Միայն կանանց համար

Միայն կանանց համար
"Սիրտս տանջում է ինչ-որ անուրախ անհանգստություն...". Տերյանի տողը մի քանի օր է՝ մեխվել է ուղեղումս: Չեմ հասկանում՝ պատճառն այն է, որ կիրակի օրն ընկերս Տերյանի բանաստեղծություններով կազմած իր շաբաթագիրքը նվիրեց, իսկ ես, քանի որ մեծացել եմ Տերյանի պոեզիայի մեջ ու ավարտել Տերյանի անվան դպրոցը, փոքրիկ առիթի էի սպասում "շշուկ ու շրշյունի" աշխարհն ընկղմվելու համա՞ր: Թե՞ հակառակը՝ տրամադրությունս է տերյանական, եւ նվերն էր խիստ պատեհ:



Իսկ դուք հաճա՞խ եք անկումային տրամադրություններ ունենում: Ժամանակին, երբ ավելի թեթեւ ու ճիշտ էի ապրում, զայրանում էի ինձ մտերիմ մարդկանց վրա, որոնք չեն կարողանում հասկանալ ու առավել եւս՝ բացատրել իրենց վատ տրամադրության պատճառը: Կարծում էի, որ դա գիտելիքների, խելքի, մտքի խորության բացակայությունից է:



Ինչպե՞ս կարող է մարդը չհասկանալ, թե ինչն ազդեց իր վրա, ինչից փչացավ տրամադրությունը, ինչից է իր դեպրեսիան, զայրանում էի ես, քանի որ գրեթե միշտ հասկանում էի, թե ինչ է կատարվում ինձ հետ: Նաեւ մտածում էի՝ չէ որ կան մարդիկ, որոնք անգամ դիմացինի զգացողություններն են կարդում ու հասկանում՝ հոգեբանները: Բայց դառնանք մեր զգացողություններին:



Մի փոքրիկ հայացք, մի թեթեւ ակնարկ, մի տհաճ հիշողություն կարող է իսպառ փչացնել ձեր օրն ու տրամադրությունը: Ինձ հանդիպած մարդկանց մեջ քիչ են ամուր նյարդեր ու կայուն հոգեվիճակ ունեցողները, որոնք ամեն մի չնչին առիթից չեն ալեկոծվում: Նրանց ես անկեղծորեն նախանձում եմ՝ կայացած, պինդ ու վստահելի մարդիկ են, նրանց հետ կարելի է ճանապարհ գնալ:



Մյուս տեսակը՝ մելանխոլիկ ու զգացմունքներից տարուբերվող, իսկական աղետ է, ինչպես խարխուլ մակույկը՝ հանձնված ծովին: Երբ չես իմանում ինչպես հանգստացնես, ինչպես օգնես, որ դուրս գա այդ վիճակից: Բայց այդ հոգեվիճակում գտնվողներն էլ երկու խմբի են բաժանվում. նրանք, ովքեր միայն շրջապատի օգնությամբ են կարողանում հաղթահարել իրենց վիճակը, եւ նրանք, ովքեր մեկուսացման մեջ իրենք են հասնում ցանկալի արդյունքին:



Ես երեւի վերջին խմբին եմ պատկանում. երբ վատ տրամադրություն եմ ունենում, ոչ մեկին չեմ ուզում տեսնել, ոչ մեկի "հավեսը" չունեմ: Երեկ, օրինակ, խիստ գայթակղիչ հրավերից հրաժարվեցի՝ ի վիճակի չէի երկու ժամ շարունակ ժպտալ ու ձեւացնել, թե լավ եմ զգում: Իհարկե, շատ ավելի բարդ է, երբ մեկուսանալու հնարավորություն չկա, երբ ստիպված ես հարաբերվել մարդկանց հետ: Արդյունքում՝ աշխատավայրում մի անմեղ այցելու կարող է ընկնել քո "թարթափի" տակ եւ անտեղի տուժել: Հետո՝ իհարկե, խղճի խայթ կունենաս, բայց դե, ինչ արած՝ "ոչինչ մարդկային խորթ չէ ինձ համար":



Նման դեպքերում գուցե ավելի լավ է զայրույթդ ու դեպրեսիադ պատահական մարդու վրա պարպես, քան մտերիմ մարդկանց: Անծանոթը որոշ ժամանակ անց կմոռանա, իսկ մոտիկները կարող են քո թուլությունը տարիներով հիշել: Հետո՝ ես միշտ այն կարծիքին եմ, որ հարազատ մարդկանց պետք է ավելի շատ խնայել, քան օտարներին: Իսկ մենք սովորաբար հակառակն ենք անում. սեթեւեթում ենք, ժպտում ու հաճոյանում օտարներին, իսկ մոտիկների նկատմամբ անխնա ենք, ես կասեի՝ անողոք:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ