Բանակում աղետ է

Բանակում աղետ է
Երեկ մեր խմբագրությունում 2 թեմա էր քննարկվում՝ ֆուտբոլի ու բանակի: Երկու քննարկումն էլ բուռն էր, էմոցիոնալ, բայց եթե առաջինի մեջ հպարտություն կար ու ապագային ուղղված հավատ, ապա երկրորդը լի էր տխրությամբ ու ապագայի ոչ բարվոք կանխատեսումներով: Մեզ՝ լրագրողներիս, հուզում էր երկու հարց. իրո՞ք վերջին տարիներին բռնությունների ու մահվան դեպքերը բանակում ավելացել են, թե՞ պարզապես հիմա դրանց մասին ավելի շատ ենք իմանում, քանի որ ինֆորմացիան չեն կարողանում թաքցնել: Եվ երկրորդը. արդյո՞ք այս իրավիճակը բանակի ու երկրի ղեկավարների ապաշնորհության արդյունքում է ստեղծվել, թե՞ այս վիճակից դուրս գալն անհնարին է, քանի դեռ մենք պատերազմող երկիր ենք: Երիտասարդ լրագրողներից մեկը հետաքրքիր դիտարկում արեց. դեպքերը շատացել են, քանի որ բանակ է գնացել «Որոգայթի» եւ մյուս կրիմինալ ֆիլմերի վրա դաստիարակված սերունդը: Գուցե նա ճիշտ է: Բայց այս աճող սերնդի մեջ մի տեսակ հոգեկան անհավասարակշռություն կա: Ավելի լացկան են ու փխրուն, ավելի նազուկ ու հեշտ կյանքի սովոր: Ջերմոցային պայմաններում աճած բույսերի են նման, որոնց հենց մի թեթեւ քամի է կպնում, տաք ու սառը ջերմաստիճան, խեթ հայացք, վատ սնունդ, թոշնում են ու հիվանդանում: Ինչո՞ւ են այսքան շատացել ինքնասպանությունների, դաժանությունների, զենքով հարց լուծելու դեպքերը բանակում: Դրանց բոլորի հիմքում այդ անհավասարակշիռ հոգեվիճակն է: Այն, որ ընտանիքում, դպրոցում, փողոցում նրանց արժեքներ չեն ներարկվել, նրանց հոգեւոր ներաշխարհը սին է, զգացմունքային դաշտը՝ աղքատ, կամքն ու բնավորությունը՝ չմարզված: Նրանք հակված չեն պայքարի: Նրանք չգիտեն ինչի համար են ապրում: Ոչ նպատակ ունեն, ոչ երազանքներ, ոչ արդարության ու ազնվության մասին պատկերացում: Ցավալի է, բայց այդպես է: