է պարտադրել իր կամքը՝ անել այն, ինչ ուզում է, եւ անել այնպես, ինչպես ուզում է, ուրեմն բոլորիցս ուժեղ է, եւ արժե, որ նման մարդիկ կառավարեն մեզ: Համոզված եմ, որ ամենաբարձր իշխանական կաբինետներում եւս նույն անզորության մթնոլորտն է, գուցե հենց Սերժ Սարգսյանն էլ է նման անկումային տրամադրությա՞ն մեջ՝ Քոչարյանը վերադառնում է: Բայց սա ընդամենը խոսում է այն մասին, որ հայ հասարակությունն իր ճակատագրի տերը չէ: Մեծից փոքր, ունեւորից չքավոր, խելոքից տկարամիտ, բոլորս խաղալիք ենք ոմանց, այս պարագայում՝ մեկ մարդու ձեռքում: Սա նաեւ նշանակում է մի ողջ պետություն խաղալիք է իր հարեւան գերտերության ձեռքում, որտեղ կատարվող բոլոր իրադարձությունները հայելային պատճենահանմամբ արտացոլվում են մեր իրականության մեջ, եւ մենք բացարձակապես ոչինչ չենք որոշում: