Երգը կատարելով է երգ դառնում

Երգը կատարելով է երգ դառնում
Հարցազրույց երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ



-Դուք ավարտել եք նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց հասարակությունը Ձեզ ճանաչում է որպես երգահան: Ի՞նչ սկզբունքով եք ստեղծագործում:



- Ես երաժշտական կրթություն չունեմ եւ չգիտեմ նոտաները: Երբ երգի համար գրվող երաժշտությունը ծնվում է մեջս, ես նվագում եմ ու ձայնագրում կամ տառերով գրում եմ երաժշտությունը, հետո որեւէ երաժշտական կրթություն ունեցող նոտագրում է: Եթե որեւէ բանաստեղծություն վերածում եմ երգի, նախ պետք է ապրված լինի այն, անգիր եմ սովորում՝ բառ առ բառ զգալով: Երգը ստեղծելիս հիմնականում նկատի եմ ունենում  կատարողին` շատ կարեւոր է, թե ով է երգելու: Երգը ստեղծելիս ինձ համար կարեւոր է հինգ նախապայման՝ երգահանը, կատարողը, գործիքավորումը, նվագախումբը եւ ձայնագրությունը: Եթե այս հինգից մեկնումեկը կաղա`  գործը չի ստացվի: Չարենցի «Էլի գարուն կգա» երգը երեք անգամ ենք ձայնագրել: Երրորդ ձայնագրությունից առաջ դիրիժորը, երգիչն ու ես շուրջ երեք ժամ դաշնամուրով նվագել ենք, ու ես բացատրել եմ, թե ինչ է ուզում Չարենցն այդ տաղով ասել, որից հետո նոր միայն ստացվեց իսկական՝ ինձ բավարարող ձայնագրությունը: Երգի վերածելու ժամանակ անպայման պետք է հարազատ մնալ բանաստեղծությանը, քանի որ երգահանի գործը բանաստեղծի ասելիքը երաժշտությամբ տեղ հասցնելն է: Ոչ միայն բառերը, այլեւ ամեն կետադրական նշան իր տեղն ու դերն ունի: Ցանկացած բանաստեղծության մեջ երաժշտությունը կա, երգահանի գործն այդ երաժշտությունը վերհանելն է:



- Չարենցին ե՛ւ ԱՄՆ գնալուց առաջ եք անդրադարձել, ե՛ւ վերադառնալուց հետո: Ի՞նչ գործեր են դրանք, բոլո՞րն են ձայնագրված:



- «Կուզեմ հիմի փչե զուռնեն» («Մինչեւ էգուց») Չարենցից առաջին ստեղծագործությունն էր, որ ձեռնամուխ եղա երգի վերածել դեռ 1976-ին: Ամիսներ պահանջվեց, մինչեւ ավարտին հասցրեցի: Նախքան ԱՄՆ տեղափոխվելս Չարենցից 7  բանաստեղծություն եմ երգի վերածել, բոլորն էլ «Տաղարանից»:  Դրանցից «Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս եկավ...» երգի նախանվագում ու միջնամասում սայաթնովյան երաժշտություն եմ օգտագործել, քանի որ այդ տաղի երրորդ քառյակում Սայաթ-Նովան  մի պահ  զրուցում է Չարենցի  հետ (Չարենցի երազում): Նմանատիպ բան կա նաեւ «Ամեն տեսակ երգ երգեցի» երգում:  Ներդաշնակությունը, որ կա բանաստեղծության մեջ, ես երգով եմ արտահայտել: Այդ յոթ երգը մինչեւ 1980 թվականն եմ ձայնագրել: Ամերիկայից վերադառնալուց հետո երգի վերածեցի  Չարենցի «Հիմի շատ են երգիչները» տաղը, որի միայն  համերգային կատարումը կա (Համլետ Գեւորգյանն է երգել), սակայն առայժմ չի ձայնագրվել: Բացի այդ, եւս երեք բանաստեղծության եմ անդրադարձել՝ «Շրթերդ կրակով լիքը», «Էսօր մեր փողոցով անցար», «Իմ մահվան օրը կիջնի լռություն», որոնք ոչ կատարվել են, ոչ էլ ձայնագրվել:



- Սահմանափակվել եք միայն Չարենցո՞վ, թե՞ այլ հեղինակների տեքստերով էլ եք երգեր գրել, որոնք չեն ձայնագրվել:



- Պարույր Սեւակից յոթ բանաստեղծություն եմ երգի վերածել: Ձայնագրված է միայն «Դու՝ երկու տառ» երգը, իսկ ձայնագրված չեն «Քո խակ սերը եւ իմ հասուն տանջանքը», «Այսպես չեն սիրում» (սա բոլորովին ուրիշ կառուցվածք ունի` բալլադային է): Երգի մեջ եւ ասմունք պետք է լինի, եւ դերասանական խաղ: Սա ես պատկերացնում եմ, օրինակ, Միքայել Պողոսյանի կատարմամբ (նա կարող է մարմնավորել, կերպավորել թե՛ բանաստեղծությունը, թե՛ երգը): Բացի դրանք, երգի եմ վերածել «Սերը», հետո՝ «Պատահաբար են պատահում կյանքում», «Քո  պատճառով» բանաստեղծությունները: Երգի է վերածված, գործիքավորված, նույնիսկ փորձերն էլ արեցինք (բայց կիսատ մնաց), «Անքնություն» բանաստեղծությունը, որը Սեւակը գրել է 1956թ. Մոսկվայում: Կարոտն է Հայաստանի նկատմամբ, այն մասին է, թե ինչ ենք անում մենք դրսում` «Ոչ Հայաստանում»: Սա դեռ սկսել էի գրել Ամերիկայում եւ որոշեցի վերնագրել «Օտարության անքնություն»՝ դարձնելով Սփյուռքում ապրող հայերի երգը: Համո Սահյանից ընդամենը երկու երգ է կատարված՝ «Մայրս» եւ «Արագիլները» (համերգային կատարումներ են, չեն ձայնագրվել): Եվս երեք երգ՝ «Ջաղացպանի աղջկան», «Ինձ բացակա չդնեք» եւ «Մեր լեզուն»,   ձայնագրված չեն: Վահագն Դավթյանի շատ գողտրիկ մի բանաստեղծություն`  «Հովի շունչ կար...», դարձել է ոչ պակաս գողտրիկ  մի երգ... Վահան Տերյանին եմ անդրադարձել`  «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին...»: Երգերի են վերածվել  Շիրազի, Կապուտիկյանի, Մետաքսեի, Սլավիկ Չիլոյանի, Լեւոն Բլբուլյանի, Կորյուն Առաքելյանի, Իշխան Նազարյանի եւ ուրիշ բանաստեղծների գործերը: Վերադարձից հետո մոտ 50 երգ եմ ստեղծել, որոնք ձայնագրված չեն...



- Փաստորեն, Ձեր աչքի առաջ փոշիանում է Ձեր աշխատանքը: Անտարբերության զո՞հ եք:



- Շատ մեղմ եք ասում, ես այլ կերպ կձեւակերպեի...  Իրական արվեստը ոտնահարված է, ոչ ոքի պետք չի: Հայ երգարվեստի ներկան սարսափելի շեղված է իր հիմքերից, իսկ վաղվա երգը, որը պետք է հենվի այսօրվա հենքի վրա, ահավոր է լինելու: Քանի որ երգը լեզվամտածողություն է, եթե այսօր երիտասարդության 70-80 տոկոսը երգում է ոչ հայկական՝ հիմնականում թուրքաարաբական, արեւմտյան եւ այլ ազդեցություններով երգեր, վաղը երիտասարդին չես կարող ասել՝ հայերեն երգի... Եթե անգամ ֆինանս էլ ճարվի, եւ երգերս ձայնագրվեն, այդ դեպքում էլ մի քանի օրում «պիռատներն» են թալանելու... այստեղ էլ ապահովագրված չենք: Երգը կատարելով է երգ դառնում, իսկ իմ դեպքում փոշիացվում է,  զրոյացվում, անգամ երբեմն ես եմ սկսում մոռանալ... ինչքան կարելի է գրել ու մի կողմ դնել:



- Այս պայմաններում ստեղծագործողն ի՞նչ հոգեվիճակում է:



- Իհարկե վատ, հուսախաբված, որոշներն էլ` հուսահատված... Մատուցվող մշակութային արժեքների մի զգալի մասն ապազգային է... Պատճառները շատ են... Ինչո՞ւ է այդպես: Սկսենք արտագաղթի՞ց, նախ ստեղծագործողների մեծ մասը հեռացավ, ով էլ մնաց իսկական ստեղծագործողներից, պարզվում է, որ ավելորդ են, պետք չեն: Եթե նախկինում 70 տարի մեզ ասում էին՝ պետք է ստեղծել բովանդակությամբ սոցիալիստական, հիմա, այս վերջին 20 տարում չգիտես էլ ինչ պետք է լինի, անհասկանալի է, ստեղծվել է վակուում: Ստեղծագործողը բացարձակապես անպաշտպան է, իր ճշմարիտ ստեղծագործությամբ չի կարող ոչինչ վաստակել, եւ ասպարեզում առաջանում է վակուում, որտեղ լցվում է աղբը: Եթե մեր խմած սուրճից վատ համ գա, չենք խմի, իսկ ինչո՞ւ ենք հանդուրժում «հայկական  երգ» համարվող այդ աղբը: Իսկ ո՞վ պետք է այդ հարցով զբաղվի, մշակույթի նախարարությո՞ւնը, Կոմպոզիտորների միությո՞ւնը, Հանրային խորհո՞ւրդն իր համապատասխան հանձնաժողովով ու ենթահանձնաժողովներով կամ գուցե նորաստեղծ «մշակույթի զարգացման ֆո՞նդը»... Ամեն ինչ պետք չէ գցել պետության վրա, չէ՞ որ պետությունը ստեղծել է այդ կառույցները, որպեսզի նրանք էլ լուծեն այդ խնդիրները, բայց անտարբերություն է, եւ մենք էլ այդ անտարբերության զոհերն ենք: Մենք՝ ստեղծագործողներս, որբեր ենք, եւ որեւէ ուշադրություն չկա մեր նկատմամբ:



- 24 տարի բնակվում էիք ԱՄՆ-ում, ինչո՞ւ վերադարձաք, որ անկախությունն այս տեսքո՞վ վայելեք:



- Կարոտը չէ, որ ինձ ետ բերեց. սա հոգեբանական վերադարձ էր: Միշտ էլ ասել եմ` Ամերիկան վատ երկիր չէ եւ, անշուշտ, ունի ե՛ւ թերություններ, ե՛ւ առավելություններ... Պարզապես տեղի է ունենում մշակույթների բախում, բայց ամենակարեւորը` իմ հողը չէ... Սա է իմ հողը, իմ արմատները...  Սրա վրա կզոհվեմ արդեն, այդ բանը մենք բավականին ուշ ենք հասկանում: Երբեւէ մտածե՞լ եք այն կապի մասին, որ գոյություն ունի մարդու եւ հողի միջեւ: Գոյություն ունի հողի զգացողություն, հողը կանչում է, հայրենիքի հասկացողությունն է: Պետք է ես իմ արմատներին հանդիպեի. ես ուզում եմ, որ իմ ընտանիքը, իմ երեխաներն ապրեն հայրենիքում:



Ֆելիքս Եղիազարյան