Թեթեւ տարեք` Վիլյամ Սարոյան

Թեթեւ տարեք` Վիլյամ Սարոյան
Բազմաթիվ ընթերցողներ աշխարհում հպարտանում են եւ մեծ սեր տածում հռչակավոր արձակագիր, դրամատուրգ Վիլյամ Սարոյանի եւ նրա ստեղծագործությունների հանդեպ: 20-րդ դարը ամերիկյան գրականության ոսկե շրջանն էր, որտեղ, կարելի է ասել, մարտի դաշտ էին մղվել այնպիսի տաղանդավոր զինվորներ, ինչպիսիք են Շերվուդ Անդերսոնը, Վիլյամ Ֆոլքները, Հեմինգուեյը, Ֆիցջերալդը, Ջոն Դոս Պասոսը, Սթեյնբեքը, հետագայում՝ ազգությամբ հրեա գրողների հրաշալի փաղանգը. Սելինջեր, Բեռնար Մալամուդ, Սոլ Բելոու եւ էլի ու էլի մեծ անուններ, մեծ ձկներ ու մեծ պատրանքներ, եւ նրանց շարքում, նրանցից առանձին` ինքնատիպ, մի նոր, նույնիսկ զայրացնող եւ զարմանք հարուցող գեղագիտությամբ անուն` Վիլյամ Սարոյան, որ համառում է իր ճանապարհը եւ գրում բազմաթիվ մեծ ստեղծագործություններ, որոնք հետագայում կխանդավառեն բիթնիկների ըմբոստ եւ ազատատենչ գրողների հայտնի սերնդին: Մի քանի օր առաջ տպվեց Վիլյամ Սարոյանի հինգ պիես ամփոփող ժողովածուն՝ «Բան ունեմ ասելու» պիեսներից մեկի համանուն վերնագրով (Երեւան, ՀԳՄ հրատարակչություն, 2012 թիվ, թարգմանությունն անգլերենից՝ Էլֆիկ Զոհրաբյանի):



Վերջին շրջանում շատ է խոսվում գրաշուկա զարգացնելու, գրականությունը տարածելու ու նմանատիպ գործառույթներ ակտիվացնելու թեմաներով: Բայց այս շարժումը կսկսվի միայն այն ժամանակ, երբ տպագրված գիրքն ու ի դեպ կարեւոր հեղինակի կարեւոր գիրքը մեզ համար, գրականության համար, ընթերցողների համար դառնա իրադարձություն, այլ ոչ թե տպարանից դեպի կյանք գնացող ճանապարհին կնքի իր մահկանացուն: Եվ դրա համար պետք է արժեւորել այն որպես կարեւորագույն փաստ, մի բան, որ անհրաժեշտ է ու սպասելի:



Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուն ինքնին իրադարձություն է, որովհետեւ նախեւառաջ խոսքը խոշոր հեղինակի մասին է, ում պիեսները մեզ մոտ այդքան էլ շատ չեն բեմադրվում, եւ երկրորդ` Սարոյանի կարճ պիեսների ժողովածուն հայերեն լույս է տեսնում առաջին անգամ: Գրքի առաջաբանում գրականագետ Արմեն Ավանեսյանը գրում է. «Խոսքի որոշակիությունն ու կենդանությունը պայմանավորված են թարգմանչի գործնական փորձով, որ գալիս է բեմից: Հնչող խոսքի բեմականությամբ է կողմնորոշվել թարգմանիչը` շոշափելով զուտ գրականի եւ բեմականի սահմանագիծը: Թարգմանիչն ուշադրություն է դարձրել, թե տվյալ խոսքն ինչպես կհնչի բեմում կամ որքանով է նպաստում կերպարի տիպականացմանը հայերեն հնչողությամբ, եւ թե ինչպիսի արտահայտչաձեւեր ու գույներ կօգտագործեր այս կամ այն «սարոյանական» հերոսը»: «Սարոյանը չի մոռանում պիեսի ամբողջական ընթերցանության գործոնը, որքան էլ որ այն ենթադրում է բեմադրություն: Բոլոր դրամատիկական  երկերում խոսքը ստեղծում է իր իրականությունը, ունի ինքնակեցություն: Այս սահմանազատումը հատկապես տեսանելի է Սարոյանի այս հինգ պիեսներում, որոնք, անշուշտ, կարեւոր են թե որպես թատերգության բազմաժանրության նմուշ, թե որպես հայի ինքնաճանաչման եւս մեկ փորձ, որ կատարել է մեծ հայ Վիլյամ Սարոյանը»:



Հետաքրքրվածությունը Սարոյանի հանդեպ կարծես թե կա, բայց զուտ սիրողական բնույթ է կրում, եւ այդ հետաքրքրվածության իրական մասշտաբի մասին ոչ մի ճշգրիտ տեղեկություններ չունենք: Ում հարցնում ես նրա ստեղծագործությունների մասին, բոլորի աչքերը փայլում են նարինջներով: Մեզ մոտ Սարոյանը սիրված  ու ընդունված է երիտասարդության կողմից, իսկ 70-ականներին, նրանք, ովքեր Երեւանի փողոցներում հեռվից տեսել են Վիլլիին կամ մեկ անգամ ձեռքով բարեւել, այսօր սրտաճմլիկ նկարագրություններով հուշապատումներ են գրում ու տափակ բրոշյուրներ վաճառում ընթերցողներին: Փոքր ձկները մյուսների աչքին փորձում են արժեւորվել մեծ ձկան լողակին քսվելու ակնթարթով, այնինչ մի շարք կարեւոր միջոցառումների իրացումը, նրա գրականությունն ավելի խորը ուսումնասիրելը շրջանառության մեջ դնելը, մի նոր Սարոյան բացահայտելը մնում են երազանք:



Մենք այսօր չունենք Վիլյամ Սարոյան անունով մի ակումբ, չգիտեմ մի տեղ, որտեղ հնարավոր կլինի հավաքվել, խոսել նրա գրականության ու ընդհանրապես արվեստի մասին: Բայց մենք արդեն ունենք «Պուտին» ակումբներ եւ պարտադրված լսելու ենք դեսպոտիզմ սփռող գաղափարներ: «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուի վերջում կազմին գրառված է Սարոյանի խոսքը. «Թեթեւ տարեք` Վիլյամ Սարոյան»:



Գիրքը շուտով կվաճառվի Երեւանի փոքրաթիվ գրախանութներում: