Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար

Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար
Վերջերս ընթերցողների դատին հանձնվեց Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Աստղիկ Օհանյանի "Forgive me for not forgetting me" (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար) գիրքը` գրված անգլերեն լեզվով:



Գիրքը երկու երիտասարդների սիրո մի տխուր պատմություն է, պատմություն, որն ունի երջանիկ և անամպ սկիզբ: Երիտասարդ երաժշտագետ Էլիզաբեթը և տաղանդավոր նկարիչ Ալեքսը հանդիպում են, գտնում իրար, ճանաչում և սիրում: Նրանց կյանքը դառնում է մի լուսավոր երազ` լի ծաղիկներով ու ապագային ուղղված վարդագույն երազանքներով: Երիտասարդներն արդեն մտածում են ընտանիք կազմելու, համատեղ երջանիկ կյանքով ապրելու մասին, և նրանց մտքերում տեղ չկա ոչ մի անհաջողության, ոչ մի դժբախտության: Բայց…



Բայց նրանց վիճակված չէ երկար ժամանակ վայելել իրենց սերը: Անբուժելի հիվանդությունից հանկարծամահ է լինում Ալեքսը: Կյանքը Էլիզաբեթի համար վերածվում է դժոխքի` երկար ու ձիգ օրեր, մեկը մյուսի նման ու բոլորն էլ անգույն, որոնք գալիս-անցնում են` առանց որևէ բան ավելացնելու հուսալքված աղջկա կյանքում: Երկար ժամանակ է պահանջվում, որ Էլիզաբեթն սկսի սթափ նայել աշխարհին, իրականությունն ընդունի ու գնահատի այնպես, ինչպես այն կա:



Անցնում է հինգ տարի, իսկ աղջիկը շարունակում է սիրել: Նա շարունակում է ապրել, ավարտում է ուսումը, իր կյանքը նվիրում մորն ու սիրած տղայի հիշատակին: Ծանր հոգեկան ապրումների գնով երիտասարդ աղջիկն ուժ է գտնում իր մեջ` ապրելու, անցնելու դաժան իրականության միջով ու պայծառ հայացքով նայելու կյանքին ու մարդկանց. նա ուժ է գտնում իր մեջ, որովհետև ցանկանում է պատմել մարդկանց իր սիրած տղայի մասին: Հինգ տարի անց նա նորից “հանդիպում” է Ալեքսին` իրենց գրած և ապագային ուղղված նամակների միջոցով: “Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար”. միակ բանը, որ մահացող երիտասարդը կարող էր ավանդել իր սիրած աղջկան, որին խոստացել էր սիրել “մինչև լուսին և հետ”, քանի որ գիտեր` իր հետ տանելու էր նրա անսահման սերը, իսկ աղջկան բաժին էին մնալու միայն կորստի ցավն ու չիրականացած երազանքները:



Գիրքը ձոն է` ուղղված անանց սիրո և հավատարմության վեհ զգացմունքներին: Հեղինակը ինքն էլ պատանեկան անմիջականությամբ բաժանում է իր հերոսների ուրախությունն ու ցավը, հոգսն ու երազանքները, հավատարմությունը:



Գրողների միության կողմից հրատարակված գիրքը երիտասարդ և խոստումնալից գրողի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է: Կարծում ենք, որ այն հետաքրքիր կլինի ընթերցող լայն հասարակության համար: Գիրքը գրված է պարզ, հասկանալի անգլերենով և կարող է օգտակար լինել անգլերեն ուսումնասիրողների համար:



Գիրքը նախատեսված է հատկապես երիտասարդ սերնդի, պատանիների համար, քանի որ այն իրենց նման երիտասարդ և երազանքներով լի մարդկանց մասին է:

Շնորհավորում ենք Աստղիկին` առաջին գրքի լույս տեսնելու կապակցությամբ: Հուսով ենք, որ տաղանդավոր աղջիկը դեռ բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններով կուրախացնի իր ընթերցողներին:



Սեդա Մարության