Սարգսյանը փողոցը գերադասեց խորհրդարանից

Սարգսյանը փողոցը գերադասեց խորհրդարանից
Երեկ հայտնի դարձավ այն, ինչ հայտնի էր դեռեւս երկու ամիս առաջ. Վազգեն Սարգսյանի եղբայր եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է վերցնել պատգամավորական մանդատը, որը նրան բաժին էր հասնում ՀԱԿ-ի կողմից 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու արդյունքում: Ի տարբերություն նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սարգսյանը չասաց, թե իրեն վայել չէ լինել խորհրդարանում, նա ընդամենը իր քայլը բացատրեց նրանով, որ չի ուզում լինել խորհրդարանական ընդդիմություն, այլ գերադասում է լինել փողոցում, քանի որ հասարակության 90 տոկոսը փողոցում է: «Դուք դա դեռ կտեսնեք»,- սպառնացել է Արամ Սարգսյանը:Երեկ տարածած իր հայտարարության մեջ Սարգսյանն ասել է, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու է ՀԱԿ-ի հետ հնարավոր ձեւաչափը եւ չի բացառել, որ «Հանրապետությունը» դուրս կգա ՀԱԿ-ից: Կարող ենք վստահաբար պնդել, որ դա հենց այդպես էլ կլինի, քանի որ այս կուսակցության ակտիվը ՀԱԿ-ի եւ նրա ակտիվի հետ ավելի մեծ տարաձայնություններ ունի, քան նույնիսկ ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականների հետ նախընտրական ժամանակաշրջանում:



Սարգսյանն ասել է, որ անցած ժամանակահատվածում իրենք տարաձայնություններ են ունեցել ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ ներքաղաքական առումով «Հանրապետությունը» դեմ է եղել ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին արվող ռեւերանսներին, որը վերջին շրջանում վերածվել էր անթաքույց քծնանքի, իսկ արտաքին քաղաքականության մեջ Սարգսյանն իրեն համարում է արեւմտամետ, ՀԱԿ-ի ղեկավարությանն էլ մեղադրում ռուսական կողմնորոշում որդեգրելու մեջ:



Մնում է միայն զարմանալ, թե ինչի համար էր այս ամբողջ թատրոնը, երբ Սարգսյանը մտավ ՀԱԿ համամասնական ցուցակ, իսկ հետո հրաժարվեց մանդատը վերցնել: Եթե տարաձայնություններն այդքան խորն ու համակողմանի էին, ավելի ճիշտ չէ՞ր լինի դա անել ընտրություններից առաջ: Սարգսյանն ակնարկել է, որ դա արել է ՀԱԿ-ի «ձայները չպակասեցնելու» համար: Ստացվում է, որ Սարգսյանի մեծահոգության շնորհիվ է միայն, որ ՀԱԿ-ը հաղթահարել է 7 տոկոսանոց արգելքը, եւ ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը, այլեւ ՀԱԿ մյուս մանդատավորները պետք է երախտապարտ լինեն Սարգսյանին:



Ընդհանրապես Սարգսյանը սիրում է, երբ իրեն երախտապարտ են լինում. 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ էլ նա առաջադրվեց, բայց հանեց թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի: Հետո նույնատիպ անհաղթահարելի տարաձայնություններ ունեցավ Դեմիրճյանի հետ եւ նրա հետ միասին պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ու մտավ նրա ստեղծած ՀԱԿ:



Այսքանից հետո պարզ է մի բան. ՀԱԿ-ը, որպես միասնական կառույց, այլեւս գոյություն չունի, եւ ճիշտ կլինի, որ դրա մասին հայտարարվի հրապարակայնորեն: Գոյություն չունի ոչ թե այն պատճառով, որ այդ կառույցին անդամակցող 18 կուսակցություններից առնվազն 10-ն արդեն լքել են այդ կառույցը, իսկ մյուսները, ինչպես օրինակ Պետրոս Մակեյանը, ավելի արմատական են քննադատում ՀԱԿ-ին, քան նույնիսկ Հմայակ Հովհաննիսյանը ՀՀԿ-ին, այլ որովհետեւ այդ կառույցը կորցրել է իր հետեւորդների մեծ մասին, այսպես ասած՝ հասարակական հենարանը: ՀԱԿ-ի շուրջ համախմբվել էին մարդիկ, ովքեր ձգտում էին երկրում հասնել արմատական, հեղափոխական փոփոխությունների:



Հիմա արդեն պարզ է, որ ՀԱԿ-ն ի զորու չէ լուծել այդ խնդիրը, եւ այն մարդիկ, հասարակության այն շերտերը, որոնք ՀԱԿ-ից նման ակնկալիք ունեին, այլեւս չունեն: Որպես հետեւանք՝ 18 ուժերից կազմված ՀԱԿ-ից խորհրդարան անցան միայն 2,5 կուսակցության ներկայացուցիչներ: Ինչու կես, որովհետեւ ՍԴՀԿ ատենապետի լիազորությունները պետականորեն չեն ճանաչվում:



ՀԱԿ ներկայիս լիդերներից շատերը 2003թ. նախագահական ընտրություններից հետո ծաղրանքով էին խոսում եւ գրում այն ժամանակվա նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի մասին, ով ասել էր, որ ինքը մերժում է պայքարի հեղափոխական ճանապարհը, գնում է սահմանադրական ճանապարհով: Հիմա Դեմիրճյանն իր կողմից բացված ճանապարհով տանում է ՀԱԿ-ին, հաստատ իմանալով, թե իրենք ուր են հասնելու:



Արամ Սարգսյանը մյուս շաբաթ հաստատապես կհայտարարի, որ դուրս է գալու ՀԱԿ-ից, ինչը կնշանակի, որ չի ցանկանում գնալ նրանց հետ: Բայց թե ուր է գնալու նա, հայտնի չէ: Հնարավոր է նա փնտրում է մեկին, ում պետք է պաշտպանել հերթական երախտագիտության դիմաց:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ