Ձնագնդիի էֆեկտ

Ձնագնդիի էֆեկտ
«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան վրա, երեկ հաղորդել է, որ այդ երկրի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել 1992թ. Խոջալուում տեղի ունեցած դեպքերը որակել ցեղասպանություն, եւ կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ պատասխանատվության ենթարկել դրա մեղավորներին: Ըստ «Ռեգնումի»՝ Պակիստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը համարվում է ամբողջ Սենատի կողմից կայացված որոշում: Եվ սա աննախադեպ փաստ է: Այն կարելի է գնահատել որպես իսլամական համերաշխության դրսեւորում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու որոշման: Պակիստան- Ադրբեջան շահերի ընդհանրության այլ բացատրություն դժվար է գտնել: Մահմեդական աշխարհը, փաստորեն, իր զորակցությունն է հայտնում կրոնական եղբորը: Հայտնի է, որ ամեն մի ազդեցություն ծնում է հակազդեցություն, եւ Ֆրանսիայի Սենատի որոշումն անպայման պետք է հակազդեցություն առաջացներ: Սակայն այս պնդումը կարող է վերաբերել ինչպես Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշմանը, նույն չափով եւ Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմանը: Այնպես որ պետք չէ բացառել, որ Պակիստանի Սենատի որոշումը կարող է պատճառ դառնալ այլ որոշումների կայացման համար, եւ մենք կունենանք ձնագնդիի էֆեկտ: Ձնագնդիի էֆեկտի շրջանակներում կարելի է դիտել նաեւ ֆրանսիացի սենատորների՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմելու փաստը: Հուսանք, որ ողջ մահմեդական աշխարհը չի հետեւի Պակիստանի օրինակին, եւ մեր փոքրիկ ֆրանսիական «հաղթանակը» չի շրջվի մեր դեմ: