Հովիկը հայ տղու կերպարն է, որ կորում է մեջտեղից

Հովիկը հայ տղու կերպարն է, որ կորում է մեջտեղից
Հարցազրույց դերասան Հարություն Մովսիսյանի հետ



-Պարոն Մովսիսյան, շատ անհասանելի կերպար եք լրագրողների համար, պատճառը զբաղվածությո՞ւնն է, թե՞ չեք սիրում լրագրողների հետ շփվել:



- Ոչ թե խուսափում եմ, այլ ինձ միշտ թվում է, որ արդեն ամեն ինչ ասել եմ իմ մասին, ժողովուրդը, ասենք, գիտի, թե որտեղ եմ ծնվել, ինչ եմ արել, հետո զբաղվածությունս էլ մեծ է: Այս ինչքան ժամանակ է` արդեն տունս եմ վերանորոգում, վարպետներն անընդհատ ձգձգում են, փող են աշխատում, ես էլ չեմ կարողանում բան ասել (ծիծաղում է): Բայց էլի իմ ընկերների հետ եմ, մի քիչ ջահելությունից դուրս եմ եկել, առաջվա պես շատ չեմ կարողանում սրճարաններում հայտնվել ու քննարկել մեր մշակույթի, թատրոնի վիճակը:



- Անիմա՞ստ եք համարում: 



- Չէ, անիմաստ չի, երբ, ասենք, ինչ-որ մեկին իմ հետ են համեմատում կամ ինձ չեն տեսնում մշակույթի այդ վայրում, ուրեմն իրենք իմ կենսագրությունը լավ չգիտեն, ինձ որպես դերասան լավ չեն ճանաչում: Հետո` ժողովուրդը ինձ շատ է սիրում, ոչ թե 10 հազար մարդ, այլ մի ամբողջ ազգ: Երբ թատրոնի կամ կոչումների հետ կապված մի բան էնպես չի ստացվում, ես ինձ վատ եմ զգում: Ինչ-որ մարդիկ թշնամաբար են ինձ նայում, չգիտեմ որն է պատճառը, որ չեն ուզում տեսնել այդ մեծ հաջողությունը եւ ժողովրդի սերը: 



- Այդ ժողովրդական սերն ինչպե՞ս է դրսեւորվում Ձեր հանդեպ:



- Բարեւում են, մոտենում-փաթաթվում են, նկարվում, ասում են` ինչո՞վ օգտակար լինենք, հրավիրում են իրենց տուն, անգամ ավտոկանգառում փող չեն վերցնում, երբեմն խախտումներ եմ արել, բայց ոստիկանությունն ինձ հարազատ ախպոր պես դեռ մի բան էլ ասել է՝ Հարութ ջան, զգույշ եղի, քեզ մի փորձանք չպատահի: Անցած տարի նոյեմբերին էլ սիրտս վատացավ, ասեցին՝ սրտիս երակները խցանված են, ու մի 3 ամսվա կյանք ունեմ: Բայց ես երախտապարտ եմ առողջապահության նախարարին՝ Հարություն Քուշկյանին, վիրաբույժ Հրայր Հովակիմյանին, որը վիրահատեց ինձ, Լիդա Մուրադյանին` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենին, որովհետեւ նրանք բոլորն ինձ հոգեպես եւ ֆինանսապես շատ օգնեցին: Ո՞ր մեկն ասեմ, դրանից այն կողմ ինձ ի՞նչ է պետք, ժողովրդի սերն ամենամեծ գնահատականն է ինձ համար: Մինչդեռ այսօր այնպիսի մարդիկ են կոչումներ ստանում, որ բացարձակ չես հասկանում՝ այդ մարդու ինչին էր պետք այդ կոչումը, ինքն ինչ է արել, կամ իրեն ով է ճանաչում:



- Ձեզ համար կարեւո՞ր են այդ կոչումները:



- Երիտասարդ ժամանակ շատ սովորական էի նայում դրան, բայց պարզվեց՝ դա էլ պիտի դու կազմակերպես, դռնեդուռ ընկնես, խնդրես-ասես՝ տվեք ինձ կոչում, իսկ դա ինձ համար ոչ թե վիրավորական, այլ մեռնելուն հավասար բան է, դրա համար չեմ ուզում դրան այդքան կարեւորություն տալ:



- Իսկ գուցե Դուք էլ մի օր այդ «դռնեդուռ» տարբերակը նախընտրեք:



- Եթե ասեն՝ սենց վիճակ է, ի՞նչ պրոբլեմ, ամաչելու բան չկա, ես էլ կգնամ՝ մյուսների նման հերթի կկանգնեմ իրանց մոտ (ծիծաղում է): Բայց իրանք չեն զարմանա, որովհետեւ մենակ իրենց ու իրենց ընտանիքի համար են աշխատում, ոչ թե ժողովրդի: Ինձ համար սա հիասթափության առաջին էջն է, իսկ հիասթափությունը 40-50 էջ չի, առավելագույնը մի 3 էջ կարա լինի, 3-րդ էջից հետո դու կարող է լրիվ ուրիշ որոշում կայացնես քո հետագա կյանքի համար:



- Հիմա մո՞տ եք այդ 3-րդ էջի սահմանագծին` որոշում կայացնելուն:



- Չէ, հիմա առաջին էջի վրա եմ կանգնած (ծիծաղում է) ու տեսնում եմ, որ 600 տարի պետականություն չունենալը լուրջ հետեւանք է թողել մեր գենի վրա, բայց դրա համար մեղավոր է ժամանակը, մեր ճակատագիրը, անցյալը: Կարծեմ Սարոյանն է ասել, որ հայ ազգին ամենաշատ ատող ազգը հայ ազգն է, պարզվում է՝ նման բան կա: Ես այնքան եմ ուրախանում, երբ լավ բան է կատարվում, շենքեր են կառուցվում, լավ առանձնատներ, վիլլաներ, ասում եմ՝ հալալ է իրեն, որ լավ է ապրում: Բայց հետո սկսում եմ ինձ հարցեր տալ՝ ինքը ո՞նց է հասել դրան, ու ասում եմ՝ ստոպ, պետք չի, մի խորացի, թող իրա համար լավ ապրի (ծիծաղում է):



- Ինչի՞ չեք խորանում, զգուշանո՞ւմ եք ինչ-որ մեկին քննադատելուց:



- Ես չեմ զգուշանում, ուղղակի էդ մարդը չեմ: Թող իրենք իրենց լավ զգան, որովհետեւ եթե հասել է դրան, ուրեմն ինչ-որ բան արել է, ռիսկի է դիմել, ի վերջո այդքան հեշտ չի հարստություն ձեռք բերել: Դրա համար թող ապրեն իրենց համար, առավել եւս, որ իրենք էլ են ինձ սիրում, գրկում են, համբուրում են, ասում են՝ Հարութ ջան, քեզ շատ ենք սիրում, լավ դերասան ես: Բայց երբեք չեն հարցնում՝ ինչո՞վ քեզ օգնենք, իսկ ժողովուրդը, որ ոչինչ չունի, ասում է՝ քեզ ինչո՞վ օգնենք (ծիծաղում է):



- Իսկ այդ մարդկանց ընկերությունը Ձեզ ի՞նչ է տալիս, ինչ-որ հարցով երբեւէ դիմե՞լ եք իրենց, օգնե՞լ են:



- Եղան դեպքեր, որ մի երկու քայլ արեցի, բայց զգացի, որ դա չի անցնում, ու ասեցի՝ ես ինձնով կզբաղվեմ: Ես նկատել եմ, որ մեր մշակույթն ու թատրոնը Ստալինի գրած խոսքերով էլ մնաց, նա ասեց՝ պետք չի հետաքրքրվել դերասաններով, մի քիչ կոչումներ տվեք, փող էլ պետք չի՝ վՈՐՏՊ ՍՏՐՎՌՑ: Հետո ես համոզված եմ, որ աշխարհը տերեր ունի, մի անգամ Ալ Պաչինոն տվեց այդ 7-ից 2-ի անունը, մեկը՝ Ռոքֆելլերն ա, մեկը՝ Ֆորդը, որ առել են աշխարհի բենզինի ու ավտոշինարարության մի մասը: Չգիտես ինչի՝ ես հավատում եմ Ալ Պաչինոյին:



- Մենք էլ ունենք մեր երկրի տերերը՝ բենզինից սկսած մինչեւ շաքարավազ ամեն ոլորտ իր տերն ունի:



- Ես միայն գիտեմ, որ թույլ չեն տալիս մեր երկիրը լավ երկիր դառնա:



- Մի տեսակ հաշտվողական մոտեցում չէ՞, երբ այդպես ես մտածում:



- Վերջին հաշվով բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ մեր ձեռքը չի, մենք սեյսմավտանգ մի գոտում ենք ապրում, շրջապատված ենք թշնամիներով, չունենք հանքային ռեսուրսներ, եւ ստեղծել պետություն՝ շատ դժվար բան է, որը չեն ուզում մեր հարեւաններն ու աշխարհի տերերը: Հույս կապել, որ մենք կդառնանք օրինակելի երկիր, նման բան չի կարող լինել, 600 տարի առաջ ուզում էինք անել՝ չթողեցին (ծիծաղում է):



- Այդ դեպքում Վրաստանը կարճ ժամանակում ո՞նց դարձավ: 



- Վրաստանը չի դարձել, ես եղել եմ այնտեղ, ոչ մի օրենք էլ չկա, ասֆալտները՝ վատ վիճակում, լողափները՝ անտերության մատնված, փողոցներում չստեր են վաճառում, սովետական երկիր, ոչինչ չի փոխվել, մենք ավելի լավ վիճակում ենք:



- Համաձա՞յն եք, որ ժողովրդի սիրուն ավելի շատ արժանացաք «Որոգայթից» հետո՝ Հովիկի կերպարը մարմնավորելով:



- Դա պիկն էր, բայց ես խաղացել եմ հսկայական դերեր` Ֆիգարո, Փանջունի, Թոմ Սոյեր եւ այլ հսկայական դերեր՝ համաշխարհային դրամատուրգիայի գոհարներից: Իմը Հովիկով չէր, ուղղակի Հովիկը մի աստիճան բարձր թռավ, ամենաբարձր պատվանդանին կանգնեց: Ես Հովիկ չեմ, Հովիկը դա հավաքական կերպար էր, մարդկային բոլոր դրական գծերով մի տեղ: Մենք այնտեղ չէինք ուզում մեծարել ավտարիտետներին, մենք դա ֆորմա էինք սարքել, որ հերոսին լսեն, որը բոլորովին ուրիշ բանի մասին է խոսում: Ուղղակի հետո կողքից մարդիկ մտան, սկսեցին նկարել, իրենց թվաց՝ գեղեցկության սրահ է բացվել կամ պերաշկի են ծախում (ծիծաղում է), եւ փչացրեցին ամեն ինչ:



- Մի անգամ նշել էիք, որ Հովիկը չէր կարող ուրիշ մասնագիտություն ունենալ` ասենք, լիներ ճարտարապետ, բժիշկ, որովհետեւ նրան չէին լսի, չէին սիրի:



- Մենք ֆինտ արեցինք, որովհետեւ եթե նա լիներ բժիշկ, դերասան, քարտաշ, իրա խոսքերը չէին լսի այդքան, իսկ մենք ուրիշ բան էինք խոսում Հովիկի լեզվով, դա է մեր նպատակը եղել: Եղան մարդիկ, որոնք ասեցին՝ խուժանին սրբացրել են, բայց նա մաֆիոզ կերպար չէր, Հովիկը հայ տղու կերպարն է, որ կորում է մեջտեղից:



- Իսկ այդ գողական աշխարհից Ձեր խաղի վերաբերյալ ցուցումներ չե՞ն եղել կամ շնորհակալական ինչ-որ ժեստեր:



- Քերոբներից մեկն ասեց՝ Հարութ ջան, շատ հրաշալի ես խաղում, բայց մեր կոնստիտուցիան չես պրոպագանդում, ուրիշ բան ես խոսում, որովհետեւ ֆիլմում ես ասում եմ՝ մի եկեք այս աշխարհը, բայց իրականում, որոշ դեպքերում, իրենք իրենց երեխաներին բերում են հանցագործ աշխարհ:



- Ձեր լավ խաղի դիմաց նվերներ չե՞ք ստացել, ժամանակին խոսակցություններ էին շրջանառվում, թե Ձեզ մեքենա են նվիրել:



- Միայն բարի խոսքեր են նվիրել (ծիծաղում է), դա էլ մեծ բան է, որովհետեւ բոլորն էլ գրագետ, ինտելիգենտ, խելացի տղերք են:



- Վերջերս դերասաններից մեկն ասաց, որ «Որոգայթից» հետո շատ դերասաններ, այդ թվում եւ Դուք, չկարողացաք հաղթահարել այդ պատնեշը եւ, ինչպես ասում են, «որոգայթի տակ եք մնացել»:



- Նման մի վտանգ կա, երբ ուժեղ մի դեր ես խաղում, այդ հետքը մնում է քո վրա: Եթե ուշադիր նայես, այդպես է նաեւ Ժան Գաբենի, Լյուի Դը Ֆյունեսի, Չապլինի դեպքերում, գրեթե իրար նման դերեր, ուղղակի ինքն ուրիշ իրավիճակ է խաղում: Թող ես էլ մնամ այդ տեսակի մեջ, որովհետեւ այդ տեսակը հաղթանակեց: Հիմա տեսնում եմ, որ շատերն ուզում են իմ ստիլը վերցնեն, դա ինձ շոյում է: Ես լավ կոմեդիա էլ կխաղայի, եթե ունենայի դրա հնարավորությունը: Բայց հիմա կոմեդիա էլ չկա, մեյմունություն են անում, անգամ ծիծաղի մեջ լաց պետք է լինի, կոմեդիայի մեջ էլ լրջություն է պետք: Իսկ հիմա մարդիկ հիմնականում  կապիկություն են անում ու իրանց, հայ-հայ, տաղանդավոր են համարում: Կուզեի կարգին սցենար գրվեր, ու խաղայի Անդրանիկ Զորավարի կամ Նժդեհի դերը, ու ոչ թե ցույց տրվեր նրանց թափը, ուժը, այլ ուղեղը, հոգին, սիրտը:



- Մշակութային շատ գործիչներ չեն թաքցնում իրենց քաղաքական հայացքները, Դուք կարծես խուսափում եք, ունե՞ք քաղաքական որեւէ դիրքորոշում:



- Ես բոլորի հետ եմ ու չեմ կարող ոչ մեկի կողքը կանգնել:



- Առաջարկնե՞ր էլ չեն եղել համալրելու այս կամ այն կուսակցության շարքերը:



- Հետաքրքիր է, բայց չի եղել, երեւի մտածել են, որ պետք է հրաժարվեմ: Բոլոր կուսակցություններում էլ ունեմ ընկերներ: Կուսակցությունները պետք են, որ մրցակցություն լինի, ասենք՝ դու չես կարում, մենք կանենք: Դրսից մարդիկ գալիս-զարմանում են, ասում են՝ էսքան «ջիփ»-եր կան, ու ո՞նց կարող է ժողովուրդն աղքատ ապրի: Մարդիկ առաջին հերթին մեղադրում են երկրի մեծին, բայց էդ մեծն ի՞նչ անի, ինչքան օղակներ կան: Էնպես չի, որ հիմա կեղծավորություն եմ անում մեր ղեկավարներին, ես լուրջ եմ մտածում: Այսօր չարություն եմ նկատում մարդկանց մեջ, բայց ոչ թե այն տեսակ չարություն, որ կարող է սեղան շուռ տալ, այլ խորը ատելություն մեկը մյուսի նկատմամբ: Կամաց-կամաց պետք է միասնական դառնալ, պետք է նոր սերունդ գա մեջտեղ, որ չարություն չլինի մեջները: Մովսեսը գիտեր որտեղ է Հրեաստանը, բայց 40 տարի չտարավ, մինչեւ ստրուկները մահանան, որովհետեւ ստրուկը չի կարող ազատ երկրում ապրի, ինքն էլ չմտավ, որովհետեւ ստրուկ էր, սարից նայեց Իսրայելին ու մեռավ, ասեց՝ թող ազատ սերունդը մտնի: Մենք էլ մեր հույսը պիտի դնենք նոր սերնդի վրա: