Կան առանձին մտավորականներ, բայց ոչ մտավորականություն

Կան առանձին մտավորականներ, բայց ոչ մտավորականություն
Դեկտեմբերի 10-ից Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում, որտեղ ռուս ժողովուրդը շարունակում է պայքարը՝ չհամաձայնելով Պետդումայի ընտրությունների արդյունքների հետ: Ըստ տարբեր գնահատականների, արտոնված հանրահավաքին 35-85 հազար մարդ է հավաքվել, այս օրերին Բոլոտնայա հրապարակում ելույթներ են ունեցել ոչ միայն խորհրդարանական ընտրություններից դժգոհ մի շարք կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գործիչներ, այլեւ բազմաթիվ մտավորականներ, ավելին՝ ձեւավորված հակապուտինյան կամպանիայի առանցքում ռուս ինտելիգենցիան է, էլիտան, որն ակնհայտորեն չի թաքցնում իր դժգոհությունն իշխող հասարակարգից: 



Գեղանկարիչ Սամվել Սեւադայի կարծիքով, կեղծված ընտրությունների փաստն արձանագրել են ոչ միայն մտավորականները, հասարակ մարդիկ, այլեւ դիտորդները.  «Մեդվեդեւը, որպես նախագահ, ինձ դուր էր գալիս իր կեցվածքով, աշխատաոճով, կարծես գտել էր իր դեմքը, բայց դուրս եկավ, որ ինքը դրածո էր, որովհետեւ 3-րդ անգամ Պուտինը չէր կարող առաջադրվել, բերեց-դրեց մեկին ու հիմա էլ ասում է՝ դուրս արի, որ ես գամ: Իսկ դա արդեն տգեղ է»: Թե ինչպես է պատահել, որ ռուս ինտելիգենցիան իր երկրի համար կարեւոր պահերին համախմբված է, ինչը չես կարող ասել մեր դեպքում, գեղանկարիչը այսպես պատասխանեց. «Նրանք միշտ էլ համախմբված են եղել, նայեք. 19-րդ դարում, երբ արդեն Ռուսաստանում ինտելիգենցիան ձեւավորվել էր, շատ կազմակերպված դեմք ունեին, նույնը՝ իրենց մտածողությունը, իրենց վարքը, ու դա ուղղորդվում էր ոչ թե ինչ-որ մարդկանց կողմից, այլ ազատ, դեմոկրատական մտածողությունը միշտ էլ եղել է Ռուսաստանում, իհարկե, ճնշվել է բոլոր ժամանակներում եւ հիմա էլ, համոզված եմ՝ կճնշվի, բայց, ինչպես առաջ էին ազատ մտածում, նույնը նաեւ հիմա, դեռ մի բան էլ ավելի՝ դարձել են կազմակերպված: Ինչ վերաբերում է մեզ, ապա մեզ մոտ չկա այդ կազմակերպվածությունը եւ չի էլ եղել:



Մեզ մոտ միշտ եղել են անհատներ, որոնք ձայն են բարձրացրել, 19-րդ դարում Միքայել Նալբանդյանն էր, մատների վրա կարելի է հաշվել այդ մարդկանց, որոնց դարձյալ կամ ճնշել են, կամ վերացրել, դրա համար էլ վախեցած են բոլորը, քանի որ ազատ խոսք չի եղել: Ընդհանրապես մեր ազգի աչքը մի քիչ վախեցած է, որովհետեւ դարերով ճնշվել է, հետապնդվել, արյուն, ավար, գերեվարություն, ամեն ինչ տեսած ժողովուրդ է, դրա համար էլ 2-3 մասի է բաժանված. կեսը՝ Ղարաբաղ, կեսը՝ Սփյուռք, կեսը՝ Հայաստան:  Մենք յոլա գնացող ազգ ենք, մի բան ասում ես, ասում են՝ սուս, ձենդ կտրի, թող պատերազմ չլինի, սենց էլ լավ ա:



Մենք վախեցած ենք եւ շուտ հիասթափվող, օրինակ, ընդդիմության դեպքում շատերը հիասթափվեցին, ու բոլորը միաբերան ասում են՝ ինչո՞ւ կտրուկ միջոցներ ձեռք չեն առնվում: Այսինքն՝ ուզում են, որ ուրիշները կտրուկ միջոցներ ձեռք առնեն, իրենք կողքից լավ լինեն: Բայց էդպես չի լինում, այդ համախմբվածությունը չկա, դրա համար էլ միշտ էլ հեշտ է քայքայել ներսից ամեն ինչ: Ու եթե դեռ Ռուսաստանը ճանապարհ ունի անցնելու, ապա մեր երկրի դեպքում անգամ այդ ծայրը չի երեւում, որովհետեւ մեր ժողովրդից յուրաքանչյուրն անհատականություն է ու իր կարծիքն ունի իրերի ու ամեն ինչի մասին»:



Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այնքան էլ համաձայն չէ, որ Ռուսաստանում ինտելիգենցիան համախմբված է, որովհետեւ «Գովորուխինի նման ռեժիսորն օրինակ գլխավորում է Պուտինի նախընտրական շտաբը, այսինքն՝ ընդհանրապես խոսել ինտելիգենցիայի միավորման մասին, որտեղ ուզում է լինի, չեմ համարում ճիշտ, որովհետեւ մտավորականություն ասվածն այն խավն է, որի մեջ տարբեր հայացքներ, տարբեր աշխարհընկալում ունեցող մարդիկ են, ամեն մեկը մի ձեւ է մտածում. մտավորական կա, որ միայնակ գայլ է, մտավորական էլ կա, որ առանց հոտի չի կարող ապրել: Այդ միասնականությունը գուցե հեռվից է այդպես երեւում, ես գոնե այդպես չեմ կարծում: Եվ Պուտինի թիմում կան մտավորականներ, եւ արդեն Պրոխորովի թիմում՝ նույն Ալլա Պուգաչովան, Մարկովան էլ, եթե չեմ սխալվում, «Եդինայա Ռոսիայի» մեջ է, այնպես որ միասնականության մասին այդ ընկալումը չեմ ընդունում: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին: Հայաստանում էլ կան մարդիկ, որ ոչ մի կուսակցության մեջ չեն, ասում են այն, ինչ մտածում են, այսինքն փորձում են քաղաքացի լինել: Իսկ մտավորականներ էլ կան, որ ոչ միայն լավ հավատարմագրվում են որեւէ կուսակցության, այլեւ դառնում են նրա ակտիվ քարոզիչը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետագա զարգացումներին, ապա ընդամենը մի բան գիտեմ, որ Ռուսաստանում կա նույն պահանջը, ինչ որ մեզ մոտ կար 2008-ին՝ փոփոխության պահանջը. «Վօ ւՏՑՌՎ տպՐպՎպվ», իսկ թե ինչ կստացվի 2012-ին Հայաստանում եւ Ռուսաստանում, պետք է սպասենք: Ընդամենը մի բան կուզեմ, որ ամեն մեկն իր ձայնի տերը լինի եւ իրավունք ունենա իր ձայնը պաշտպանել»:



Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Ռուսաստանի դեպքում առանձնակի կարեւորեց, որ այդ շարժումը ողջ Ռուսաստանով մեկ էր՝ Վլադիվոստոկ, Խաբարովսկ, Պետերբուրգ, Մոսկվա. «Չէր կարելի վերաբերվել այնպես, ինչպես դա իրեն թույլ տվեց վարչապետ Պուտինը՝ այդ մարդկանց թեւի սպիտակ ժապավենները համեմատելով պահպանակների հետ: Նա կրկնում է նույն սխալը, ինչ արեցին ամիսներ առաջ արաբական առաջնորդները՝ անտեսելով քաղաքացիական հասարակության վերածնունդը: Աշխարհը փոքրացել է, եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը, շաղկապված են, դա չտեսնելը միամտություն է: Պուտինի կեցվածքը խոսում է իր թուլության մասին: Ռուսաստանում մտավորականությունն ուղղակի կիսվել է, իրենց ինքնապաշտպանության բնազդն ուժեղ է, որովհետեւ իրենք գիշատիչներ են: Մեզ մոտ նույնպես նման համախմբվածություն չկա, բայց բոլորովին ուրիշ պատճառներով. մեր մտավորականությունը, ցավոք, թուլամորթ է, թույլ է ընդհանրապես: Դա դեռ 20-րդ դարասկզբին ասել էր Նժդեհը, 20-րդ դարավերջին նույն խոսքերն ասել էր ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանը, պետք է հիշել նաեւ երջանկահիշատակ Ալեքսանդր Մանվելյանի բնորոշումը՝ մեզ պետք է ռազմադաշտային մտավորականություն, եւ պետք է հասկանալ, որ Հայաստանը, որպես պետություն եւ պետականություն, կփրկի միայն հզոր դիմադրության շարժումը, որտեղ մտավորականությունն իր ուրույն տեղն ունի, բայց, ցավոք, չի համապատասխանում իր պատմական դերին եւ չի առաջնորդում ժողովրդին: Մեզ շատ դժվար է լինելու, որովհետեւ լուծարված է բանվոր դասակարգը, մեկուսացված է գյուղացիությունը, ուսանողությունը նույնպես պառակտված է: Ինչ վերաբերում է 2012-ին Հայաստանում կայանալիք ընտրություններին, ապա ես պատրանք չունեմ մտավորականների կեցվածքի մասին, ես ինքս այդ կոչումից հրաժարվում եմ, մտավորականություն մեզ մոտ գոյություն չունի, կան առանձին մտավորականներ, չկա հասարակական ձեւակերպված արժանապատվությունը պաշտպանելու գիտակցություն, առանց որի մտավորականությունը չի կայանում, ուստի ես որեւէ հույսեր մտավորականների, որպես առանձին խավի վրա, չեմ դնում: Հետո՝ ընտրություններ չեն լինելու, մենք դա հասկանում ենք. սա մի ծուղակ է, որի մեջ ժողովրդին ներքաշում են: Այս փակ շրջանից հնարավոր է մի ելք. դա դիմադրությունն է, անհնազանդությունն է եւ զուգահեռ՝ իշխանության ստեղծումն այնպես, ինչպես արեցինք 88-ին»: