«Գիսանեի» 2-րդ թռիչքը նախարարի պատվին

«Գիսանեի» 2-րդ թռիչքը նախարարի պատվին
Երեկ տիկնիկային թատրոնի դիմաց իսկական իրարանցում էր. երգ-երաժշտություն, անհասկանալի բացականչություններ` «էստի համեցեք», «լինել, թե չլինել` սա է խնդիրը», «Օֆելյա, ո՞ւր է թաշկինակը»: Միայն հավաքված ամբոխը ճեղքելով պարզ դարձավ, որ դա նոր՝ «Գիսանե» անունը կրող երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի բացման արարողությունն էր, որտեղ մի խումբ երիտասարդներ, թատերական հանդերձանքներով կերպավորված, անցուդարձ էին անում փողոցում եւ իրենց հերոսների խոսքերով մոտ կես ժամ «լինել-չլինել» ու «էստի համեցեք» կանչում:



Դրան հաջորդեց այն, որ վերջապես տիկնիկայինի տանիքից բաց թողեցին «Գիսանեին» խորհրդանշող վախվորած աղջկան, որի թռիչքը 5 րոպե հետո պիտի էլի կրկնեին, այս անգամ հատուկ ուշացածների` Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Մազմանյանի համար, որից հետո բարեհաջող վայրէջքից հանգիստ շունչ քաշած ներկաները մտան դահլիճ, որտեղ էլ շարունակվեց բացման արարողությունը:



Հասմիկ Պողոսյանն իր փառատոնային տպավորություններով այսպես կիսվեց. «Շատ ուրախ եմ, որ փառատոնը սկսում է փողոցից, եւ այսքան մարդ հաղորդակից է այս կարեւոր իրադարձությանը: Շատ հպարտ եմ, որ ծրագրերը հիմնականում ձեւավորված են երիտասարդական ուժերով, եւ շատ ուրախ եմ, որ ակտիվ մասնակցություն ունի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը»:



Փոխադարձաբար փառատոնի նախագահ Հայկ Ավագյանն էլ իր կողմից շնորհակալական խոսքեր հնչեցրեց, որ իր թիկունքին կանգնել են նախարարն ու Մազմանյանը: Անդրադառնալով «Գիսանեի» մեկնարկին, որը սկսվել էր դեռեւս 2008-ից, նա նշեց, որ այն ներբուհականից վերածվել է հանրապետական փառատոնի, որի ընթացքում հանդիսատեսին են ներկայանալու Շուշիի, Ստեփանակերտի, Գորիսի, Վանաձորի, Գյումրիի, Աբովյանի երիտասարդ թատերախմբերը:



Արմեն Մազմանյանն էլ կարծիք հայտնեց, որ նմանօրինակ թատերական փառատոնները երիտասարդությանը միացնելու հերթական պլատֆորմն են, որտեղ երիտասարդներն աճում են, կռվում են, բայց «ազնիվ մրցակցությամբ` թատերական մեյդանում», իսկ լավագույն ներկայացումները, ըստ նրա, կմտնեն ուսումնական թատրոնի խաղացանկ, եւ երիտասարդներն անգամ տոմս «կծախեն ու իրենց փեշակով հաց կվաստակեն»:



Նոյեմբերի 10-21-ն անցկացվող «Գիսանե» փառատոնն ունենալու է հատուկ անվանակարգեր` լավագույն դերասան, դերասանուհի, ռեժիսոր, ներկայացում, երաժշտական ձեւավորում, բեմանկարչություն, իսկ ժյուրիի կազմն ավելի քան երիտասարդ է՝ ի դեմս Նազենի Հովհաննիսյանի ու Խորեն Լեւոնյանի: