Թող Վոզնյակները գան ու չգնան

Թող Վոզնյակները գան ու չգնան
Երկու օրով Հայաստան էր ժամանել Սթիվ Վոզնյակը: Շատերին, ցավոք սրտի, այս անունը ոչինչ չի ասում: Երբ իմացա, որ Հայաստան է ժամանել 20-րդ դարի «ամենամեծ հեղափոխականներից» մեկը, երկու օր ոգեւորության մեջ էի: Սա այն մարդն է, որն առաջինը ստեղծեց անհատական համակարգիչը, մարդ, որն իր անվանակցի՝ Սթիվ Ջոբսի հետ միասին հեղափոխություն արեց նորագույն տեխնոլոգիաներում, նրանց ջանքերով եւ մտքի շնորհիվ էլ ստեղծվեց «Apple» ընկերությունը: Սա մի մարդ է, որն իր սեփական ընկերության արտադրանքը գնելու համար կարող է բոլորի նման ժամերով հերթ կանգնել ու ժպտալով արձանագրել, որ վերջապես ինքն էլ ունեցավ այն, ինչ ուզում էր (խոսքը Apple-4S-ի մասին է):



Երեկ նա Երեւանում հանդես եկավ մամլո ասուլիսով, որտեղ ասաց. «Երբ ես առաջին անգամ համակարգիչ էի ստեղծում, ոչ ոք իմ մասին չէր իմանում, իսկ ես ներշնչվում էի այլ հանճարեղ մարդկանցով: Այսօր թող ներշնչվեն ինձանով ու թող ստեղծեն ու զարգացնեն Հայաստանում ՏՏ-ն»: ՀՀ նախագահը Վոզնյակին պարգեւատրեց «ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակով:



Վոզնյակի մտքերը



Երեկվա ասուլիսի ժամանակ մեծ գիտնականը շատ ուշագրավ հայտարարություններ արեց, մասնավորապես. ըստ նրա՝ նորագույն տեխնոլոգիաների բուռն զարգացումը դեռ նոր է սկսվում. «Ո՞րն է կարեւոր՝ մա՞րդը, թե՞ տեխնոլոգիան։ Եթե մարդն է կարեւոր, ապա տեխնոլոգները պետք է մտածեն ինչպես անել, որ մարդն ավելի մարդկային ապրի։ Տեխնոլոգիաների աշխարհում մեծ հայտնագործությունները մարդու եւ սարքի շփման միջոցով են տեղի ունեցել եւ ունենում։ Մեր բջջայինները հիմա ունեն թե՛ աչքեր (տեսախցիկ), թե՛ զգալու զգայարան (հպվում ես՝ զգում են), թե՛ լսողություն, թե՛ խոսք։ Ամեն ինչ մարդկանց պես։ Անգամ բջջայինը մեր տեղն է կարողանում ճշտել։ Մարդ գնում է դեպի իրական բանականության ստեղծում, մենք ամեն օր մոտենում ենք դրան, որ մի օր տեխնոլոգիաները մեր ընկերը դառնան։ Այսօր ոչ թե մենք ենք հարմարվում համակարգչին, այլ համակարգիչը մեզ»:



Վոզնյակն իրեն այս երկու օրերի ընթացքում շատ հասարակ ու համեստ կերպով է դրսեւորել, այնպես, ինչպես իր էությունն է: «iWoz» մականվամբ հայտնի գյուտարարն ու միլիարդատերը բավական երկար ժամանակ երկուականի ինքնագլորիչ է քշել Երեւանի Հանրապետության հրապարակում` զարմացնելով անցորդներին, որոնք զարմանում, ծիծաղում եւ ողջունում էին պատվավոր հյուրին:



Վոզնյակի եւ «օլիգարխների» տարբերությունը



Պատկերացնո՞ւմ եք գա մի օր, երբ, ասենք, Սամվել Ալեքսանյանը փողոցում հեծանիվով ման գա. ես չեմ պատկերացնում: Կամ՝ պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ մի օր «Ջերմուկի մայր գործարանը» «անմահական» ջերմուկ ստեղծի, իսկ Աշոտ Արսենյանը հերթ կանգնի իր ջերմուկի համար, վերջում էլ ուրախանա, որ իրեն հասավ: Ես ոչ միայն չեմ պատկերացնում, այլեւ չեմ հավատում: Համաշխարհային մակարդակով ամենահարուստ մարդկանցից մեկն իրեն կարող է նման բան թույլ տալ, իսկ մեր հասարակության հաշվին գերշահույթներ ու միլիարդներ ստացած մարդիկ մի քանի մեքենաներ են վարում, տասնյակ թիկնապահներով շրջում եւ այլն: Իմ սերնդի համար Վոզնյակը հիանալի օրինակ է, եւ հույս ունեմ, որ նրա նման մարդիկ հաճախակի կայցելեն մեր երկիր՝ իրենց փորձը մեզ փոխանցելու եւ ոգեւորելու համար:



ՀԳ - Վոզնյակն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է նաեւ, որ իր համար զզվելի բան է քաղաքականությունը, իսկ նախագահներն իրեն չեն հետաքրքրում:



Հարություն Մկրտչյան