«Արտերիա» մշակութային քննադատական կայք

«Արտերիա» մշակութային քննադատական կայք
Երեկ Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ վերջերս համացանցում  գործի դրված մշակութային քննադատական «www.arteria.am» կայք-էջի պաշտոնական շնորհանդեսը:  «Արտերիա» կայքի «Մոտեցումներ եւ հարցեր» խմբագրականում նշված է. «Մշակութային քննադատական կայքի գաղափարը ոչ օրակարգային է եւ ոչ էլ խիստ սպասված, պարզապես հրատարակվող գրքին եւ կազմակերպվող ցուցադրությանը, կինոէկրանի պաստառի եւ բեմից թափվող երաժշտությանը կամ փողոցով տողանցող ցուցանակներին, հաստատությունների պատերի գրություններին, քաղաքային տրանսպորտում թեւավորվող խոսակցություններին հետամուտ ակտիվացող արձագանքն է, որ ուզում է կերպ առնել ու հնչել որպես մեկնաբանություն կամ քննադատություն:



Ընդհանուր «մշակույթ» եւ կամ «ազգային մշակույթ» անվանումների տակ օր-օրի անհետանում են բոլոր տարբերությունները, ջնջվում են գույները, խզվում են ձայները, ես-երը դադարում են անհատականություններ լինելուց, քանի որ նույն երեւույթին երկու կամ ավելի հայացքով նայելն անթույլատրելի է: Մեկության ու բացառիկության պահանջն է: Մինչդեռ ակտիվացող արձագանքը բացում է հնարավորությունը անջատումների, բազմակիացող մեկերի, որոնց հայացքի թափանցումի մեջ լուսարձակվում են տարբերակիչ նրբություններն ու երանգներն առավել, քան տիրապետող մտքերի վերեւից ներքեւ իջնող հռնդյունները»:



«Արտերիա» մշակութային քննադատական կայքն իր առջեւ նպատակ է դրել արտացոլելու այն դիտարկումներն ու տեսանկյունները, որոնք առաջացնում են արվեստի ստեղծագործությունները: Կայքի տնօրեն, խմբագիր Մկրտիչ Մաթեւոսյանն իր խոսքում նշեց, որ սկզբում մտադրություն է եղել «Արտերիան» ամսագրի տեսքով ներկայացնել, բայց, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, բնագրերն ավելի արագ մատչելիությամբ հասցնելու կարեւորությունը, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի աջակցությամբ եւ մասնակցությամբ ստեղծվեց «Արտերիա» կայքը:



«Արտերիայի» շնորհանդեսին մասնակցում էին մի շարք արվեստագետներ, գրողներ, նկարիչներ, հրատարակիչներ, մշակութային գործիչներ, լրագրողներ: Տիգրան Մանսուրյանը, ողջունելով առաջին մշակութային քննադատական կայքի ստեղծումը, նշեց այժմյան մշակութային կյանքում դրա կարեւորության ու մեծ դերի մասին:



Նկարիչ, արվեստաբան Արման Գրիգորյանը նշեց, որ սովետական քննադատական փակ մտքից հետո առաջադիմական-քննադատական մտքին տարածք տրամադրելն իհարկե կարեւոր է եւ պետք է, իսկ ինչ վերաբերում է նրան, որ կայքը հնարավորություն չի ընձեռում հենց տեղում հաղորդագրությունների տեսքով մասնակցելու եւ  կարծիք հայտնելու հոդվածների, լուսանկարների, կոմիքսների առնչությամբ, հայտնեց, որ եթե ցանկություն կա մասնակցելու եւ կարծիք հայտնելու որեւէ նյութի տակ, լավ կլինի, որ այդ ամենը գրվեր եւ տեղադրվեր հենց կայքում` կստացվեր յուրօրինակ մի դիսկուրս:



Իսկ սոցիալական կայքերին բնորոշ հաղորդագրությունները շատ ժամանակ վիրավորական երանգներ են ունենում, որոնք ասես փորձում են լռեցնել առաջադիմական մտքի ընթացքը, եւ նորմալ գործառույթ այդպես էլ չի իրականանում, եւ հույս կա, որ «Արտերիան» առաջադիմական-քննադատական միտք ունեցող մարդկանց համար կդառնա եւ կտրամադրի իր բաց, անպատնեշ տարածքը, իսկ հետադիմական հայացքների տեր քննադատների կարիք վաղուցվանից արդեն չկա:



Այն հարցին, թե ինչպես են կայք-էջում ընդունվում նյութերը, «Արտերիայի» խմբագիր Սիրանուշ Դվոյանն ասաց, որ կայքը դեռ նոր է շրջանառության մեջ դրվել, եւ հիմա նյութերը թերեւս ընտրվում են իրենց նախաձեռնությամբ: Կոնկրետ անձանց հոդվածներ են պատվիրվում, նաեւ կան մարդիկ, որոնք մշտապես գրում են «Արտերիայի» համար:



Իսկ կայքում հաղորդագրությունների տեղ չթողնելու մասով Սիրանուշ Դվոյանը նշեց, որ այդ հանգամանքը սկզբունքորեն է արված, որպեսզի «Արտերիան» ավելի ստերիլ վիճակում գտնվի, իսկ քննարկումներ ազատորեն կարող են ծավալվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ արդեն խումբ է բացվել: Եթե խմբում լուրջ երկխոսություն եւ բանավեճ ծավալվի, հնարավոր է հետագայում այդ ամենը տեղափոխվի կայք: