Որտեղ է վերջանում պետությունը

Որտեղ է վերջանում պետությունը
Կայքերից մեկը հարց է հնչեցրել՝ «Ո՞ւր է պետությունը Ծառուկյան-Պալաչ մրցավեճում»: Առաջին հայացքից շատ պարզ ու հասկանալի հարց՝ ո՞ւր է օրենքը, որով պիտի կարգավորվեն այս կարգի վեճերը: Պարզվում է, սակայն, որ հարցի տրամաբանությունն անմիջապես փոխվում է, երբ «օրենք» բառը փոխարինում ես «պետություն» բառով: Բանն այն է, որ Հայաստանում ոչ ոք չգիտի, թե ուր է պետությունն ընդհանրապես, իսկ ինչ վերաբերում է օրենքին, ապա օրենքներ, ինչքան ուզեք, կան, դեռ մի բան էլ ավելի, քան պետք է:



Եվ, այնուամենայնիվ, փորձենք շարունակել կայքի հնչեցրած խիստ շահավետ հարցի քննարկումը, որովհետեւ մեր պետությունը բացակա է ոչ միայն ավտոբուսային երթուղիների կարգավորման, այլ նաեւ շատ ավելի կարեւոր հարցերում, որոնց համեմատ Ծառուկյան-Պալաչ մրցավեճը երեխայական չարաճճիություն կարող է թվալ եւ կամ քավոր-սանիկական անկապ քմահաճություն:



Ո՞ւր է պետությունը Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում: Օրենքն այս դեպքում էլ կարծես կա, բայց ինչո՞ւ են մեր սահմանները պաշտպանում ուրիշները, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ են մեր սահմանները պաշտպանում այնպես, ինչպես իրենց է հարմար: Կարող են մեզ ասել՝ Հայաստանը դեռ թույլ է, եւ այդ պատճառով էլ դիմել ենք ստրատեգիական գործընկեր պետությանը՝ պաշտպանելու մեր պետական սահմանը:



Очень заманчиво звучит, էլ ի՞նչ դարդ ունենք: Մենք այնքան ենք սովորել Ռուսաստանի ներկայությանը, որ եթե հանկարծ ռուսները մի օր գնան, երեւի աղմուկ բարձրացնենք՝ բա ո՞ւր փախավ այդ ստրատեգիական գործընկեր պետությունը: Սա նրանից է, որ մենք չենք կարողանում հասկանալ մի պարզ բան, որ յուրաքանչյուր պետություն իր սեփական խնդիրներն ունի, իր քաղաքականությունը, իր վարքը: Հետեւաբար, Ռուսաստանն այստեղ է, որովհետեւ իր խնդիրներն ունի այստեղ, եւ այստեղ չի լինի, եթե այդ խնդիրներն այլեւս չունենա:



Որտե՞ղ է մեր պետությունն օտարերկրյա ներդրողներին Հայաստանով հրապուրելու գործում: Դարձյալ բացակա է: Պետության ֆունկցիան այս դեպքում իրենց վրա են վերցրել երկուսը՝ նախագահ Սարգսյանն ու վարչապետ Սարգսյանը: Եթե շատ թե քիչ հայտնի մի գործարար, արաբական էմիր սփյուռքահայ մեծահարուստ կամ մի որեւէ փողի տոպրակ որոշում է գործ դնել Հայաստանում, անմիջապես հյուրընկալվում է կամ նախագահի, կամ վարչապետի մոտ եւ նրանց համաձայնությունն ու երաշխիքներն ստանալուց հետո միայն ձեռնարկում իր հետագա քայլերը: Մինչդեռ այդ գործարարն ընդամենը պիտի ձեռքն առներ Հայաստանի օրենսդրությունն ու փորձեր հասկանալ, թե ինչ հեռանկարներ կարող է իր համար բացել հայկական բիզնես միջավայրը:



Բայց, քանի որ նրանք էլ գիտեն, որ Հայաստանում իսկական օրենքը Նաջարյանի ասածն է, ուղիղ վազ են տալիս «Նաջարյանների» մոտ: Վերջիններս են, իհարկե, որոշում, թե ինչով զբաղվեն օտարերկրացիները, որ հանկարծ չվնասեն իրենց սիրելի օլիգարխներին ու մենաշնորհվածներին, որ սրանք հանկարծ տակ չտան օտարերկրյա մի «անհաջող» ներդրման արդյունքում: Սրան հակառակ՝ մեր որոշ ոլորտներ ուղղակի անպաշտպանվածության աստիճան բաց են օտարների առաջ: Օտարներին լավագույն մասնագետնե՞ր են պետք, խնդրեմ, գիտնականնե՞ր՝ ինչքան ուզեք, Եհովայի վկա՞ է պետք՝ հարց չկա, գեյ ու լեսբի՞, անտեր հեռուստատեսությո՞ւն, դպրո՞ց, բո՞ւհ՝ ոչ մի դժվարություն: Փողին մուննաթ, ինչպես ասում են, վճարեք եւ ինքներդ կպատվիրեք երաժշտությունը: Խնդրեմ, սա էլ օրենքը՝ մենք ազատ երկիր ենք:



Բանն էլ հենց այն է, որ ազատ երկիր ենք, օրենքներ ունենք, բայց պետություն չենք: Պետություն չենք, որովհետեւ այդ օրենքը խախտողի ձեռքը չենք կարողանում բռնել, չենք կարողանում նրան ուղիղ ճանապարհի բերել, որովհետեւ օրենքը շրջանցողի տված փողը մեզ շատ է պետք՝ թոշակ կա, նպաստ կա, աշխատավարձ կա տալու, ընտրակաշառք կա տալու, որ իշխանության վերարտադրություն լինի, արտաքին պարտքի տոկոս կա մարելու, եւ այսպես շարունակ:



Մենք, ըստ երեւույթին, շատ ենք ուշացել հասկանալու համար, որ այսպես շարունակել չի կարելի: Տպավորությունն այնպիսին է, որ հայտնվել ենք գերժամանակակից լվացքի մեքենայի թմբուկի մեջ ու տրվել ենք նրա տարբեր ռեժիմների պտույտներին՝ արագ, դանդաղ, դեպի հետ, դեպի առաջ, լվացում, ցայում, մզում: Վերջում, հավանաբար, մի հոգատար ձեռք մեզ կհանի պտտվող թմբուկի միջից ու կփռի պարանին՝ չորանալու: Ու եթե հանկարծ պարանից կախվածներիցս մեկը հարցնի՝ իսկ ո՞ւր է ձեր պետությունը, կամ շվարած շուրջներս ենք նայելու՝ եսի՞մ,  կամ էլ հայացքներս ուղղելու ենք մեզ հետ նույն պարանից կախված թանկարժեք կոստյումների շարքին՝ գուցե նրա՞նք են…



Չորանալուն զուգահեռ, այնուամենայնիվ փորձենք հասկանալ՝ որտե՞ղ է պետությունը Ծառուկյան-Պալաչ մրցավեճում: Պետությունն այս պահին մեր սպառողական հոգեբանության մեջ է: Մենք աղքատ ենք ու պահանջում ենք անվճար տրանսպորտ: Մենք անվճար կոնյակից ու ցեմենտից էլ չէինք հրաժարվի: Մենք ժամանակին ժամկետանց ձեթից, լոբուց ու ոսպից, որդնած ալյուրից էլ չենք հրաժարվել: Մրգի այս սեզոնին անվճար շաքարավազից կհրաժարվեի՞նք: Մեզ այսպիսին դարձնողը մեր պետությունն է: Նա այնքան հրաշալի օրենքներ ունի, բայց ամաչում է հրապարակ գալ, որովհետեւ ձեռքը չի գնում մեզ այնքան թոշակ ու աշխատավարձ տալ, որ այդ ամենի համար վճարենք: Երբ խոսում ենք, որ տեղներս նեղ է, պետությունը մեզ ասում է՝ հարեւանից պարտք արեք, ձեր սփյուռքահայ բարեկամներից խնդրեք: Ասում ենք՝ գազը թանկ է, խիղճ ունեցիր, մեզ վրա ծիծաղում է՝ դուք էլ աթար վառեք: Ճարներս ինչ, վառում ենք: Բայց քանի որ թերթն էլ է թանկ ու հաճախ ձեռքներս չի ընկնում, աթարը կպցնելու համար պետությունից մի կտոր պոկում-դնում ենք տակը՝ որպես կպչան: Ու այդպես պետությունը սպառվում է:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ