Սարսափելի հետագիծ

Սարսափելի հետագիծ

Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահը 2020 թվականն էր, երբ պատերազմում պարտությունից հետո ողջ երկիրը, բոլոր համակարգերը միաբերան պահանջում էին նրա հրաժարականը: Բոլոր նախկին նախագահներն ու վարչապետները, զինվորականներն ու գիտնականները, կաթողիկոսներն ու խոշոր բիզնեսմենները, հազարավոր մանկավարժներ, բժիշկներ, սփյուռքահայեր մի բառ էին կրկնում` հրաժարական: Իր թիմը ճաք էր տվել` պաշտոնյաներ էին հրաժարական տալիս, պատգամավորներ էին մանդատները վայր դնում: Սակայն մարդը հրաժարվեց կատարել մի ողջ ժողովրդի պահանջ, եւ ատամներով պահեց աթոռը:  Մի կարճ շրջան անհետանալուց հետո Փաշինյանը հայտնվեց ու ինչ-որ ճանապարհային քարտեզ հրապարակեց` 6 ամիս ժամանակ խնդրելով հասարակությունից եւ համոզելով, որ կկարողանա հարթել իրավիճակը, խաղաղություն բերել, բանակցություններ վարել, երկիրը զարգացնել:

Ապա սկսեց մեկ առ մեկ ոչնչացնել դիմադրության օջախները: Իսկ 6-7 ամիս անց գնաց արտահերթ ընտրությունների եւ մուրճով ու հայհոյանքով, խաբելով ու համոզելով՝ կորզեց ժողովրդի քվեն: Տարիներն անցան, պարզվեց, որ վարչապետի աթոռը կյանքի գնով պահպանած անձը ո՛չ խաղաղություն կարողացավ հաստատել 4 տարում, ո՛չ Արցախի մնացորդը պահպանել, ո՛չ Հայաստանի անվտանգության հարցը լուծել, ո՛չ բանակը վերականգնել, ո՛չ բանակցություններ վարել, ո՛չ դաշնակիցներ գտնել, ո՛չ էլ նույնիսկ Ալիեւի ու Էրդողանի հետ լեզու գտավ. հայ-թուրքական սահմանը փակ է, ինչպես առաջ, Ալիեւը նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում, այս անգամ՝ Հայաստանից, անգամ Բաքվի բանտերում տառապող մեր գերիներին չի կարողանում ազատել: Տարիներ առաջ կորցրինք Գորիս-Կապան մայրուղին, հիմա Վրաստան գնացող ճանապարհն է վտանգված: Իսկ ձախողված ՔՊ-ն ու նրա առաջնորդը հեռանալու մտադրություն չունեն: