Նիստերին հաճախելը պարտադիր է

Նիստերին հաճախելը պարտադիր է
Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը շատ խիստ է դրել ապագա խորհրդարան հաճախելիությունների հարցը: Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու: Բացի այդ, պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն ԱԺ նիստերին, այլեւ քաղաքական ակտիվություն դրսեւորեն, հանդես գան նախաձեռնություններով եւ ելույթներով: Ներքաղաքական կյանքում հիմա բավական անորոշ վիճակ է, եւ մարդիկ փորձում են զբաղվել գուշակություններով՝ ինֆորմացիայի բացը լրացնելու համար: Հենց այդպիսի գուշակությունների առիթ են տվել նախագահի զգուշացումները խորհրդարան հաճախելու վերաբերյալ:



Որոշ պատգամավորներ սկսել են ենթադրել, որ եթե իրենց հաճախելիության հարցն այդքան խիստ է դրվում, կնշանակի, որ իրենք կոալիցիա չեն կազմելու եւ ստիպված են լինելու սեփական ուժերով քվորում ապահովել:  ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն՝ 69 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 մարդու ներկայություն եւ գրանցում: Բայց պետք է նկատի ունենալ, որ խորհրդարանականները լինում են գործուղումների մեջ, եւ միշտ չէ, որ հնարավոր է բոլորին միաժամանակ հավաքել խորհրդարանում:



Բացի այդ, խորհրդարան անցած որոշ ՀՀԿ-ականներ հիմնականում բնակվում եւ տնտեսական գործունեություն են ծավալում արտասահմանում եւ խիստ անհրաժեշտության դեպքում են միայն գալիս Հայաստան: Օրինակ, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը, Սեդրակ Սարոյանը, Վրեժ Մարկոսյանը եւ ուրիշներ:



Ի՞նչ պետք է անեն նրանք. արդյո՞ք հանուն պատգամավորական գործունեության պետք է մի կողմ թողնեն իրենց արտասահմանյան շրջագայություններն ու գան ԱԺ՝ քվորումի հարց լուծելու համար: ՀՀԿ-ին չի կարող էական օժանդակություն ցույց տալ նաեւ 5 հոգանոց ՕԵԿ խմբակցությունը:



Եթե ՀՀԿ-ականները պարտաճանաչ չմասնակցեն ԱԺ նիստերին, գոնե՝ գրանցմանը, ապա ՀՀԿ-ի համար իսկապես ծանր ժամանակներ կստեղծվեն: Բայց սա մի կողմից չափազանց դրական երեւույթ է. ի վերջո այն մարդիկ, ովքեր միլիոններ են ծախսում եւ իրենց կոտորում խորհրդարանում հայտնվելու համար, կմտածեն, որ պատգամավորական մանդատը որոշակի պարտավորություններ է ենթադրում ու իրենց անձնական ազատության սահմանափակում:



Եվ հաջորդ անգամ ավելի խորը եւ հանգամանալի կվերլուծեն՝ արժե՞ դառնալ պատգամավոր, թե՞ այդ գործն ավելի լավ կլինի թողնել նրանց, ովքեր ոչ թե պարտադրանքով, այլ հաճույքով են պատրաստ զբաղեցնել այդ տեղը: