Բոլորն են դժգոհ

Բոլորն են դժգոհ
Ինչո՞ւ մեզանում ոչ մի կերպ չի ձեւավորվում քաղաքական առողջ պայքարի մշակույթ, որտեղ կուսակցությունները ոչ թե կկռվեն գլխավոր իշխանամետի ու գլխավոր ընդդիմադիրի պաշտոնի համար: Ոչ թե կհայհոյեն իրենց տարածքը մտնողներին ու իշխանության ձգտողներին, այլ կմրցակցեն միմյանց հետ: Հանդես կգան քաղաքական գաղափարներով, քաղաքական ակցիաներ կանեն, բանավեճեր ու կլոր սեղաններ կկազմակերպեն ու կապացուցեն, որ արժանի են մանդատ ստանալուն, կաբինետներ զբաղեցնելուն եւ երկիր կառավարելուն: Մենք էլ՝ շարքային ընտրողներս, կտեսնենք այդ ամենը եւ ամեն մեկս մեր գրագիտությանն ու ընկալումին համապատասխան ընտրություն կանենք: Արդյունքում՝ մեծամասնության կամքով կձեւավորվի իշխանություն: Սա է, չէ՞, դեմոկրատիայի պարզունակացված բանաձեւը: Թե չէ՝ ոչ ընտրվողը գիտի իր անելիքը, ոչ ընտրողը: Չի հասկացվում, թե ինչպես պիտի պահի իրեն քաղաքական կուսակցությունը, որ հասնի բաղձալի նպատակին՝ իշխանության մաս կազմելուն. հանրահավաքներ անի եւ պարիսպնե՞ր տապալի, մթերք բաժանի ու բարեգործությո՞ւն անի, ընտրակեղծարարների բանակնե՞ր վարժեցնի ու 5 հազարական դրամնե՞ր պատրաստի, թե՞ պարզապես տաքուկ տեղավորվի գործող իշխանության թեւի տակ ու սատարի նրան: Սակայն երբ շփվում ես քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, համոզվում ես, որ որքան իր ապագայի հանդեպ անվստահ է մարդկանց փողոց հանող ուժը, նույնքան անհաստատ է նաեւ բարեգործություն անող, ընտրակեղծարարներ պատրաստող ու իշխանության մեջ գտնվողների ապագան: Այսպիսի քաղաքական դաշտի գոյությունը, համոզված եմ, ոչ մեկին ձեռնտու չէ՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ ժողովրդին: Այս պղտոր ջրում ու չկանոնակարգված հարաբերություններում միայն քրեածին տարրերն ու գողականները կարող են իրենց լավ զգալ: