Կարինե Խոդիկյանի աուդիո-գիրքը

Կարինե Խոդիկյանի աուդիո-գիրքը
21-րդ դարն իր հետ բերեց տեխնիկական  լրիվ նոր ձեւաչափեր, եւ այս ամենը դեռ շարունակվելու է երկար, եւ չհպատակվելը, ընդդիմանալը, անտեսելը տեխնիկական այլընտրանքային մոդելներին պարզապես անմտություն եւ տգիտություն կդիտվի: Ինչքան արագ ընտելանանք եւ օգտվենք մեթոդներից, այնքան արագ եւ ոչ ցավալի կլինի ինտեգրումը տեխնիկական այս խելահեղ տեմպի մեջ: Դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանը երեկ «Բյուրոկրատ» գրախանութում ներկայացրեց իր «Վերադառնում եմ, մոռացե՛ք…» մոնոպիեսը` աուդիո CD-ի տեսքով (բեմադրող եւ հնչյունային ռեժիսոր` Աննա Բայաթյան, պրոդյուսեր` Ռուբեն Փաշինյան):



Ընթերցողը երկու լեզվով, կամ այս պարագայում արդեն ունկնդրողը, հնարավորություն ունի լսել մոնոպիեսը, որ գրոտեսկային ձեւով հումորային եւ փիլիսոփայական երանգներով ներկայացնում է կնոջ տարօրինակ, խոր ներաշխարհը. «Իմ փոքրիկ երկիրը նաեւ նրանց մարդկային ուժի ու կանացի թուլությանն է պարտական, որ դիմանում է»,- գրված է աուդիո-գրքի ներսի շապիկին:



Մարդկային աչքը դարեր շարունակ սովոր է ընթերցանությամբ ընկալելու բնագիրը, սակայն ձայնային, բանավոր արտաբերած խոսքը լսելու եւ փոխանցելու ունակությունն ավելի վաղ պատմություն ունի, սկսած աշխարհահռչակ Հոմերոսից, որի հանճարեղ ստեղծագործությունը սկզբնական շրջանում բանավոր խոսքով էր փոխանցվում, եւ այսօր, փաստորեն, երբ աուդիո-գրքով լսում ես «Իլիականը», ասես վերադառնում ես առեղծվածային խարույկի մոտ նստոտած այն միջավայր, որտեղ լռում են` զարմանալի պատմությունները լսելու եւ երեւակայելու համար: Ըստ «Piper Jaffray» գործակալության՝ աուդիո-գրքերի համաշխարհային շուկայի շրջանառությունը մեկ տարում կազմում է 800-850 միլիոն դոլար, 1987 թվականին ստեղծվել է պրոֆեսիոնալ աուդիո հրատարակիչների ասոցիացիա, որն զբաղվում է գրքեր ձայնագրելով, հրատարակելով եւ դրանց վաճառքով:



Մի քանի տարի է, ինչ գրախանութներում հայտնվել են աուդիո-գրքեր, հիմնականում կապված հայ ժողովրդի պատմության, մշակույթի հետ: Հայ դասական գրականության աուդիո տարբերակները եւս շատ չեն` Թումանյան, Չարենց, Նարեկացի, իսկ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները աուդիո-գրքի տեսքով ընդհանրապես բացակայում են, եւ Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացե՛ք…» մոնոպիեսը, որպես այդպիսին, առաջինն է ու հրաշալի նախադեպ մյուս հեղինակների համար, որոնք ցանկություն ունեն իրենց ստեղծագործություններն ունկնդրին, ընթերցողին մատուցել աուդիո-գրքերի տեսքով: Կարինե Խոդիկյանի կարծիքով՝ մեր օրերում, քանի որ մարդու ժամանակն այս կամ այն կերպ ավելի սահմանափակ է` աշխատանքի, ուսման, տարբեր գործունեությունների շրջանակում, մանավանդ երիտասարդության համար, այս ձեւով գրականության մատուցումը մատչելի տարբերակ է դառնում, որպեսզի ծանոթանան մեր արվեստի հետ` լսելով թեկուզ ականջակալների օգնությամբ, քայլելիս կամ ճանապարհին: