Հեշտ չի ինձ սեւ ցուցակ գցել

Հեշտ չի ինձ սեւ ցուցակ գցել
Այն բանից հետո, երբ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հրապարակավ դժգոհեց ազգային ակադեմիական թատրոնի նկատմամբ պետական ուշադրության բացակայությունից եւ կարծիք հայտնեց, որ այն պետք է փակել, հայտնվեց Հասմիկ Պողոսյանի «սեւ ցուցակում»: Այդ օրերին ասում էին՝  տկն Պողոսյանը զանգել էր ռեժիսորին եւ տպագրության ոչ ենթակա բառապաշարով «նախշել»: Այդ ժամանակ Նիկոլայ Ծատուրյանը ոչ մի մեկնաբանություն չտվեց, բայց պարզ էր, որ նրա վիճակը բարդ է: Թերեւս այդ պահին  փրկություն էր ՀՀ նախագահի կողմից ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու փաստը, ինչը զսպեց նախարարի կիրքը:



Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով, մամուլն իրադարձություն դարձրեց այն, ինչ իրադարձություն չէր, իրականում «նախարարի հետ ընդամենը մի փոքր խոսակցություն է եղել, որ այ, դու ասում ես՝ Սունդուկյան թատրոնն այսպես-այսպես... պետք է փակել, ես էլ ասեցի՝ այո, ես դա Ձեզ էլ եմ ասել, որից հետո շատ նորմալ փոխհարաբերություններ: Սեւ ցուցակս ո՞րն ա, դրանք ավելորդ խոսակցություններ են: Ներողություն, բայց այդքան հեշտ չէ մեզ սեւ ցուցակ գցել, եւ հետո՝ մեր նախարարն այնքան հասկանում է, որ այդպիսի սեւ ցուցակներ էլ չունի»,- նշեց Ծատուրյանն ու պատմեց, որ վերջերս նախարարին հանդիպել է Վանաձորում, որտեղ «ջերմ խոսել են», անգամ Հասմիկ Պողոսյանին պատմել է իր ծրագրի մասին՝  բեմադրել մի ներկայացում, որտեղ համատեղ ելույթ կունենան Գյումրիի եւ Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները, ինչին նախարարը դրական է արձագանքել եւ խոստացել է ֆինանսապես օգնել:



«Այ ցավդ տանեմ, ի՞նչ սեւ ցուցակ: Նույնիսկ ասում էին, որ հիմա Ծատուրյանին կոչում չեն տա, որովհետեւ նախարարն իրա հետ չգիտեմ ինչ...  բայց, ինչպես տեսնում եք, կոչումը ստանալուց հետո շատ լավ եմ»,- եզրափակեց Ծատուրյանը: Մենք հիշեցինք Սուրեն Շահվերդյանի հետ կապված պատմությունը. նմանատիպ իրավիճակում նրան բեմ չէին տրամադրում, ինչին Ծատուրյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, թե Սուրեն Շահվերդյանի դեպքում ինչպես, բայց ես բավական կայուն մարդ եմ եւ, այնուամենայնիվ, շատ ավելի բարձր ռեժիսոր եմ, եւ համեմատել ինձ սկսնակ տղայի հետ՝ մի քիչ տարօրինակ է ու անհեթեթ»:



Ինչ վերաբերում է նրան, թե որքանո՞վ հաջողվեց Սունդուկյան թատրոնի դեպքում նախարարի որդեգրած «ազատ բեմ» քաղաքականությունը, թե՞ այն կարելի է տապալված համարել, Ծատուրյանը զգուշորեն ընդգծեց, որ իր կարծիքը նախարարին է հայտնել, այն է՝ առանց գեղարվեստական ղեկավարի թատրոնը լինում է մի վայր, որտեղ ոչ գեղագիտություն կա, ոչ ուղղվածություն, ոչ քաղաքականություն, եւ այս դեպքում, ըստ նրա, Սունդուկյանի թատրոնը կարելի է անվանել դեմքը կորցրած մի թատրոն, որտեղ ով ասես կարող է գնալ՝ բեմադրություններ անել:



Իսկ կարեւորո՞ւմ է նախագահի կողմից իրեն տրված ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը, պարոն Ծատուրյանն ասաց. «Շատ են խոսում, որ կոչումներն ավելորդ բաներ են, բայց ասեմ, որ հաճելի է, երբ քո աշխատանքը գնահատվում է, որովհետեւ ուղիղ 48 տարի ես թատրոնում եմ, բեմադրություններ եմ արել նույնիսկ Նյու Յորքում, եւ հաճելի է, երբ կառավարությունը գնահատում է քո աշխատանքը, էլ չեմ ասում, որ թոշակի վրա էլ մի 40 հազար ավելանում է, որը նույնպես հաճելի է, ինչպես ասում են՝ չխանգարա, էլի»: