Տարանջատեք ընդդիմադիր եւ իշխանական դաշտը

Տարանջատեք ընդդիմադիր եւ իշխանական դաշտը
Մամուլում շրջանառվող նյութերը՝ ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ, հակադարձ հարց են առաջացնում.  ո՞ւմ է որպես ընդդիմություն ընկալում ժողովուրդը: Գագիկ Ծառուկյանի՞ն… Աստված սիրեք, այդ երբվանի՞ց է իշխանության մաս կազմող քաղաքական ուժը կոչվում ընդդիմություն: Դաշնակցությա՞նը… Միշտ էլ եղել է կոալիցիայի կազմում՝ որպես իշխանական թեւ: Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն… Առաջին նախագահի շռնդալից մուտքը քաղաքական դաշտ եւ ավազակապետության դեմ պայքարի կոչերը հույս ներշնչեցին ժողովրդին, բայց նույն շռինդով հիասթափեցրին նրան: «Ժառանգությա՞նը»… դա էլ անհուսալի ու իշխանությանը մոտ կանգնած ուժ է համարվում: Նման պարագայում շրջանառության մեջ դնել «ընդդիմության միասնական թեկնածու» տերմինը… ներմուծված ու սառը հաշվարկ է: Առաջին հայացքից քաղաքական այս ուժերն իրենց բովանդակային իմաստով հավասարեցվել, համահարթեցվել են:



Վերջերս համահարթեցման նման դեպքի հանդիպեցի: Եվրոպայում կատարելագործման էին ուղարկել բարձր որակավորում ունեցող մի անձի եւ որակավորում չունեցող մի քանի հոգու: Վերջիններս աշխատատեղում նույնիսկ հրամանագրված չէին: Վերադառնալուց հետո որակավորում չունեցողներին կարգով հավասարեցրել էին բարձր որակավորում ունեցողի հետ, իսկ նրան թողել էին ստարտային կարգավիճակում: Համահարթեցվել էին, որպեսզի բարձր որակավորում ունեցողը պահանջ չներկայացնի, ու պաշտոնը տրվի նրան, ում նախատեսել էին… Նույն վիճակն է՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» իրենց ընդդիմադիր կեցվածքով հավասարեցվել են «Բարգավաճին»:



ՀԱԿ առաջնորդը, մոռացության մատնելով ժողովրդական հզոր ալիքը, դարձել է «Բարգավաճի» կցորդը եւ սազանդարը: Ժողովրդական պոռթկուն ու ինքնաբուխ շարժումը մտցվել է իշխանության վերահսկողության տակ՝ «Բարգավաճի» հայրական լայն թեւի ներքո: Չեմ հավատում, որ ՀԱԿ-ի խորաթափանց առաջնորդը ԲՀԿ-ին այլընտրանք է տեսնում: Չգիտեմ ինչու՝ առավել հավանական եմ համարում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է իրեն հավատացնել, որ «Բարգավաճի» ձեռքերով կարող է իշխանությունը փոխանցել ժողովրդին: «Իրեն հավատացնել», որովհետեւ անկախության հիմնադիրը չի կարող նման կախյալ մտքեր ունենալ: Ինչպե՞ս կարող է նա անտեսել այն իրական վտանգը, որ իշխանության կողմից «Բարգավաճը» ներմուծվել է քաղաքական դաշտ, որպեսզի ընդդիմությունը սեփական թեկնածու չունենա:



«Բարգավաճը»  Քոչարյան-Սարգսյան եռյակի մեջ է, նրանք են ստեղծել ու շարունակում են գործի դնել այս  կուսակցությանը: Առաջին նախագահը զգայական հարթությունից պետք է անցում կատարի գիտակցվածին… Այլ բան է, եթե նա ինչ-ինչ պատճառներով ետ է կանգնել իր որդեգրած քաղաքականությունից ու խաղում է «անհավես»: Եթե անգամ առաջին նախագահը դառնա «ընդդիմության» միասնական թեկնածուն (0 հավանականություն), ապա նա ոչնչացվելու է եռամիասնության ձեռքով…  Ընդդիմությունն այլեւս որպես ընդդիմություն չի ընկալվում ժողովրդի կողմից: Այն ամորֆ մի զանգված է, որը չունի սեփական դեմք… Խոսել ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ, պետք է խորհել՝ ո՞ւմ դեմ են գնում, որովհետեւ, համակարգային աղետի մի գլուխը ոչնչացնելով եւ պահելով մյուսը, իրավիճակ չի փոխվի… Միասնական թեկնածուի մասին խոսելուց առաջ պետք է ընդդիմություն լինի: Այդ դաշտը դարձել է նույն իշխանական դաշտը:



Հարկավոր է աշխատել դուրս գալ եւ տարանջատել ընդդիմության եւ իշխանության դաշտերի իրական սահմանները:



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ