Ի՞նչ ենք կարդում

Ի՞նչ ենք կարդում
Ավելի դիպուկ կլիներ «Ի՞նչ չենք կարդում» վերնագիրը, իսկ ինչ ենք կարդում, ինչպիսի գրականություն ենք նախընտրում եւ գնում, այս հարցի պատասխանը թերեւս ամենաանորոշներից է մնում: Մեծ իմաստով, օրաթերթերից, օպերատիվ, արագ լրատվություն հաղորդող համացանցային կայքերից եւ, իհարկե, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պատերին սղված ստատուսներից, որոնք արդեն ցիտվում են հեռուստատեսությամբ` կամ որպես զավեշտ, կամ որպես հսկայական հետաքրքրություն առաջացնող մտքի արգասիքներ, նայած ով ոնց կընկալի:



Այս պարագայում գրքի ընթերցանությունը դառնում է առանձին ծիսակարգ` պահանջելով ժամանակ, համապատասխան տրամադրվածություն, որոշակի աշխատանք եւ, իհարկե, ցամաք ինֆորմացիայից բացի, այլ զգացողություններ ապրելու ցանկություն: Երեւանի փոքրաթիվ գրախանութներից մի քանիսն այս հարցին եւս միանշանակ պատասխան չունեն:



«Բյուրոկրատ» գրախանութում վերջին շաբաթներում ակտիվորեն վաճառվել է ռուսերեն ստեղծագործող հայազգի գրող Նարինե Աբգարյանի «ԾՈվþվÿ»  վեպը, որ 2010 թվականին արժանացել էր «ՀցՍՏտՌրՖ չՏՊՈ» ռուսական անվանի մրցանակի: Այս վեպը Ռուսաստանում դարձել է բեսթսելեր:



Թեթեւ, հումորային ոճով գրված Նարինե Աբգարյանի ստեղծագործությունը, որ պատմում է մանկական արկածների մասին, արժանացել է հայ ընթերցասերների ուշադրությանը: «Նոյյան տապան» գրախանութի հայկական բաժինը սաստիկ հուլունքավոր, բազմաթիվ եւ զարմանազան գրքեր ունի: Բաժինը նմանվում է իրար գլխի լցված գրքերով լի անանցանելի մի խորխորատի, որով անցնելու համար ընդհանրապես առավոտյան պետք է սոված մնալ ու գրախանութ սոված հաճախել, թե չէ մեծ փորի կամ զանգվածեղ ուսերի առկայությամբ խորխորատով անցնելիս խցկվելն ու լռվելն անխուսափելի են:



Բայց, պարզվում է՝ նման խորխորատի առկայությունն այսօրյա ցամաքած դաշտավայրերի ֆոնին իրապես ձեռքբերում է, եւ դեռ լավ է, որ հայ գրականությանը, այն էլ՝ ժամանակակից կոչվածին տեղ ու տարածություն են տրամադրում: Գրախանութի աշխատակիցն ասում է, որ գրականություն, այն էլ գեղարվեստական, պահանջարկ չունի, չեն գնում եւ չեն էլ հետաքրքրվում, իսկ պատճառները գուցե խորն են եւ շատ: Սակայն նա կարծում է, որ եւս մի չափազանց կարեւոր բացատրություն կա. այն գրականությունը, որ հիմա ստեղծվում է, ոչ մի հետաքրքրություն չի առաջացնում մարդկանց մեջ, մարդիկ գալիս են, բացում են գրքերը եւ հիասթափված ու խորշանք ապրելով՝ փակում:



Նա ցավով նշում է, որ բանաստեղծությունների ժողովածուներ այսօր համարյա բոլորն են տպում, ով հնարավորություն ունի, գիրք է տպում, եւ ով ազատ ժամանակ ունի, գիրք է գրում, հետո իրենց գրքերը բերում են ու վաճառքի դնում, բայց այս «ուշագրավ» ժողովածուներն ինչպես բերում են, այնպես էլ տանում են, որովհետեւ ամիսներով նույնիսկ ոչ մի օրինակ չի վաճառվում: Իսկ դասական գրականություն ժամանակ առ ժամանակ հարցնում են: Կոնկրետ օրինակով` Համո Սահյանի «Քարե պատարագ» բանաստեղծությունների ժողովածուն միշտ պահանջված է, բայց ափսոս՝ տպաքանակը չեն մեծացնում:



Շատ են հետաքրքրվում նաեւ անթոլոգիաներով, սակայն դրանք էլ սակավ են: Եթե պրոֆեսիոնալների կողմից կազմվեն դասականների եւ ժամանակակիցների ստեղծագործություններից ծաղկաքաղ արված գործեր, դրանք հաստատապես ավելի մեծ պահանջարկ կունենան: Ինչ վերաբերում է ժամանակակից հեղինակների գրքերին, իհարկե, դրանց վաճառքը չնչին է, բայց պահ է գալիս, երբ այս կամ այն գրողին հեռուստատեսությամբ ցույց են տալիս, գովազդում են, հանկարծ մարդիկ գալիս-հարցնում են, սկսում են հետաքրքրվել այդ հեղինակների գրքերով: Չնայած եւս կարճ է տեւում: Այժմ չկա ժամանակակից մի այդպիսի հեղինակ, որի գիրքը «Նոյյան տապան» գրախանութում պահանջված լինի:



«Գրքերի աշխարհ» գրախանութում, բացի ամենաշատ վաճառվող Մուրակամիի, Կոելիոյի, Դեն Բրաունի գրքերից, պարզվեց՝ վերջին շրջանի պահանջված գրողներից է, ինչքան էլ զարմանալի թվա՝ նորվեգացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Համսուն Կնուտը: Հարյուր եւ ավելի տարիներ առաջ մեծն սկանդինավցու գրած վեպերն ու պատմվածքները, փաստորեն, հարազատ եւ համահունչ են մեր ներկա ժամանակներին, եւ գուցե պատճառներից մեկն էլ հենց այդ է: Իսկ հայ ժամանակակիցներով հետաքրքրվողները քիչ են:



Այսպիսով, «ի՞նչ ենք կարդում» էքզիստենցիալ հարցադրման որոշակի պատասխաններ այսպես թե այնպես գտնվում են: Ինչ-որ բան կարդում ենք, ինչ-որ բան չենք կարդում, ու լավ է, որ կարդալու ցանկությունը դեռ իսպառ չի վերանում, չնայած համացանցում ու համալսարաններում անիմաստ անցկացրած բազմաթիվ ժամերը՝ գրքերի ընթերցանությամբ, երբեք չեն վերաիմաստավորվում: Մեծ ստեղծագործություններ հաղթահարելու համար երկար ժամեր ու ջանքեր են պահանջվում, իսկ ժամանակի ու ջանքի նկատմամբ վերաբերմունքն օր-օրի տեխնիկական լուրջ առաջընթացի կամ հետընթացի առկայությամբ ենթարկվում է հսկայական փոփոխությունների: