Դեսից դենից

Դեսից դենից
Օ՜, ժամանակներ,  օ՜, բարքեր



Հե՜յ գիտի ժամանակներ: Քաջ Նազարը որ ահից դողում էր, հսկաները սարսափից չէին իմանում որ ծակը մտնեն: Հիմա վարչապետը Երեւանում զայրանում է, ձեռքը խփում սեղանին, սպառնում սենսացիոն հայտարարություններով, իսկ Սուրիկ Խաչատրյանն ասում է` ես Սյունիքում նստած` որտեղի՞ց իմանամ, որ վարչապետը Երեւանում զայրացել է:



Այսպես էլ բան կլինի՞… Բա վարչապետը Հայաստանը դարձնի տեղեկատվական եւ առաջավոր տեխնոլոգիաների երկիր, ու Սյունիքի մարզն ասի` ես որտեղից իմանա՞մ:



Քեզ շատ ազատ չզգաս



Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Թեեւ մամլո ծառայության հաղորդագրության մեջ այլ հետաքրքիր մանրամասներ չեն նշվում, հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ, մինչեւ նախագահի նստավայր տանելը, եվրոպացուն ամեն դեպքում ինստրուկտաժ են արել ու բացատրել, որ չի կարելի կոտրել օտար պետության գույքը` սեղանը մասնավորապես:



Վերջապես Գրիգորիչը երեւաց



Գալուստ Սահակյանն օրերս թերթերից մեկի թղթակցի հետ զրույցում համարյա հաստատել է մեր այն մտավախությունը, որ կոալիցիայի մասով ոչ թե քաղաքական դաշտ ունենք, այլ քաղաքական արոտավայր: Ըստ Գրիգորիչի` այսօր քաղաքական իրավիճակը կայուն է, եւ կոալիցիոն կուսակցություններն ընտրությունների են գնում առանձին ցուցակով: Վաղը, ասել է նա, կարող է քաղաքական իրավիճակը փոխվել, եւ դարձյալ ակտուալ դառնալ միասնական ցուցակով գնալը: Հետեւություն` կամ կոալիցիան օրումեջ գժանոց է, կամ էլ Գրիգորիչը մի բան գիտի:



Հանուն ճշմարտության ասենք նաեւ, որ Գրիգորիչը չի անդրադարձել կոալիցիոն հուշագրի մյուս կետերին: Հարցը` այդ կետերն է՞լ են օրումեջ կատարվում, չի հնչել, նա էլ չի անդրադարձել:



Շտաբս կապիտան



Ալիկ Սարգսյանի երեւալը ՀՀԿ նախընտրական շտաբում հեչ լավ բան չի: Սա նշանակում է, որ ՀՀԿ շտաբը, ի թիվս այլ կառույցների, կունենա նաեւ ուժային կառույց: Ի գիտություն մրցակից կուսակցությունների` երբ Ալիկ Սարգսյանի մարդիկ փորձեն ձեր ներկայացուցիչներին բերման ենթարկել շրջակա պադվալներ, ըմբռնումով մոտեցեք: Դիմադրություն ցույց չտաք ու քիթ չջարդեք: Հասկանում եք երեւի, որ ուժային կառույցն ուժային է նույնիսկ դրախտում:



Էդիկ Անդրեասյան