«Ապօելը»` 1/4 եզրափակչում, «Փյունիկը»՝ Էմիրաթներում

«Ապօելը»` 1/4 եզրափակչում, «Փյունիկը»՝ Էմիրաթներում
Մարտի 7-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 –րդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքում ի հայտ եկան ևս երկու 1/4 եզրափակչի  մասնակից՝ իսպանական «Բարսելոնան» և Կիպրոսի «ԱՊՕԵԼԸ»: Եթե առաջինի դեպքում նման ընթացքը սպասված օրինաչափություն էր, ապա երկրորդի՝ «ԱՊՕԵԼԻ» դեպքում հաճելի անակնկալ գրանցվեց և կրկնակի անակնկալ էր, եթե հաշվի առնենք, որ կիպրոսյան ակումբը հաղթեց բազմափորձ ու աշխարհահռչակ Լիոնի «Օլիմպիկին»։ Հաղթեց հոգեբանական տրամադրվածության  և կամային հատկանիշների շնորհիվ։  Կիպրոսի ժողովուրդը կարող է իրավմամբ հպարտանալ իր թիմի կամային հաղթանակով։



Այդ նույն օրերին, երբ կիպրոսցիները հպարտությամբ և խանդավառությամբ տոնում էին իրենց հաղթանակը պատվավոր մրցաշարում, մեր չեմպիոն՝ «Ուլիսը» ընկերական հանդիպման էր պատրաստվում Վորոնեժի «Ֆակելի» հետ։



Զարմանալի է, թե  ով, կամ ովքեր են նման սցենարների և պեղումների հեղինակները։ Հետաքրքիր է, թե ինչ մտքի թռիչք և ամբիցիաներ են պետք , որ պեղեն և գտնեն նման թիմերին, ինչպիսիք են Վորոնեժի «Ֆակելը», կամ օրինակ` Կանադայի հավաքականը, ում հետ վերջերս ընկերական հանդիպում անցկացրեց մեր ազգային ընտրանին։



Հարց է առաջանում, թե նման թիմերի  հետ  հանդիպումներից ի՞նչ են ակնկալում մեր մարզիչները, ի՞նչ են փորձարկում և ի՞նչ են ցանկանում գտնել։ Միթե նման մոտեցմամբ հնարավոր է խաղ զարգացնել, կամ խաղային փորձ ձեռք բերել, թե ուղղակի ժամանակ են վատնում ծովափնյա հանգստավայրերում։



Ի դեպ, այս օրերին «Փյունիկը» նույնպես արտերկրում ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Հիշեցնեմ, որ Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» նույն էտապից էր մասնակցում ինչպես «ԱՊՕԵԼԸ», այսինքն ըստ ՈւԵՖԱ-ի տրամադրած կարգավիճակի թիմերը գտնվում են նույն տրամաբանական աստիճանի վրա, սակայն «Փյունիկը» լքեց մրցաշարը հենց առաջին տուրից՝ երկխաղային դիմակայության արդյունքում պարտվելով 1։ 9 հաշվով, իսկ «ԱՊՕԵԼԸ» հասավ 1/4 եզրափակիչ, արդեն իսկ Դե Ֆակտո հռչակելով իրեն Եվրոպայի տարվա լավագույն  8 թիմերից մեկը։



ԿԱՐԵՆ  ՍԻՄՈՆՅԱՆ