Ալիեւ-Ղազանչյան դինաստիան

Ալիեւ-Ղազանչյան դինաստիան
Երկու օր առաջ տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության 14-րդ համագումարը, որի ընթացքում 3-րդ անգամ ԹԳՄ նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Ի տարբերություն նախորդ երկու ընտրությունների, այս անգամ Հակոբ Ղազանչյանը միակ թեկնածուն էր, որի առաջադրմանը միության անդամներն առանձնապես չեն էլ դիմադրել եւ միաձայն ու հաշտված՝ բաց քվեարկությամբ վերընտրել են նրան: Տպավորությունն այնպիսին է, որ 800 հոգանոց ԹԳՄ-ում, գոնե, որպես այլընտրանք, այլ թեկնածու չկար, կամ էլ արդեն սովոր ենք, որ մեր երկրում ցանկացած պաշտոն ժառանգաբար է փոխանցվում, ենթակա է սեփականաշնորհման, ինչպես մյուս ստեղծագործական եւ ոչ ստեղծագործական միությունների դեպքում:



Թատերագետ, ԹԳՄ անդամ, ԹԳՄ-ի «Թատրոն» պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղար Նվարդ Ասատրյանի կարծիքով, 14-րդ համագումարը շատ ավելի խաղաղ անցավ, քան նախորդը՝ 13-րդը, որն անհամեմատ անհանգիստ էր, որովհետեւ վտանգված էր մթնոլորտը, անգամ կոնկրետ ելույթներ էին նախապատրաստված, որովհետեւ. «Մեծ էր անհանգստությունը՝ կընտրվեմ, թե չեմ ընտրվի: Ինչ-որ ընդդիմություն կար, ցանկություն կար ինչ-որ բան փոխելու, իսկ այս անգամ բացարձակ խաղաղություն էր, տեղերից արդեն ֆուրշեթային խոսակցություններ էին գնում, այնքան անբարեկիրթ, որ նույնիսկ ինքն էր սաստում, թե՝ ժողովուրդ, մի քիչ լուրջ պահեք ձեզ»: Թատերագետին համագումարը թատերական հանրահավաք է հիշեցրել, որի ակտիվությունն ավելի շատ ճեմասրահում է դրսեւորվել՝ ընդմիջումների ժամանակ, քան դահլիճում: Բացի այդ, ոչ մեկը ցանկություն չի էլ ունեցել խոսք ասելու, որովհետեւ տարբեր կապերով կապված են իրար՝ «քավոր, խնամի, սանիկ», ու այդ կապերը փչացնել չեն ուզում. «Քիչ թե շատ ստեղծագործական մտահղացումներ ունեցողները, որոնք հայտնի են, ունեն իրենց լծակները, թատրոնները, բեմերը եւ իմաստ չեն գտնում որեւէ բան փոխելու՝ բա որ ավելի վատ եղավ»:



Ինչ վերաբերում է հարցին՝ պոտենցիալ «նախագահացու» չկա՞ր Ղազանչյանից բացի, թե՞ թատերական գործիչների մոտ արդեն հարմարվողականության ու խիզախելու խնդիր կա, թատերագետն այսպես պատասխանեց. «Նախ՝ հարմարվել են, եւ հետո, երբ 800 հոգուց շատ քիչ մասն է ներկա, ու ներկաներին էլ անգամ հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում, նույնիսկ հեռավոր Գորիսից, Կապանից, Ստեփանակերտից, Ալավերդուց, Գավառից եկածներին... միակ հոգսն այն էր, որ արագ վերջացնեին ու սառցապատ ճանապարհներով տուն հասնեին: Հետո որեւէ մեկը հանձն էլ չէր առնի, որովհետեւ ծանր լուծ է, եթե ազնվորեն աշխատում ես բոլորի համար: Բացի այդ, անկեղծության բացակայություն կա, ավելին՝ դեֆիցիտ: Երիտասարդները զարմանալիորեն շատ կրավորական կեցվածք ունեն: Դժգոհների մի մասը նույնիսկ ներկա էր, մյուս մասը պատվիրակ էր, բայց նրանք էլ ծերացած կենսաթոշակառուի նման դադարել են դժգոհելուց, կորցրել են հավատն իրական բարեփոխումների հանդեպ»: Թե ինչու են հուսահատվել, դադարել նույնիսկ բարձրաձայն դժգոհելուց, Նվարդ Ասատրյանը նշեց, որ նախ՝ վերջնականապես հույսներն են կտրել, հետո՝ գտնում են ուրիշ ճանապարհներ, ուրիշ հովանավորներ, ինքնադրսեւորման, հանրաճանաչման այլ տարբերակներ, եւ «մի տեսակ ձեւական, բարեկամական հարաբերություններ են, նույնիսկ անկեղծ չեն գնահատում իրար աշխատանքները. ինչի՞ մասին է խոսքը»: Ասատրյանը հավելեց, որ նախագահի խոսքն անգամ համագումարի  ընթացքում կառուցված է եղել ընտանեվարի. «Սերիալային հայերենի խոսք ու զրույց էր գնում, ու որեւէ մեկը ցանկություն էլ չունի «նախագահական» բեռը վերցնելու իր ուսերին ու ինչ-որ բան ապացուցելու: Մեկը նույնիսկ ինձ ասաց. «Էդ Ալիեւների դինաստիան այլեւս վերջ չի ունենա»՝ Ղազանչյան հայր, Ղազանչյան որդի: Մյուսն էլ կիսաձայն շշնջաց. «Ղազանչեցոց եկեղեցում այսուհետ պատարագները միայն իրենց դինաստիայինն են լինելու, սրբություն չմնաց»: Ամեն ինչ ձեւական է»:



Ինչ վերաբերում է 3-րդ սերնդին՝ Մարիամ Ղազանչյանին, ապա. «Նախ ասեմ՝ նա շատ շնորհալի դերասանուհի է, ինքը մեղավոր չէ, որ բոլոր հարազատներն ուզում են, որ միշտ առաջին պլանում երեւա, հաճախ ստանձնելով դերեր, որոնք իր մարդ տեսակին, արտիստական խառնվածքին խորթ են: Եթե բոլոր երիտասարդ դերասանուհիներին նրա վարպետացման հնարավորությունները տրվեին... հավատացեք՝ քիչ չեն շնորհալիները հենց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Իսկ այդ առումով իր բախտն անհամեմատելի բերել է՝ միջազգային շփումներ, մրցանակներ: Համանման ստեղծագործական եռուզեռի կարոտ են մի քանի տասնյակ երիտասարդներ: Մի տասնյակը հաստատ բնատուր շնորհներով չի զիջում, բայց բեմելի կարոտ ունի: Իրենք մեղավոր չեն, որ համարժեք այդ լծակները չունեն՝ երեւալու, ինքնարտահայտվելու, երեւակայել էլ չեն կարող, որ իրենց համար երբեւէ հատուկ վոկալի դասատու կվարձեն, գործիքավորում կանեն ներկայացման համար, որեւէ փառատոնից մի հայտ գալու դեպքում հենց իրենց կարտոնվի գնալ այդ հայտով, աջակիցներ կգտնվեն: Առավել եւս, որ իրենց ներկայացումը եւ Վրաստանում, եւ Ռուսաստանում, եւ Լեհաստանում, եւ այլուր կպտտեն. սա է խնդիրը»:



Համագումարի ընթացքում, բացի աշխատավարձերից, կոչումներից, բարձրացվել է նաեւ սերիալամոլության հարցը, իսկ երբ կոչումների տարիքային շեմին են անդրադարձել, Ղազանչյանը նախ նշել է, որ ընդհանրապես դեմ է դրանց, բայց եթե կան, ապա թող ջահելներն էլ ստանան: «Վաստակավորի կոչում Ռուսաստանում 25 տարեկաններն են ստանում»,- ասել է Ղազանչյանը, ինչին հետեւել է դահլիճից մարդկանց արձագանքը. «Մարիամը քանի՞ տարեկան է»:



Նվարդ Ասատրյանի համար ուշագրավ էր նաեւ այն փաստը, որ Ղազանչյանը որոշել է այլես հույս չդնել միջնորդ կազմակերպությունների վրա. «Ըստ երեւույթին, մշակույթի նախարարությունը նկատի ունի» եւ որոշում է կայացրել ուղիղ կապ հաստատել ՀՀ նախագահի հետ՝ անձամբ բարձրաձայնելով թատրոնի խնդիրները. «Ինքը պիտի կարողանար միության հեղինակությունը բարձրացնել, անտեսելով սեփականն ու անձնականը, առաջնային դարձնելով համքարականը: Այդ դեպքում պետությունը կհարգեր իրեն եւ ուղիղ կապի մեջ կլիներ իր հետ: Հենց նույն Ռուսաստանի օրինակով հետամուտ լիներ, որ ռուսական մոդելով ձեւակերպվեր հայ թատրոնի գործունեության մասին օրենքը: Ինքը պիտի ամեն թատրոնի համար կռիվ տար՝ սկսած իր ղեկավարած թատրոնից, վերջացրած ազգային ակադեմիականներով... լավ, եթե աղքատ պետություն ենք, թող չանեն օրակարգային հարյուրավոր սնամեջ միջոցառումներ կամ տան կոնկրետ հասցեով կոնկրետ գումար՝ փոխարենը պահանջելով կոնկրետ արդյունք, թող մի քիչ էլ փող լվանան բոլոր նրանք, ովքեր պետական եւ մեկենասական գանձանակներից պարբերաբար սնվում են»:



14-րդ համագումարի ֆոնին ոչ պակաս ուշագրավ էր այն փաստը, որ գրավոր եւ բանավոր լայնորեն կիրառվող «Հայաստանի թատերական գործիչների միություն» անվանումն ամրագրված չէ օրենքով, պաշտոնապես այն գրանցված է որպես «Թատերական գործիչների միավորում» հասարակական կազմակերպություն, որը, ըստ Նվարդ Ասատրյանի, ինքն իրենով իրավախախտում է. «Այդ առումով Ռուբեն Բաբայանի ինտելեկտն ավելի հեռանկարային էր, եւ նա Թատերական ստեղծագործական միավորումն ազգային է կոչել, պարզ է, որ ազգայինի դեպքում Նիկարագուայինը չէր լինի»:



 



ՀԳ - Հակոբ Ղազանչյանի տեսակետները լսելու համար երեկ զանգահարեցինք նրան: Նա նախ առաջարկեց ուշ զանգահարել իրեն, ապա ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը: Պարոն Ղազանչյանից մենք մասնավորապես ուզում էինք հարցնել, թե ինչի հետ է կապված Թատերական գործիչների միությանն իրավական կարգավիճակ չտալը, որքանո՞վ են ԹԳՄ-ի բոլոր երիտասարդների միջեւ հավասար մրցակցային պայմաններ ապահովվում՝ սկսած բեմադրություններ անելուց մինչեւ տարբեր փառատոնների մասնակցելը, ի՞նչ եղավ այն հողատարածքի ճակատագիրը, որը գնվել էր ստեղծագործական տուն կառուցելու համար, իսկ գեղարվեստաթատերական կոմբինատն էլ, ասում են՝ այժմ դագաղների արտադրամասի է վերածվել: Այս հարցերն էին, որ անպատասխան մնացին: