Քվեարկությունից հետո

Քվեարկությունից հետո
Եթե լրագրող ես, քեզ երբեմն կարելի է տեսնել այն, ինչ չի թույլատրվում սովորական ընտրողին, ասենք՝ ընտրատեղամասի փակվելուց հետո քվեատուփերի բացելն ու ձայների բաշխումն ըստ կուսակցությունների կամ պատգամավորության թեկնածուների: Ընտրողն իր գործն արել է, Նիկոլի ասած՝ 30 վայրկյանանոց հեղափոխությունը կատարել ու գնացել է: Անշուշտ, կատարել է ամենակարեւորը, իսկ ամենացանկալին այդ հեղափոխական նշումը քվեաթերթիկի վրա տեսնելն է, որի համար ամիսներ շարունակ ճիգ ու ջանք են թափել: Թիվ 9/23 ընտրատեղամասում ճիշտ 20:00-ին փակվեցին դռները, հանձնաժողովականները ծանր ու վաստակած արտաշնչեցին. ավարտվեց ամենակարեւորը՝ քվեարկությունը, եւ խորը շունչ քաշեցին՝ պատրաստվելով ամենացանկալիին՝ արդյունքների ամփոփմանը: Արդյո՞ք մտքում հաշվածն ու քվեաթերթիկներին նշվածը համապատասխանում են իրար, քանի որ նրանցից ամեն մեկը մտքով պատկերացնում է, թե որքան ձայն է ստացել իր կուսակցությունը, մնում է իրականում տեսնել: Իսկ հանձնաժողովի նախագահը, մինչեւ այդ երջանիկ պահը պարգեւելը, որոշակի պարտականություններ ունի կատարելու: Նախ մինչեւ բացելը կնքում է քվեատուփերի ճեղքերը, հետո հանձնաժողովի անդամները մատյանում ստորագրում են իրենց անվան դիմաց, ապա կնիքներն են ծրարում, չքվեարկած թերթիկները մարում եւ նման պարտադիր ձեւականություններ:



Այդպես անցնում է մոտ երկու ժամ, իսկ թե վստահված անձերն ինչքան կիլոկալորիա էներգիա են կորցնում, իրենք էլ չեն կարող ասել: Հատ-հատ հանում են կնքված ծրարներն արկղից, բացում ու կարդում նշված կուսակցության անունը: Ամենախեղճն ու համբերատար սպասողը Կոմկուսի վստահված անձն էր՝ ակնոցով մի տարեց մարդ, իսկ մինչ այդ Հանրապետականի սպիտակ վերնաշապիկով ու փողկապով վստահված անձը լավ նվեր էր մատուցել, թե 20 ձայն ունեք: Ասում է՝ խեղճից խեղճն էլ կա՝ Դեմկուսն էր, որ վերջում պարզվեց՝ 3 ձայն է ստացել: Բայց մի շտապեք. դրանից խեղճն էլ կար՝ Միավորված հայերը՝ ընդամենը մեկ ձայն: Այ, վստահված անձ եմ ասել՝ Հանրապետականինը, հպարտ, հայացքը հառած դեպի պածառ ապագան, իսկ թե ինչ էր տեսնում այնտեղ, ոչ ոքի չասաց:



Իսկ «Բարգավաճինը»՝ ինքնավստահ, կերած-խմած, մարաթոնյան վազքում հաղթողի տեսքով, ո՞վ կարա հետը մրցի: Ոտքի վրա կանգնած՝ օդից էր տանում նշված քվեաթերթիկները եւ ամեն տանելուց թղթի վրա նշում՝ 1, 2, 3... այդ ամբողջ ընթացքում Հանրապետականի վստահված անձի հայացքը կամաց-կամաց պայծառ ապագայից իջնում-իջնում էր ցած եւ ի վերջո խոնարհվեց տխուր ներկային: Հատկապես, երբ «Բարգավաճի» վստահված անձն ասաց՝ 8 հատ էլ հանես, 300-ը կլրանա, մարդը փոխարենը 307-ը լրացրեց, իսկ այդ պահին պարզվեց, որ հպարտ Հանրապետականը, որ արդեն պայծառ ապագայից տխուր իրականությանն էր նայում, 223 ձայն է հավաքել: Իսկ այ, կոմունիստների հարցում պայծառ էր գուշակել եւ գրեթե չէր սխալվել՝ 18 ձայն:



Իսկ մյուս վստահված անձերը, ինչպես ասում են, իրենց վերմակի չափով էին ոտքները պարզել. «Ժառանգությունը»՝ 123 ձայնի չափով, ՕԵԿ-ը՝ 118, Կոնգրեսը՝ 112, Դաշնակցությունն էլ՝ 49: Այնպես որ, ասպարեզը պայծառ ապագայինն էր ու մարաթոնյան վազքինը:



Ֆելիքս  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ